ԵՄ ֆինանսավորմամբ քաղաքացիական ծրագրերը՝ հանուն դրական փոփոխությունների

Եվրոպական Միության աջակցությամբ 2019 թվականին Հայաստանում իրականացված «Դրական փոփոխություն` քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի շրջանակում մի շարք քաղաքացիական ակտիվիստներ հնարավորություն են ստացել իրականացնել իրենց ծրագրերը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։

«Գոշ»

Ծրագրի շրջանակներում իրականացված նախագծերից աչքի է ընկնում հատկապես «Գոշ» խաղ-վիկտորինան, որը ներկայացված է հավելվածի տեսքով IOS, Android և Windows օպերացիոն համակարգերի համար։

Խաղը հնարավորություն է տալիս գրաֆիկական գեղեցիկ պատկերների, գրավիչ խաղային սյուժեի և հետաքրքիր հարցերի միջոցով ծանոթանալ մարդու իրավունքներին, իմանալ, թե ինչպես է պետք գործել կյանքում պատահող այն իրավիճակներում, երբ կարող են խախտվել կամ ոտնահարվել մարդու հիմնարար ազատությունները։ Ինչպես նշվում է ծրագրի նկարագրությունում, որի ղեկավարն Արփեն Թադևոսյանն է, իրենց նպատակն է իրազեկել հանրությանը մարդու իրավունքների, արարքների թույլատրելիության սահմանների մասին, որպեսզի մարդիկ կարողանան յուրաքանչյուր իրավիճակում ճիշտ որոշումներ կայացնել ու պաշտպանված լինել, իսկ անթույլատրելի արարքներ չկատարեն:

Ընդդեմ ամուսնական սեռական բռնության

Ի դեպ՝ անթույլատրելի արարքների մասին։ «Դրական փոփոխություն` քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի շահառուները ներկայացրել են նախագծեր, որոնց նպատակը ցավոտ հարցերի շուրջ հանրային ուշադրությունը բարձրացնելն ու խոցելի խմբերին օգնելն է։

Այդպիսի ծրագրերից է «Ազդեցիկ քաղաքացի» հասարակական կազմակերպության կողմից իրականացված սոցիալական արշավը՝ ընդդեմ ամուսնական սեռական բռնության։ Թեման ակտուալ է նրանով, որ թեև չկան ամուսնու կողմից սեռական բռնության ենթարկված կանանց վերաբերյալ ուսումնասիրություններ, այնուամենայնիվ, Հայաստանում լրջագույն խնդիր կա՝ կապված ընտանեկան բռնության ընկալման հետ։ Այս առումով «Ազդեցիկ քաղաքացու» արշավը կարևորվել է նրանով, որ դրա շնորհիվ փորձ է արվել բարձրացնել այս հարցի շուրջ իրազեկվածությունը՝ հաշվի առնելով նաև, որ ըստ Հայաստանում արդեն իսկ գործող՝ ընտանեկան բռնության մասին նոր օրենքի, ընտանիքում բռնության ենթարկված կանայք նույնպես պետք է աջակցություն ստանան պետությունից։

Այս ծրագրի շրջանակներում իրականացվել են հարցումներ, Երևանի մարդաշատ կանգառներում տեղադրվել են իրազեկող պաստառներ, հրապարակումներ են արվել սոցիալական ցանցերում։

Ներառական կրթության ներդրման հարցերը Հայաստանում 

Հայաստանյան հանրության ցավոտ հարցերից է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքի հիմնախնդիրը։ Ինչպես նշվում է «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի դրամաշնորհառու «Գիտակից հասարակություն» ՀԿ զեկույցում, Հայաստանում կա 18 տարեկանը չլրացած շուրջ 71,050 սահմանափակ հնարավորություններ ունեցող անձ: Ներառական կրթություն իրականացնող 203 հանրակրթական դպրոցներում սովորում է շուրջ 4706 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա, սակայն ոչ բոլոր դեպքերում է, երբ այդ դպրոցները բավարարում են ներկայացվող պահանջներին:

Հենց այս խնդիրներին է նվիրված «Գիտակից հասարակություն» ՀԿ նախաձեռնած ծրագիրը, որի շրջանակում ուսումնասիրվել են Երևան քաղաքում ներառական կրթություն իրականացնող 40 դպրոցներ։ Ուսումնասիրության նախնական արդյունքներն արդեն իսկ վկայում են այն մասին, որ ոլորտում առկա է լրջագույն խնդիր՝ կապված, մասնավորապես, ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների համար դպրոցների շինությունների մատչելիության հետ։ Մինչ այս նման ուսումնասիրություն իրականացվել էր 2018 թվականին «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում, որը հնարավորություն էր տվել պատկերացում կազմել այդ հարցում առկա խնդիրների մասին։

Երևանյան 40 դպրոցներում իրականացված ուսումնասիրությունը, իր հերթին, կօգնի ավելի մեծ հանրային ուշադրություն սևեռել խնդրի վրա և հասնել շոշափելի փոփոխությունների։

Վերոնշյալ ծրագրերը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի մի մասն են միայն։ Ընդհանուր առմամբ, ԵՄ աջակցությամբ իրականացվել են 20-ից ավելի երիտասարդական ու լրագրողական ծրագրեր։ Լրագրողական որոշ դրամաշնորհային ծրագրերի կարող եք ծանոթանալ այստեղ։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Առնչվող