ԱԱԾ-ն և Սահմանադրական կարգը

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա Ազգային անվտանգության ծառայությունը տարածեց մի հաղորդագրություն, որում հնչած գնահատականները և տրված որակումները ոչ միայն դարձան լայն քննարկման ու քննադատության առարկա, այլև, ինչպես պարզվում է, օրինականության հետ կապված խնդիր ունեն: Ընդ որում, հարցի ուսումնասիրության ժամանակ պարզվեց, որ ԱԱԾ-ում նաև յուրովի են ընթերցում Հայաստանի Սահմանադրությունը:

Հայտարարությունը

Դեկտեմբերի 7-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում ԱԱԾ-ի հասցեին քննադատական գրառում էր կատարել, որում անդրադարձել էր իրավապահ այդ մարմնի պաշտոնատար անձանց անհասկանալի հարստանալու դեպքերին և տարիներ շարունակ ընդդիմության ու քաղհասարակության մասին տեղեկություններ հավաքագրելուն:

Իրավապաշտպանի այդ գրառմանը օրեր անց հաղորդագրությամբ արձագանքեց Ազգային անվտանգության ծառայությունը և որակեց այն որպես «ԱԱԾ ու դրա աշխատակիցների վերաբերյալ… պատիվն ու արժանապատվությունը վիրավորող և զրպարտչական», «սպայի պատիվը արատավորող», «մերկապարանոց», «հասարակության լայն շերտերին մոլորեցնող» և նույնիսկ «անպատեհ ցասումի պոռթկմամբ»:

Ընդ որում, եզրափակելով հաղորդագրությունը, անվտանգության մարմինը կոչ է անում իրենց մասին արտահայտվելիս «ցուցաբերել զգոնություն, պահպանել առավելագույն զսպվածություն, տուրք չտալ էմոցիոնալ ու անլիարժեքության բարդույթից բխող պոռթկումներին, նախքան արտահայտվելը կշռադատել, ծանրութեթև անել ասելիքը, չբռնել ինքնահաստատման ուղի»:

Մի կողմ թողնելով հայտարարության բովանդակային մասն ու դրա՝ քննադատությանը ըստ էության պատասխանած լինել-չլինելու հանգամանքի քննարկումը, ինչպես նաև հարցի էթիկական կողմը, փորձենք քննարկել իրավապահ մարմնի կողմից իրավապաշտպանի հասցեին նման ձևակերպումներ թույլ տալու հարցը:

Իրավաչափությունը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

«Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքն իր 15-րդ հոդվածով ամրագրում է ԱԱԾ-ի լիազորություները (որոնք 64-ն են): Այդ լիազորություններից և ոչ մեկը չի նախատեսում իրավապաշտպանի հասցեին նման հայտարարութուններ անելը, քննադատությունը «անպատեհ ցասումի պոռթկմամբ», «հասարակության լայն շերտերին մոլորեցնող», «անլիարժեքության բարդույթից բխող»  կամ «ինքնահաստատում» գնահատելը:

Նույնիսկ ավելին, որևէ մեկի հրապարակային խոսքը զրպարտություն կամ վիրավորանք որակելու լիազորությունը ոչ միայն տրված չէ ԱԱԾ-ին, այլև Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով վերապահված է այլ մարմնին՝ դատարանին: Միայն դատարանն է իրավասու որոշել, թե արդյո՞ք տվյալ հայտարարությունն իր մեջ պարունակում է զրպարտություն կամ վիրավորանք:

Ընդ որում, այստեղ նույնիսկ կարիք չկա ասելու, որ ԱԱԾ-ն իրավաբանական անձ է և (ի տարբերություն ԱԱԾ աշխատակիցների) այն չունի պատիվ կամ արժանապատվություն, որը կարող է արատավորվել կամ չարատավորվել: Իրավաբանական անձը (այդ թվում՝ հանրային մարմինը) ունի գործարար համբավ, որի արատավորումը, օրենքի իմաստով, չի կարող հանդիսանալ վիրավորանք:

 ԱԱԾ մոտեցումը

ԱԱԾ հաղորդագրության տարածումից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 4 հարցում է ուղարկել իրավապահ այդ մարմնի ղեկավարի պաշտոնակատարին՝ պարզելու խնդրո առարկա հաղորդագրությունում առկա գնահատականների, որակումների և կոչերի իրավական հիմքերը:

Հարցումների պատասխանները կարելի է որակել որպես ինքնախոստովանություն: ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ստորագրած գրություններում բառացի գրված է. «ԱԱԾ-ն արձագանքել է Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան էջում ծառայության վերաբերյալ հրապարակմանը, ինչի համար որևէ իրավական ակտով լիազորություն ունենալու անհրաժեշտություն չկա»:

Այսինքն, թեև Հայաստանի Սահմանադրությունը սևով սպիտակի վրա ամրագրում է, որ Պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, իրավապահ այս կառույցում այլ կարծիքի են և համարում են, որ կան գործողություններ, որոնց համար լիազորություն ունենալու անհրաժեշտություն չունեն:

Հարկ է արձանագրել, որ ԱԱԾ-ից նաև հայտնեցին, որ հայտարարությունը պատրաստվել է ԱԱԾ մամուլի կենտրոնի կողմից՝ կառույցի ղեկավարության հետ համաձայնեցնելով: Արդ, կարելի է արձանագրել, որ այս մոտեցումը ոչ թե ԱԱԾ մեկ կամ մի քանի ցածր իրավագրագիտություն ունեցող պաշտոնատար անձանց ընկալման, այլ անվտագության մարմնի ղեկավարության մոտեցման արդյունք է:

Ազգային անվտանգության մարմնի ղեկավարության կողմից Հայաստանի մայր օրենքի ուղիղ պահանջի նկատմամբ այսօրինակ վերաբերմունքը վտանգավոր է Հանրապետությունում սահմանադրական կարգի ապահովման տեսանկյունից, քանի որ այդ գործառույթով լիազորված է հենց ԱԱԾ-ն:

Եվ ապա ինչպե՞ս կարող է ԱԱԾ-ն ապահովել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, եթե դրա ղեկավարությունը անթաքույց կերպով իրեն իրավունք է վերապահում խախտել սահմանադրական կարգի հիմունքներից մեկը հանդիսացող մայր օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը:

 Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող