Ատելության խոսքի քրեականացումը՝ առանց խոսքի ազատության սահմանափակման

Հետհեղափոխական Հայաստանում հանրային ամենալուրջ խնդիրներից մեկը կապված է ատելության խոսքի հետ։ Դիտորդների գնահատմամբ՝ ատելության խոսքը եղել է անցած դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում գրանցված ամենախոշոր խնդիրներից մեկը, իսկ քաղաքացիական հասարակությունն այս ընթացքում բազմիցս ահազանգել է այդ արատավոր երևույթի մասին։

Դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխումների հարցերով: Աշխատանքային խումբը գործելու է վեց ամիս, որի ընթացքում մշակվելու է ատելության խոսքը քրեականացնող օրինագիծ, որը, սակայն, չպետք է որևէ կերպ սահմանափակի խոսքի ազատությունը։

Ատելության խոսքի քրեականացման՝ խոսքի ազատության վրա հնարավոր ազդեցության մասին Medialab.am-ի հետ զրույցում խոսել է նաև «Իմ քայլի» պատգամավոր Մարինա Կարապետյանը։ Վերջինիս պնդմամբ՝ խոսքի ազատության իրավունքը չի ներառում այլոց նկատմամբ ատելություն հրահրելու բաղադրիչ։ «Մեր առաջնային նպատակն է քրեականացման միջոցով դիմադրել ատելության խոսքի այս ծայրահեղ դրսևորումներին։ Իսկ անանուն տարածված ատելության խոսքը կարող է դառնալ այլ մեխանիզմների, օրինակ՝ մեդիա հարթակների ինքնակարգավորման մարմինների խնդիր»,- նշել է Մարինա Կարապետյանը։

Հայաստանում ատելության խոսքի կիրառման դեպքերը հատկապես ակտիվանում են որոշակի իրադարձությունների ընթացքում և կոնկրետ թեմաների շուրջ։

Նախորդ տարվա արտահերթ ընտրությունների վերաբերյալ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ նախընտրական շրջանում գրանցվել է ատելության խոսքի կիրառման 172 դեպք։ Իրականում, սակայն, ատելության խոսքի կիրառման դեպքերը եղել են անհամեմատ ավելի շատ, քանի որ դիտորդները չեն հաշվի առել սոցիալական ցանցերում ծավալված ակտիվ քննարկումները, որտեղ էլ հենց ատելության խոսքի դրսևորումները եղել են հատկապես շատ։

Ուշագրավ է, որ դեռևս «Անկախ դիտորդի» զեկույցում հասարակական դաշինքն առաջարկել էր սահմանել անմիջական պատասխանատվության միջոցներ նախընտրական փուլում թեկնածուների կողմից ապատեղեկատվության և ատելության խոսքի տարածման համար։

Ատելության խոսքը Հայաստանում ակտիվորեն կիրառվում ու տարածվում է նաև ժողովրդավարական բարեփոխումների կապակցությամբ՝ հիմնականում այն անձանց կամ խմբերի կողմից, որոնք հանդես են գալիս իբր ազգային արժեքների պահպանության դիրքերից։

Այսպես, նոյեմբերի սկզբին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», որի մաս են կազմում տասը կազմակերպություններ, հանդես էր եկել հայտարարությամբ՝ ահազանգելով, որ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի» (Ստամբուլյան կոնվենցիա) դեմ պայքարողների կողմից կիրառվում է ատելության խոսք։ «Երեք ամիս շարունակ Երևանի կենտրոնական փողոցներում՝ Հյուսիսային պողոտայում և Ազգային ժողովի շենքի դիմաց սեղանիկներ տեղադրած և դրանց շուրջ կանգնած մարդիկ, որոնք հավաքում են ստորագրություններ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, ագրեսիվ բառապաշարով և բռնության կոչերով են ուղեկցում այդ տարածքներում հայտնվող իրավապաշտպաններին ու իրենց կարծիքը չկիսող անցորդներին»,- ասվում էր հայտարարության մեջ։ Իրավապաշտպանները արձանագրում էին, որ որոշ ծայրահեղական խմբավորումներ՝ ազգային արժեքների պաշտպանության քողի ներքո, Երևանի կենտրոնում իրականացնում են ատելության ակնհայտ քարոզչություն և բռնության թիրախավորված գործողություններ, որոնք սպառնում են ՀՀ քաղաքացիների անվտանգությանն ու առողջությանը։

Հատկանշական է, որ այս հայտարարությունից հետո դեկտեմբերի 10-ին Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ակցիա անող «Կամք» նախաձեռնության անդամները հայհոյել և հարվածել էին մի անցորդի, որը հրաժարվել էր միանալ իրենց ստորագրահավաքին։ Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Ընդհանուր առմամբ, այս դեպքերը Հայաստանում ատելության խոսքի դրսևորումների մի փոքր մասն են միայն, և համապատասխան օրենսդրական կարգավորումները, անշուշտ, անհրաժեշտ են երևույթի հետագա ծավալումն ու ծայրահեղականացումը կանխելու համար։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Առնչվող