- 2 Հոկտեմբերի, 2024
- Հաղորդագրություններ

Վարշավայում այս օրերին անցկացվում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականության կոնֆերանսը: Երեկ՝ հոկտեմբերի մեկին, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ելույթով անդրադարձել է նաև Հայաստանում ընտրական բարեփոխումներին և վերջին ՏԻՄ ընտրություններին՝ ներկայացնելով առաջընթացներն ու բացթողումները:
Ստորև ներկայացնում ենք Դանիել Իոաննիսյանի ելույթի տեքստը՝ հայերեն թարգմանությամբ․
«Քանի որ Հայաստանի ընտրություններին միջամտելու Ռուսաստանի փորձերն առայժմ անհաջող են, ես կկարողանամ կենտրոնանալ ընտրական միջավայրի հետ կապված մեր ներքին խնդիրների վրա։
Այսպիսով, 2021 թվականին լայնամածավալ ընտրական բարեփոխումներ են իրականացվել հիմնականում քաղաքացիական հասարակության առաջարկությունների հիման վրա։ Բայց դեռևս մեծ բաց կա քարոզարշավի ֆինանսավորման կարգավորումներում, և լուրջ խնդիրներ կան նախընտրական քարոզարշավի այլ կարգավորումների կիրարկման հետ կապված։
Մասնավորապես, հարկ է նշել, որ անկախ դիտորդներն արձանագրել են մի շարք դեպքեր, երբ իշխող կուսակցության ներկայացուցիչները չարաշահել են վարչական ռեսուրսը՝ իշխող կուսակցության քարոզարշավին հանրային ծառայողներին բերելու միջոցով։ Առանձին դեպքերում որոշ մարդիկ նույնիսկ հեռացվել են աշխատանքից քարոզարշավին միանալուց հրաժարվելու պատճառով։ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ դա քրեական հանցագործություն է։ Մենք համապատասխան գրություններ ենք ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն քրեական գործ չի հարուցվել։
Անցյալ տարի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իշխող կուսակցությունը ներկայացնող քաղաքապետի պաշտոնակատարը հերթական հանցագործությունն էր գործել՝ քարոզչություն անելով պետական բուհերից մեկում։ Դա ևս որևէ հետևանք չունեցավ։
Մյուս խնդիրը, որը մենք նկատում ենք վերջին մի քանի տարիների ՏԻՄ ընտրություններում, այն է, որ ՏԻՄ ընտրություններում հաղթած ընդդիմության որոշ ներկայացուցիչների նկատմամբ եղել են քրեական հետապնդումների դեպքեր, որոնք, չնայած հիմքեր ունենալուն, երբեմն ժամանակագրորեն համընկել են ընտրություններում այդ անձանց հաղթանակի հետ։
Ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերջին 2 ֆինանսական տարիների ընթացքում բացահայտել է կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված ավելի քան 5 հանցագործություն (որից 3-ը՝ իշխող կուսակցության կողմից)։ Մի քանի ամիս առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պաշտոնապես դիմել էր Դատախազություն, որպեսզի վերջինս այդ խախտումների վերաբերյալ հետաքննություն սկսի, սակայն մինչ օրս քրեական գործ չի հարուցվել։
Միաժամանակ նշեմ, որ Հայաստանում քվեարկության օրը գրեթե միշտ լավ է կազմակերպվում, և էական խախտումներ չեն լինում։ Դիտորդների իրավունքներին և ուղիղ հեռարձակմանը վերաբերող օրենսդրությունը լավ է իրականացվում:
Թեև մենք նկատել ենք, որ Հանրային հեռուստաընկերությունը շատ անհավասար է լուսաբանում հիմնական թեկնածուներին մինչև նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, պետք է նշեմ, որ հանրային հեռարձակողը մեծ աշխատանք է կատարում՝ կազմակերպելով թեկնածուների միջև նախընտրական բանավեճեր։
Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Հայաստանում ընտրությունները մրցակցային են, և շատ համայնքներում ընդդիմությունը (նույնիսկ արմատական ընդդիմությունը) կարողանում է հաղթել ՏԻՄ ընտրություններում, և դա լավ ցուցանիշ է։
Ինչպես տեսնում եք, Հայաստանում ընտրական միջավայրի հիմնական խնդիրը կապված է իրավապահ մարմինների և դատական համակարգի հետ։ Եվ դա այլ լիագումար նիստի թեմա է։
Շնորհակալություն»։