Կրթության ոլորտի խնդիրները և լուծումները

Առաջարկությունների փաթեթի նախագիծ

Կրթությունն ամենաշատ շահառուներ ունեցող ոլորտներից մեկն է: Անցնող տարիների ընթացքում այս ոլորտը մեծապես օգտագործվել է քաղաքական ու տնտեսական նպատակներով՝ ծառայելով օրվա իշխանություններին: Հարդյունս տուժել են կրթական իրավունքը, որակը և հասարակության կարևորագույն սոցիալական բաղադրիչը: Համակարգի նկատմամբ ունեցած բացարձակ վերահսկողությունն իշխանություններին հնարավորություն է տվել պարբերաբար այն կիրառել քաղաքական ու անառողջ նպատակներով: Ոլորտում հիմնովին տեղ են գտել փչացածությունը (կոռուպցիա), կրթության բովանդակության խեղաթյուրումը, անբարեխիղճ կառավարումը, հավասար ու որակյալ կրթության անհասանելիությունը, ռեսուրսների անարդյունավետ բաշխումը, որակյալ կադրերի բացակայությունը և արտահոսքը ոլորտից, ցածր աշխատավարձերը, կրթության ոլորտի աշխատակիցների ոչ հստակ կարգավիճակը, օրենսդրական դաշտի ոչ բավարար կարգավորումները և մի շարք այլ խնդիրներ:

Վերը նշվածի պատճառով սույն ոլորտը հայտնվել է ճգնաժամային իրավիճակում, որը հնարավորություն է տալիս այն դիտարկել հարմար թիրախ՝ տարատեսակ մոլորությունների, շահարկումների և քաղաքական միավորներ շահելու համար: Արդյունքում խախտվում է որակյալ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը:

Սույն նախագծում տեղ են գտել առաջարկություններ, որոնք, մեր կարծիքով, միտված են ոլորտի մի շարք խնդիրների կարգավորմանը:

Կրթության առանձին օղակներում իրավիճակի հստակ նկարագրի համար անհրաժեշտ է համապարփակ ուսումնասիրություն, որը հնարավորություն կտա հասկանալ ստեղծված իրավիճակը: Ուսումնասիրության ընթացքում կգնահատվեն ոլորտի առաջնային կարիքները, խնդիրները և դրանցից բխող հետևանքները: Առաջարկությունները ներկայացվում են՝ ելնելով առկա իրավիճակի խնդիրներից:

Հանրակրթություն

Բարեփոխել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր ստանալու քննության կազմակերպման, անցկացման կարգը: Բովանդակության մեջ ներառել կիրառելի հմտություններ: Լիազոր մարմնի կողմից մշակել չափորոշիչներ: Մրցութային կարգով հնարավորություն տալ առաջատար հանրակրթական դպրոցներին՝ մասնակցելու հավաստագիր ստանալու հայտ ներկայացրած անձանց վերապատրաստման ամբողջ գործընթացին՝ պատասխանատու լինելով վերապատրաստման որակի համար:

Բարեփոխել հանրակրթական ուսումնական հաստատությունների (ՀՈՒՀ) կառավարման մարմնի՝ Խորհրդի կազմն ու լիազորությունների շրջանակը, սահմանել այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ծնողներին և մանկավարժական համակազմին գործուն և արդյունավետ ազդեցություն ունենալ որոշումների կայացման, այդ թվում՝ տնօրենի ընտրության վրա:

Կիրառել տնօրենի հետկանչի մեխանիզմ: Տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդի առաջարկած Զարգացման ծրագրին ներկայացվող պահանջները դարձնել չափելի: Զարգացման ծրագիրը դիտարկել որպես հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հայտ ներկայացրած անձի հինգ տարիների գործունեության և չափելի արդյունքների նախագիծ, որտեղ հստակ պետք է արտացոլվեն յուրաքանչյուր տարվա համար կատարվելիք աշխատանքները:

Վերանայել Խորհրդի կազմը: Խորհրդի կազմում քվեարկության ձայնի իրավունքով չներառել կառավարության կողմից ներկայացված անդամների, մարզպետարանների, լիազոր մարմնի, ՏԻՄ կողմից ներկայացված անդամների: Առաջարկում ենք Խորհրդի կազմում ներառել դասավանդողների և ծնողների՝ 60/40 հարաբերակցությամբ: Կառավարության, լիազոր մարմնի կամ ՏԻՄ ներկայացուցիչները կարող են ունենալ խորհրդակցական ձայնի իրավունք:

Օրենքով հստակեցնել մանկավարժական աշխատողի կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները: Ներդնել մանկավարժական աշխատողի գործունեության հավաստագիր՝ համապատասխան փոփոխություններ կատարելով ՀՀ Հանրակրթության մասին օրենքում: Այս բարեփոխումը հնարավորություն կտա մի շարք դասընթացների գծով ունենալ որակյալ մասնագետներ: Օրենքի ներկայիս դրույթը, որն առնչվում է մանկավարժի որակավորմանը, հանդիսանում է խոչընդոտ (այն միառժամանակ չի կիրառվում):

