- 25 Սեպտեմբերի, 2015
- Արտաքին քաղաքականություն
Եվրոպայի վերջին միգրացիոն ճգնաժամը ևս մեկ անգամ առիթ դարձավ, որ ռուսական ԶԼՄ-ները «ավետեն» Եվրոպայի վերջնական կործանման մասին։ «Եվրոպայի միգրացիոն մայրամուտը», ««Մեծ միգրացիան» մոտեցնում է Եվրոպայի մայրամուտը» «Միգրացիոն ճգնաժամը միավորված Եվրոպայի վրա խաչ է քաշում» և նմանատիպ վերնագրերով, ինչպես նաև «21-րդ դարի կեսին այսօրվա Եվրոպայի տեղում կլինի Մյունխենյան խալիֆաթ» տիպի պնդումներով հեղեղված է ռուսական լրատվական դաշտը։ Եվրոպայի վախճանը ռուսական ԶԼՄ-ները նախ և առաջ կապում են իսլամադավան միգրանտների մեծ թվի հետ՝ այդ ամենը համեմելով «Եվրոպային տեղն է» բնույթի դատողություններով: Իսկ թե ինչո՞ւ է Եվրոպան արժանի վատ ճակատագրի` ռուսական ԶԼՄ-ները դա գերազանցապես բացատրում են այնտեղի դեմոկրատական ազատություններով` մոռանալով, որ մուսուլման միգրանտները այդ ազատությունների պատճառով են քրիստոնեական Եվրոպան գերադասում նավթարդյունաբերող հարուստ արաբական երկրներից ու նույն Ռուսաստանից:
Ռուսաստանն առաջինն է
Մուսուլման միգրանտների թվի վերաբերյալ վախերը կամ հրճվանքը, սակայն, իրականում հիմք չունի: Այսօրվա դրությամբ` Ֆրանսիայում մուսուլմանները կազմում են բնակչության 7.5%-ը, Նիդեռլանդներում` 6%-ը, Բելգիայում` 5.9%, իսկ Գերմանիայում` 5.8%-ը: ԵՄ մյուս երկրներում (չհաշված Բուլղարիան ու Կիպրոսը) մուսուլմանների տեսակարար կշիռն ավելի փոքր է: Ռուսաստանում մուսուլմանների տեսակարար կշիռը 10% է, այսինքն` ավելի շատ, քան ԵՄ վերը նշված երկրներում: Ուստի, եթե մուսուլմանների թվի պատճառով ինչ-որ քրիստոնեական երկիր կործանվի էլ, ապա դա նախ և առաջ կլինի Ռուսաստանը, ոչ թե Ֆրանսիան կամ Գերմանիան:
Մուսուլման բնակչությունը ըստ երկրների*
Պետությունը | Մուսուլմանների թիվը | Մուսուլմանների տեսակարար կշիռն ընդհանուր բնակչության մեջ (%) |
Ռուսաստան | 14 000 000 | 9.5% |
Գերմանիա | 4 760 000 | 5.9% |
Ֆրանսիա | 4 710 000 | 7.1% |
Մեծ Բրիտանիա | 2 960 000 | 4.7% |
Իտալիա | 2 220 000 | 3.6% |
Բուլղարիա | 1 020 000 | 14.1% |
Նիդեռլանդներ | 1 000 000 | 5.9% |
Իսպանիա | 980 000 | 2.0% |
Բելգիա | 630 000 | 5.6% |
Հունաստան | 610 000 | 5.7% |
Ավստրիա | 450 000 | 5.3% |
Շվեդիա | 430 000 | 4.4% |
Կիպրոս | 280 000 | 24.5% |
Դանիա | 230 000 | 4.0% |
Ռումինիա | 70 000 | 0.3% |
Սլովենիա | 70 000 | 3.4% |
Խորվաթիա | 60 000 | 1.4% |
Իռլանդիա | 50 000 | 1.1% |
Ֆինլանդիա | 40 000 | 0.7% |
Պորտուգալիա | 30 000 | 0.3% |
*ԵՄ 9 պետություններում (Լյուքսեմբուրգ, Սլովակիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Էստոնիա, Չեխիա, Մալթա) մուսուլմանների թիվը պակաս է 10 հազարից:
2050 թվականին՝ ընդամենը 10 %
Հետաքրքիր է, որ ԵՄ-ում մուսուլմանների թվի ավելացման տեմպը ևս այնքան էլ մեծ չէ, ինչքան կարող է տպավորություն ստեղծվել ԶԼՄ-ների հրապարակումներից: Այս տարվա սկզբին հրապարկված հետազոտությունների համաձայն, հաշվի առնելով նաև միգրացիոն միտումները, ԵՄ տարածքում մուսուլմանների թիվը մինչև 2050 թվականը չի գերազանցի 10%-ը:
Այսպիսով` 3 կարևոր հանգամանք կա, որ պետք է հաշվի առնել Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի մասին խոսելիս: Առաջինը` թեև նավթարդյունաբերող հարուստ արաբական երկրները (ինչպես, օրինակ, Սաուդյան Արաբիան կամ Արաբական Միացյալ Էմիրությունները) ևս ունեն սոցիալական փաթեթներ` Ֆրանսիայի կամ Գերմանիայի նման, սակայն Մերձավոր Արևելքից ու Աֆրիկային միգրանտները փախչում են Եվրոպա, այլ ոչ թե արաբական երկրներ` գերազանցապես դեմոկրատական ազատությունների պատճառով: Երկրորդ` ինչքան էլ որ սուր լինի միգրացիոն ճգնաժամն ու անօրինական միգրանտների թիվը Եվրոպայում, միևնույնն է, մուսուլման բնակչության թիվը այնքան էլ մեծ չէ ու դժվար թե գերազանցի 10%-ը անգամ միգրացիայի բարձր տեմպերի պահպանման պարագայում: Եվ երրորդ` եթե անգամ կա աշխարհում քրիստոնեական մի երկիր, որը կարող է կործանվել մուսուլմանների մեծ թվի պատճառով, ապա դա հաստատ Ռուսաստանն է, որի մայրաքաղաք Մոսկվայում երեկ մեծ շուքով Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից բացվեց Եվրոպայի ամենամեծ մզկիթը:
Հրայր Մանուկյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»