Կարևոր նախադեպ՝ ընտանեկան բռնության և խտրականության դեմ պայքարի համար

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կայացրած որոշումը կարևորագույն նախադեպ է Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման համար։

Սեպտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տուգանել է «Արմենիա TV» հեռուստաընկերությանը 2019 թվականի օգոստոսի 22-ի եթերում բռնության և կտտանքների ենթարկելու տեսարաններ ցուցադրելու համար։ Տուգանքի չափը կազմել է 500 հազար դրամ։ Տուգանքի մասին որոշումը կայացվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասին համապատասխան։

Խոսքը, մասնավորապես, գնում է «Անհասցե ծնվածները» սերիալից մի դրվագի մասին է, որը Ֆեյսբուքի հայկական տիրույթում տարածվելուց հետո սուր քննադատության էր արժանացել։

Բռնություն

Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ չնայած Հայաստանում ընտանեկան բռնությունը և կնասպանության դեպքերն առանձնակի մտահոգիչ խնդիրներ են, որոնք արձանագրված են մի շարք հետազոտություններով, հայկական հեռուստաալիքների կողմից պատրաստած բազմաթիվ հեռուստասերիալներում տեղ են գտնում նման բազմաթիվ տեսարաններ։

Այնինչ, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ հոդվածի 15-րդ կետը հստակ սահմանում է, որ արգելվում է ակնհայտ բռնություն պարունակող հաղորդումների հեռարձակումը, իսկ խախտման դեպքում պատժվում է տուգանքով։

Խտրականություն

Բացի սա, սակայն, կա նաև «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի, գենդերային անուղղակի խտրականության դրսևորման ձևերից է գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության և մշակույթի միջոցով։ Եվ նույն օրենքի 8-րդ հոդվածում հստակ սահմանված են գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, ըստ որի՝ գենդերային հավասարության խախտմանն ուղղված տեղեկատվությունից, քարոզչությունից հասարակության պաշտպանությունը պետության պարտավորությունն է։

Այլ կերպ ասած՝ բոլոր այն դեպքերում, երբ զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում հեռուստաալիքներով և դրանցով հեռարձակվող հաղորդումներով վերարտադրվում են գենդերային խտրականության դեպքեր, պետությունը պետք է միջամտի և պաշտպանի իր հասարակությանը նման «քարոզից»։

Ուշագրավ է, որ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի իրականացրած «Հայաստանում ընտանեկան բռնությանը բազմաոլորտային արձագանքի տրամադրման առկա պրակտիկայի և նախաձեռնությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված» որակական հետազոտության արդյունքների համաձայն, հայկական հեռուստասերիալները հանդիսանում են ընտանեկան բռնություն հրահրող գործոններից մեկը։

Մասնավորապես, այս ուսումնասիրությունում նշվում է, որ հայկական սերիալների լսարանի մեծ մասը կանայք են, իսկ այդ սերիալներում տղամարդու դրական կերպարը հաճախ ներկայացվում է որպես իշխող, կնոջը որոշումների գործընթացում չներառող, կոնֆլիկտներն ուժի, երբեմն անգամ ծեծի միջոցով լուծող, իսկ կինը՝ որպես հնազանդ, առօրյան սուրճի բաժակի շուրջ անցկացնող և մանր դավադրություններ հյուսող:

Հետազոտության մասնակիցների կարծիքով, քանի որ մեդիան նման կերպարները չի ներկայացնում որպես անընդունելի և անգամ դատապարտելի, այլ հակառակը, արդարացնում է նման մոտեցումը նրանով, թե «մենք արտապատկերում ենք իրականությունը», նույն անընդունելի իրականությունը շարունակվում է վերարտադրվել, հատկապես երիտասարդների շրջանում:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը՝ «Արմենիա TV»-ին տուգանելու վերաբերյալ, անշուշտ, կարող է նախադեպ դառնալ ոչ միայն բռնության ու կտտանքների տեսարանները հայկական հեռուստաեթերից բացառելու, այլև հեռուստատեսության միջոցով գենդերային անհավասարության կարծրատիպերն ամրապնդելու երևույթներն արմատախիլ անելու համար։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Առնչվող