Զորակոչիկների իրավունքների պաշտպանությունը՝ քաղաքացիական հասարակության աջակցությամբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարիներ շարունակ իրավական աջակցություն է ցուցաբերում այն զորակոչիկներին, որոնց իրավունքները խախտվում են զորակոչերի ընթացքում։

2018 թվականի ձմեռային և 2019 թվականի ամառային զորակոչերի ընթացքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (ՀՔԱՎ) դիմել է 105 քաղաքացի,  որից  94-ը՝ զորակոչիկ՝ 32 (2018 թ.) և 62 (2019 թ.), 10-ը՝ նախազորակոչային տարիքի զինվորական հաշվառման ենթակա անձ՝ 1 (2018 թ.) և 9 (2019 թ.), ինչպես նաև՝ զորակոչվող բժշկական կազմի 1 սպա։

2018 թ. ձմեռային և 2019 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին ՀՔԱՎ-ի զեկույցի համաձայն, զորակոչային հարցերով կազմակերպություն դիմած անձանց մեծ մասը (65 հոգի) ունեցել է ոչ պատշաճ բժշկական զննության և փորձաքննության իրականացման, ինչպես նաև բժշկական եզրակացության հետ համաձայն չլինելու հետ կապված խնդիրներ։

11 հոգի ՀՔԱՎ է դիմել երկքաղաքացիության դեպքում ՀՀ-ում զինծառայություն անցնելու ընթացակարգերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացի լինելու, միաժամանակ այլ երկրում զինծառայություն անցնելու և ՀՀ-ում զինծառայությունից ազատվելու կարգավորումների հետ կապված խնդիրներով։ 10 քաղաքացի կազմակերպությանը դիմել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված տարկետման և ազատման հիմքերի (ընտանեկան դրության բերումով, առողջական վիճակի պատճառով և ուսումը շարունակելու նպատակով), ինչպես նաև օրենքով սահմանված իրենց իրավունքների վերաբերյալ հարցերով:

7 քաղաքացի  էլ ՀՔԱՎ է դիմել սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայությունից խուսափելու հետ կապված հարցով, և 1 քաղաքացի, որը հանդիսանում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ, դիմել է ՀՀ ՊՆ-ի հրամանով «բուժծառայության լեյտենանտի» կոչման օրինականության բողոքարկման հարցով:

Կազմակերպություն դիմած 10 նախազորակոչիկների/զինվորական հաշվառման ենթակա անձանցից  5-ի խնդիրը վերաբերել է ոչ պատշաճ բուժզննության իրականացման և առողջական վիճակի մասին բժշկական եզրակացության հետ համաձայն չլինելուն, 2-ը դիմել են երկքաղաքացիության դեպքում ՀՀ-ում զինծառայություն անցնելու ընթացակարգերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացի լինելու, միաժամանակ այլ երկրում զինծառայություն անցնելու և ՀՀ-ում զինծառայությունից ազատվելու կարգավորումների մասին խորհրդատվության նպատակով,  2-ը՝ ՀՀ օրենքներով սահմանված տարբեր ընթացակարգերի, 1-ը՝ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու և հաշմանդամության խումբ ստանալու ընթացակարգերի հարցերով: Նշված բոլոր 10 անձանց կազմակերպության կողմից տրամադրվել է բանավոր իրավական աջակցություն:

ՀՔԱՎ տրամադրած իրավական աջակցության արդյունքում կազմակերպություն դիմած 94 զորակոչիկներից 14-ը ճանաչվել են ոչ պիտանի զինծառայությանը և ազատվել զինծառայությունից։ 4 քաղաքացի ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի զինծառայությանը, և նրանց տրամադրվել է տարկետում՝ 3 տարի ժամկետով։

Բացի սա, 13 քաղաքացու՝ առողջական խնդիրների պատճառով, տրվել են տարբեր ժամկետով տարկետումներ, իսկ ևս մեկ հոգի տարկետում է ստացել ընտանեկան դրության պատճառով։  ՀՔԱՎ դիմած զորակոչիկներից 6-ը ճանաչվել են պիտանի ծառայությանը, սակայն սահմանափակումներով։

Հարկ է նշել, որ վերոնշյալը զորակոչիկների իրավունքների հարցում ՀՔԱՎ-ի գործունեության մի մասն է միայն, և ավելի ամբողջական տեղեկատվություն կարելի է ստանալ հենց կազմակերպության զեկույցում։

Զորակոչիկների իրավունքների պաշտպանության հարցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գործությունը լավագույն օրինակներից մեկն է նրա, թե ինչպես է քաղաքացիական հասարակության կազմակերպությունը մշտադիտարկում և վերահսկում պետական համակարգի մաս կազմող մարմինը և հանդիսանում կարևոր միջնորդ քաղաքացիների համար՝ իրենց խնդիրներն արդյունավետ լուծելու համար։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Առնչվող