CEPA-ն՝ ի նպաստ քաղհասարակության դերի մեծացման եւ ամրապնդման

Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև 2017 թվականին ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) առանցքային դեր է տրված քաղաքացիական հասարակությանը՝ կողմերի միջև երկխոսությունն ու համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։

ՀՀ և ԵՄ միջև այս համաձայնագրով Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները լրջագույն հնարավորություններ են ստանալու իրենց եվրոպացի գործընկերների հետ համագործակցելու, համատեղ ծրագրեր իրականացնելու և ՀՀ-ԵՄ հարաբերություններն առաջ տանելու համար։

Քաղաքացիական հասարակություն

Բացի այն, որ քաղաքացիական հասարակության դերի մասին հիշատակումներ կան CEPA-ի տարբեր գլուխներում և հոդվածներում, հայ-եվրոպական համաձայնագիրը պարունակում է նաև քաղհասարակությանը նվիրված առանձին հոդվածներ։

Այսպես, պայմանագրի 5-դ մասի 21-րդ գլուխը կոչվում է «Քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը», և 102, 103 և 104 հոդվածներով սահմանվում են ՀՀ և ԵՄ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության նպատակները։

Մասնավորապես, հոդված 102-ում ասվում է, որ կողմերը (ՀՀ-ն և ԵՄ անդամ երկրները) պետք է երկխոսություն հաստատեն քաղհասարակության հետ՝ նպատակ ունենալով ամրապնդելու ԵՄ-ում և ՀՀ-ում քաղաքացիական հասարակության բոլոր հատվածների միջև շփումները և տեղեկությունների ու փորձի փոխանակումը, ամրապնդելու Հայաստանի և հայկական պատմության և մշակույթի ավելի լավ իմացությունը ԵՄ-ում և ապահովելու Եվրոպական Միության ավելի լավ իմացությունը և ընկալումը ՀՀ-ում։

Արդյունքում, համաձայն հոդված 103-ի, քաղհասարակությունը պետք է ներգրավվի ՀՀ և ԵՄ հարաբերություններին, մասնակցի պետական որոշումների կայացմանը պետական ինստիտուտների և քաղհասարակության միջև թափանցիկ և կանոնավոր երկխոսություն հաստատելու միջոցով։ Բացի սա, հոդված 104-ով սահմանվում է, որ այս գլխով նախատեսված հարցերի վերաբերյալ Կողմերի միջև պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։

Քաղաքացիական հասարակության պլատֆորմ

ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 8-րդ մասում, որտեղ ներկայացված են ինստիտուցիոնալ, ընդհանուր և եզրափակիչ դրույթները, հոդված 366-ով (Գլուխ 1) սահմանվում են քաղաքացիական հարթակի հասկացությունները։

Այսպես, հոդված 366-ով նախատեսվում է ստեղծել քաղաքացիական հասարակության հարթակ, որը կլինի հանդիպումների և կարծիքների փոխանակման հարթակ և կազմված կլինի Եվրոպական Միության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, այդ թվում՝ Եվրոպական տնտեսական և սոցիալական հարցերով կոմիտեի անդամներից, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ցանցերի և հարթակների, այդ թվում՝ Արևելյան գործընկերության ազգային հարթակի ներկայացուցիչներից:

Քաղաքացիական հասարակության հարթակում հաջորդաբար նախագահելու են ՀՀ և ԵՄ քաղհասարակությունների ներկայացուցիչները։

Ընդհանուր առմամբ, քաղհասարակության այս պլատֆորմը հնարավորություն է ունենալու աշխատել ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի հետ, որը վերահսկելու և պարբերաբար դիտարկելու է ՀՀ-ԵՄ պայմանագրի կիրարկումը։ Մասնավորապես, քաղհասարակության հարթակը տեղեկացվելու է Գործընկերության խորհրդի որոշումների և առաջարկությունների մասին և, իր հերթին, կարողանալու է առաջարկություններ ներկայացնել Գործընկերության խորհուրդ։ Գործընկերության կոմիտեն էլ, ըստ պայմանագրի, կազմակերպելու է կանոնավոր շփումներ քաղհասարակության հարթակի ներկայացուցիչների հետ։

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լուրջ հնարավորություններ է ընձեռում քաղաքացիական հասարակությանը հետագայում մասնակցել ՀՀ-ԵՄ հարաբերությունների ջատագովմանը և խորացմանը։ Միևնույն ժամանակ, CEPA-ն լավ հնարավորություն է հայաստանյան քաղհասարակության շարունակական զարգացման և ամրապնդման համար։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Առնչվող