Հստակ սահմանել քաղաքական, կուսակցական կամ կրոնական քարոզչության, երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքի, խտրականության կամ բռնության, գնահատականների միջոցով ծնողների և/կամ աշակերտների նկատմամբ ճնշումների գործադրման, անօրինական դրամահավաքների կանխարգելման մեխանիզմները: Բացառել քաղաքական կամ կրոնական քարոզի որևէ միջոց հանրակրթական ուսումնական հաստատություններում:

Օպտիմալացնել վարչական և սպասարկող անձնակազմերը:

«Կրթության մասին» օրենքի համաձայն, «պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից»:

Կրթությանը ծախսերը ՀՆԱ կազմում տարեցտարի կրճատվում են (2018 թ.՝ 2.18%, 2019 թ.՝ 1.99%, 2020 թ.՝ 1.85%):

Անհրաժեշտ է կրթության ոլորտի ֆինանսավորումը բերել օրենքի պահանջի նվազագույնին:

Սովորող-թիվ ֆինանսավորումն ունի բազմաթիվ բացեր: Ստացվում է, որ Երևանում և մարզում աշխատող ուսուցիչները կատարում են նույն բովանդակության, նույն ծավալի և նույն ոլորտի աշխատանք, սակայն ստանում են էապես տարբերվող աշխատավարձեր: Մարզային, քիչ սովորողներ ունեցող դպրոցների պարագայում մանկավարժական աշխատողների համար սահմանել հավելավճարներ՝ մեղմելու տարբերությունները:

Հանրակրթական հաստատությունների ֆինանսավորումը կազմակերպել ուղղակի, առանց միջնորդավորված մարմինների՝ Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների: Էապես նվազեցնել Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների դերը, գործառույթները:

Կարգավորել և հստակ տարանջատել ԿԳՆ, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի լիազորությունները:

Շենքերի պահպանության ծախսերի համար տրամադրվող միջոցների կարգը ենթարկել փոփոխության: Այն այժմ տրամադրվում է ըստ սովորողների թվի՝ մինչև 101, 101-301, 301-501 և 501-ից ավելի:

Մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթները կազմակերպել կենտրոնացված՝ վերցնելով այդ գործառույթը հանրակրթական հաստատություններից: Սա հնարավորություն կտա էապես նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, անազնիվ մրցակցությունը:

Մշակել բովանդակային և կիրառելի հմտությունների նոր մեխանիզմներ վերապատրաստման կենտրոնների համար:

Մանկավարժական աշխատողի համար իրական դարձնել անընդհատ ուսուցումը՝ ձևի ազատ ընտրությամբ, մանկավարժական ձեռքբերումների, նոր հմտությունների ու կարողությունների փոխանցումը:

Մասնախմբերին հնարավորություն տալ դասընթացների ծրագրերի մշակում և կիրառում՝ հիմքում ունենալով պետական չափորոշիչները:

Մանկավարժական աշխատողի աշխատավարձի աճի հիմքում դնել նաև մասնագիտական աճը, նրա կողմից կիրառվող նոր մեթոդները՝ չափելի գործիքակազմով:

2017 թ.-ի ՀՀ Հանրակրթության մասին օրենքի փոփոխություններով միջնակարգ կրթությունը դարձել է պարտադիր: Գործող չափորոշիչները, ծրագրերը չեն համապատասխանում գործող օրենքին: Անհրաժեշտ են նոր չափորոշիչներ՝ դրանց ներկայացվող նոր պահանջներով: Խնդիրը ոչ միայն նոր չափորոշիչների ստեղծումն է, այլ նաև դրանց բովանդակությունը: Չափորոշիչների հիմքում պետք է ընկած լինեն ստեղծական, քննադատական մտածողության ձևերը, որոնք լայն հնարավորություններ կընձեռնեն նախագծային ուսուցում իրականացնելու համար:

Սահմանել դասագրքերի մրցույթների նոր չափանիշներ և մոտեցումներ: Դասագրքերը համապատասխանեցնել 21-րդ դարի մեդիամիջավայրի ընձեռած հնարավորություններին:

Բեռնաթափել դասագրքային նյութը:

Խուսափել հարակից դիսցիպլինների ծրագրերի բովանդակային կրկնություններից: Բեռնաթափել ծրագրերը:

Էապես փոփոխության ենթարկել Հասարակագիտություն, ՆԶՊ, «Ֆիզկուլտուրա»՝ «Ֆիզկուլտուրա և անվտանգ գործունեություն» առարկաներով դասընթացների կազմակերպումը և բովանդակությունը:

Դասընթացների պարտադիր բաղադրիչում ներառել «Մեդիագրագիտություն և մեդիահմտություններ» դասընթացը:

Առնչվող