Միայն օրենսդրական փոփոխությունները բավարար չեն քրեական ենթամշակույթի դեմ պայքարի համար

Նոյեմբերին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Արդարադատության նախարարության՝ քրեական ենթամշակույթը քրեականացնող օրինագծերի փաթեթը, որը, փաստացի, պետք է դառնա այն գործիքը, որով Հայաստանում պայքար է մղվելու քրեական միջավայրի, ենթամշակույթի և, այսպես կոչված, «օրենքով գողերի» դեմ։

Օրինագծերի փաթեթը, մասնավորապես, վերաբերում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն։ Այդ փոփոխություններով պատիժներ են սահմանվում քրեական միջավայր ստեղծելու և ղեկավարելու, քրեական միջավայրին հարելու կամ հարելուն դրդելու, ինչպես նաև քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։

Հայաստանյան քաղհասարակությունը, ի դեմս, օրինակ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի, բազմիցս ահազանգել և բարձրաձայնել է բանտերում քրեական ենթամշակույթի առկայության և դրա բացասական հետևանքների մասին։ Արդարադատության նախարարության մշակած օրենսդրական փոփոխությունները, բնականաբար, ողջունվել են քաղհասարակության կողմից, սակայն, դրա հետ մեկտեղ, քաղհասարակությունն ունի առաջարկներ, որոնք թույլ կտան ավելի արդյունավետ դարձնել քրեական ենթամշակույթի դեմ պայքարը։

Այսպես, Դիտորդների խումբը, ողջունելով օրինագծերի փաթեթը, նշում է, որ վերոնշյալ հարցը քրեակատարողական համակարգի ամենից արմատական և խնդրահարույց տարրերից մեկն է։ Միևնույն ժամանակ, Դիտորդների խմբի կարծիքով, միայն օրենսդրական մակարդակում կարգավորումներ նախատեսելը դեռևս բավարար չէ, քանի որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պահանջում է նաև այլ քայլեր: Մասնավորապես, անհրաժեշտ է պատժի կրման ընթացքում ազատազրկված անձանց համար ուժեղացնել սոցիալական վերականգնողական ծառայությունները, ներդնել ռիսկերի և կարիքների գնահատման գործուն և արդյունավետ մեխանիզմներ, վերանայել ՔԿՀ-ների կադրային քաղաքականությունը և այլն:

Ըստ այդմ, Դիտորդների խումբն առաջարկում է, որ քրեակատարողական համակարգում պատժողական քաղաքականությունը փոխվի վերականգնողականով, այսինքն՝ բանտերի նպատակը պետք է դառնա ոչ թե կալանավորներին ու դատապարտյալներին պատժելը, այլ վերադաստիարակելը։ Դրա համար, բնականաբար, անհրաժեշտ է ուժեղացնել սոցիալական վերականգնողական ծառայությունները, որոնք թույլ կտան ազատազրկված մարդուն ոչ թե հարել քրեական միջավայրին ու ենթամշակույթին, այլ վերասոցիալականացվել և չկտրվել հասարակությունից։

Քրեակատարողական համակարգում առաջնային խնդիրներից է նաև կադրային քաղաքականությունը, որի կապակցությամբ ևս Դիտորդների խումբը հանդես է գալիս առաջարկությամբ։ Քրեակատարողական հիմնարկներում առկա կոռուպցիոն երևույթներից անմասն չեն հենց այդ հիմնարկների աշխատակիցները, որոնց հովհանու ներքո է նաև ձևավորվում քրեական միջավայրը։ Բացի սա, կադրային քաղաքականության վերանայման անհրաժեշտության մասին են վկայում նաև բանտերում խոշտանգումների դեպքերը։

Դիտորդների խմբի մյուս առաջարկը վերաբերում է պատժից ազատման ինստիտուտների պրակտիկ գործունեությանը, որոնք Հայաստանում բավականաչափ ճկուն չեն, և բազմաթիվ դատապարտյալներ հնարավորություն չեն ունենում օգտվել վաղաժամ ազատվելու հնարավորությունից, ինչը ևս նպաստում է նրանց՝ քրեական միջավայրին հարելուն։

Ընդհանուր առմամբ, Դիտորդների խումբն առաջարկում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկում կազմակերպել՝ քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների, նմանատիպ քրեական գործերով վարույթն իրականացնող մարմինների և շահագրգիռ այլ կողմերի մասնակցությամբ:

Քրեական ենթամշակույթը քրեականացնող օրինագծերի փաթեթը, ամեն դեպքում, կարևոր ու ողջունելի քայլ է այդ արատավոր երևույթի դեմ պայքարը սկսելու և առաջ տանելու համար։ Ընդ որում՝ հարկ է նկատել, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը կարևոր է ոչ միայն քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց վերականգման տեսանկյունից, այլ նաև պետական ինստիտուտների առողջացման և բնականոն աշխատանքի համար։ Տարիներ շարունակ Հայաստանի ՔԿՀ-ների ղեկավարները, փաստացի, եղել են ոչ թե այդ հիմնարկների պետերը, այլ, այսպես ասած, «նայողները», որոնք էլ հենց քրեական միջավայր ստեղծողներն էին։ Բացի սա, բազմաթիվ են հիշատակումները և փաստերը Հայաստանի նախկին իշխանությունների և քրեական հեղինակությունների կապերի միջև, վերջիններս ակտիվորեն մասնակցել են ընտրությունների կեղծման, խաղաղ ցույցերը ճնշելու և այլ գործողությունների մեջ, և քրեական ենթամշակույթի քրեականացումը մեծ կարևորություն ունի նաև պետության կայացման և հզորացման գործում։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Առնչվող