#բռնության_ձայնը․ Հայաստանը խոսում է սեռական բռնության մասին

Հունիսի 29-ին «Հետքում» հրապարակված չեխ աղջկա՝ Էվայի մասին պատմությունը սեռական բռնության վերաբերյալ թեժ քննարկումների առիթ է դարձել հայաստանյան հանրության մեջ։ Հայկական ֆեյսբուքում հայտնի բլոգեր Լյուսի Քոչարյանը #բռնության_ձայնը հեշթեգով հրապարակում է իրական մարդկանց անանուն պատմություններ՝ կապված սեռական բռնության ենթարկվելու սարսռեցնող դեպքերի հետ։ Նրա խոսքերով արդեն երկու օրվա ընթացքում ստացել է 200-ից ավելի նամակ։

Ցավալի է, բայց առավել մեծ մտահոգության տեղիք են տալիս ոչ թե սեռական բռնության ենթարկվելու մասին ահասարսուռ պատմությունները, այլ այս խնդրի շուրջ հանրության որոշ շերտերի վերաբերմունքն ու հնչող արդարացումները։ Հատկանշական է, որ սեռական բռնության զոհերը երկար տարիներ լռել են հենց հանրային կարծիքից վախի պատճառով, ենթադրելով, որ հանրությունը հենց զոհին է մեղադրելու (victim blaming)։ Արդյունքում զոհերի մեծ մասը ձեռք է բերել սեռահոգեբանական լուրջ ու խորը խնդիրներ։

Կոնկրետ Էվայի հետ պատահած դեպքը վկայում է այն մասին, որ հայաստանյան հասարակության մեջ արմատավորված են արատավոր կարծրատիպեր, որոնք անչափ խոցելի են դարձնում մարդկանց ու հատկապես՝ կանանց ու աղջիկներին, սեռական ոտնձգությունների հանդեպ։ Ավելին, հանրության շրջանում գոյություն ունեցող կարծրատիպերը ոչ միայն պատշաճ կերպով չեն զսպվում օրենսդրությամբ, այլև որոշ դեպքերում այդ կարծրատիպերը, այսպես ասած, ընդունվում են գործող օրենքներով։

Եվրոպայի խորհրդի՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի տեսանկյունից ՀՀ օրենսդրության վերլուծությունը, մասնավորապես, ի հայտ է բերում այս ոլորտում առկա լուրջ բացթողումներ։ Օրինակ՝ թեև կոնվենցիան հստակ արգելքներ է սահմանում կանանց նկատմամբ բռնության՝ պատմականորեն օգտագործված արդարացումների համար, ՀՀ օրենսդրությունը այնուամենայնիվ, նախատեսում է որոշ մեղմացնող հանգամանքներ՝ հղում կատարելով տուժողի կողմից ցուցաբերված դրդող վարքագծին (ՔՕ 62-րդ հոդված):

Ուշագրավ են նաև կանանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ «Խոսելով կանանց հետ ընտանեկան բռնության խնդրի շուրջ» հետազոտության արդյունքները։ Համաձայն դրանց, Հայաստանում ընտանիքներում բռնության ենթարկվող կանայք որպես այդպիսին են համարում հիմնականում ֆիզիկական բռնությունը, այլ կերպ ասած՝ ծեծը, իսկ սեռական բռնությունները՝ բռնաբարությունները, չեն ընկալվում որպես գործադրվող բռնություն։

Նույն հետազոտության մեջ նշվում է, որ Հայաստանում բռնության ենթարկված կանանց միայն 6․8 տոկոսն է դիմում իրավապահներին։ Հիմնական խնդիրը՝ հանրության կողմից պարսավանքից խուսափելն է։ Առավել մտահոգիչ է, սակայն, որ ոստիկանություն չդիմելու համար կանանց հիմնավոր փաստարկներից է ինքնին ոստիկանության՝ իբրև բռնության պատրոնաժ իրականացնող հաստատության (կոռուպցիոն կամ այլ կապերի միջոցով) և ոստիկանների՝ իբրև «նույն տղամարդկանց» մասին պատկերացումը և նրանց հանդեպ անվստահությունը, ինչը և ստիպում է բռնությունից տուժած կանանց վախենալ ոստիկաններից։

Ցավալիորեն, Էվայի հետ կապված պատմությունը ասես կետ առ կետ անցնում է Հայաստանում կանանց նկատմամբ խտրականության, արատավոր կարծրատիպերի, օրենսդրական բացերի ամենացավացող կետերով և ի ցույց դնում այս ոլորտում ՀՀ իշխանությունների և հանրության անելիքները։

Ուշագրավ է, որ թեմայի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշում է, որ Հայաստանում կանանց նկատմամբ բռնությունը սկսվում է դեռ ներարգանդային կյանքում, երբ մայրը կամ հայրը սկսում են մտածել հղիությունը ընդհատելու մասին, քանի որ պտուղը իգական սեռի է։ «Հետո այդ բռնությունը շարունակվում է սեփական աղջիկ երեխաներին տղա երեխաներից տարբերակելով, վերջիններիս ամեն բան թողնելով, մյուսներին արգելելով։ Բռնությունն այդ սնում են հենց զոհերի ծնողները, որոնք դեռ մանկուց ճնշում են արտահայտվելու և պաշտպանվելու նրանց իրավունքը»,- գրում է Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ պետությունը մեծ անելիք ունի ընտանեկան և սեռական բռնության կանխարգելման և բռնության զոհերի պաշտպանության, բռնարարներին արժանի պատժի ենթարկելու, կանանց դերը բարձրացնող կրթություն ու դաստիարակություն տալու, երեխաներին պաշտպանվելու համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով օժտելու հարցում։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Առնչվող