- 16 Օգոստոսի, 2019
- Ժողովրդավարություն եվ մարդու իրավունքներ
Հետհեղափոխական Հայաստանում իշխանություններից ակնկալվող, թերևս, ամենասպասված գործողությունն ապօրինի ձեռք բերված հարստության վերադարձն է պետությանը։ Այս խնդիրը, սակայն, չափազանց զգայուն է և պահանջում է մի շարք կարևոր որոշումների ընդունում, որոնց համար անհրաժեշտ է հանրային ըմբռնում:
ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի վերաբերյալ հայաստանյան մի շարք հեղինակավոր հասարակական կազմակերպությունների ներկայացրած առաջարկությունների ժողովածուում նշվում է, որ ռազմավարության նախագծի 101-րդ կետի համաձայն առաջնահերթ է լինելու ապօրինի ձեռքբերված գույքը և Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելուն և վերադարձված ակտիվների կառավարմանն ուղղված գործուն կառուցակարգերի սահմանումը և ներդրումը, դրանց միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովումը:
Առաջարկությունների փաթեթի հեղինակները նշում են, որ ակտիվների վերականգնումն առանց մեղադրական դատավճռի ապահովում է առավել օպերատիվություն, քանի որ պետության ջանքերը կենտրոնանում են գույքը փնտրելու, այլ ոչ թե անձին քրեական հետապնդման ենթարկելու և ապացույցներ հավաքելու վրա։
Ակտիվների վերադարձի գործընթացը սահուն և օրինական կերպով իրականացնելու համար, սակայն, անհրաժեշտ են մի շարք գործողություններ և օրենսդրական փոփոխություններ։ Նախ և առաջ, խոսքը գնում է ակտիվների վերադարձման գործընթացի կատարյալ թափանցիկության և հանրության կողմից վերահսկելիության մասին։
Բացի սա, որպեսզի ապօրինի ձեռք բերված հարստության վերադարձը չստանա քաղաքական պիտակավորումներ, որպես ակտիվների վերականգնման ինստիտուտի կիրառման ժամկետ արժե սահմանել 1991 թվականը։
Առաջարկությունների փաթեթում ասվում է նաև, որ պետք է հստակեցվի ակտիվների վերադարձի ինստիտուտի կիրառման շրջանը, մասնավորապես՝ որոշակի գումարից ավելի շատ գումար կամ միջոցներ ունեցող պաշտոնյաներ, ֆիզիկական անձեր և այլն։ Սրա հետ մեկտեղ, այս շրջանակի մեջ մտնող մարդկանց համար պետք է սահմանվեն իրենց և իրենց հետ փոխկապակցված անձանց ունեցվածքի մասին հայտարարագրեր ներկայացնելու պարտավորություններ, ինչպես նաև Քրեական օրենսգրքում պետք է ավելացնել նոր հանցակազմ՝ «Սահմանված գործարքների մասին հայտարարագիր չներկայացնելը»:
Ինչ վերաբերում է այլ օրենսդրական և համակարգային փոփոխություններին, ապա առաջարկվում է ստեղծել կամ առանձնացնել այն իրավապահ մարմինը, որը պետք է զբաղվի գողացված ակտիվների որոնողական աշխատանքներով ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ արտասահմանում, մինչև համապատասխան քրեական գործերի հարուցումը: Միևնույն ժամանակ, հարկավոր է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքներում՝ «Գույքը հօգուտ պետության բռնագրավելու» ինստիտուտը նախատեսելով հատուկ վարույթների շարքում:
Առաջարկվում է նաև սահմանել այն շեմը, որը պետությունն ակտիվների վերադարձի կիրառման արդյունքում նախատեսում է թողնել անձի տրամադրության տակ (օրինակ՝ բացահայտված ակտիվների արժեքի 5%-ը): Դատական վարույթի արդյունքում վերադարձված գույքի որոշակի տոկոսը, սակայն, օրինակ՝ 95%-ը, պետք է ուղղվի պետական գանձապետարան, իսկ մնացածը՝ վարույթն իրականացրած կառույցի բյուջե:
Հարկ է նշել, որ առաջարկությունների փաթեթում հատուկ կետ կա նաև կալանքի տակ առնված գույքի կամ ակտիվների կառավարման մասին։ Մասնավորապես, առաջարկվում է ստեղծել կամ առանձնացնել հատուկ մարմին, որը մինչև «Գույքը հօգուտ պետության բռնագրավման» վարույթի ավարտը կզբաղվի կալանքի տակ դրված գույքի կառավարմամբ՝ օգտագործելով գույքի տնտեսական նշանակությունը և ապահովելով եկամուտ:
Հայաստանում մշտապես շատ է խոսվել և խոսվում ապօրինաբար պետությունից հափշտակված և երկրից դուրս տարված ակտիվների մասին։ Այս հարցը նաև առանցքային տեղ ունի ՀՀ գործող իշխանությունների ծրագրերում։ ՀՀ քաղհասարակության՝ ի դեմս «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, ինչպես նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ներկայացրած՝ հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ առաջարկությունները միտված են մեր երկրում կոռուպցիան կանխարգելելու և արմատախիլ անելու գործընթացը հնարավորինս պատշաճ իրականացնելուն։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։