Կոռուպցիոներները պաշտոններ են ստանում հակակոռուպցիոն մարմիններում․ Դանիել Իոաննիսյանը՝ ԵԱՀԿ-ում

Վարշավայում այս օրերին անցկացվում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականության կոնֆերանսը:

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի դատական համակարգի խնդիրներին՝ մատնանշելով, հատկապես, կադրային վիճահարույց նշանակումները:

Դանիել Իոաննիսյանի ելույթի տեքստի հայերեն տարբերակը կարդացեք ստորև․

«Շնորհակալություն, տիկին մոդերատոր:

Դատական իշխանության անկախությունը ժողովրդավարական հասարակության ամեանակարևոր բաղադրիչն է։ Արդար դատաքննության իրավունքը պետք է հարգված լինի առանց բացառությունների։

Բայց, ցավոք սրտի, դա այդպես չէ Ադրբեջանի դեպքում, որտեղ տասնյակ հայ ռազմագերիներ, փոխանակ Հայաստանին վերադարձվելու, ինչպես նախատեսված է միջազգային կոնվենցիաներով, հետապնդվում են կեղծ մեղադրանքներով։

Դրանք, սակայն, դատավարությունների նմանակվող թատերական ներկայացումներ էին, քանի որ մեղադրյալները չէին կարող ներգրավել իրենց ուզած փաստաբաններին և անգամ չունեին թարգմանիչ, որ հասկանային, թե ինչ է տեղի ունենում դատարանի դահլիճում:

Դա ակնհայտորեն որևէ աղերս չունի արդար դատաքննության իրավունքի կամ դատական իշխանության անկախության հետ։ Դատարանները վերածվել են թատրոնի, որպեսզի ռազմագերիները չվերադարձվեն ու օգտագործվեն որպես Հայաստանի վրա ճնշման լծակ:

Քանի որ կանխատեսում եմ, որ Ադրբեջանի ներկայացուցիչները կփորձեն ասել, որ նույնը Հայաստանում է արվում, հստակեցնեմ, որ դա սուտ է: Հայաստանում դատապարտվել են միայն այն ադրբեջանցիները, որոնք խաղաղ ժամանակ անցել են սահմանը և սպանել խաղաղ բնակիչների: Ընդ որում, անգամ այդ մարդասպանները վերադարձվել են Ադրբեջանին:

Բայց ես կուզենամ նաև խոսել Հայաստանի դատական համակարգի խնդիրների մասին: Ցավոք սրտի, իշխանությունները տապալեցին իրապես բարձր անկախություն ունեցող դատական համակարգի ստեղծումը:

Դատական համակարգի անկախության հիմնական չափանիշներից է քննչական մարմինների կողմից նախնական կալանքի միջնորդությունները բավարարելու տոկոսը, որը վերջին տարիներին հաստատակամորեն աճում է:

Արձանագրված էական խնդիրներից է նաև այն, որ շատ հաճախ դատավորներ են նշանակվում մարդիկ, ում մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել է բարեվարքության բացասական եզրակացություն:

Առավել ուշագրավ է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահի դեպքը, ով երկար տարիներ եղել է Հայաստանում քաղաքական հետապնդումների մարմնավորումը և ում կողմից արդար դատաքննության իրավունքը խախտելու մասին կան ՄԻԵԴ որոշումներ: Այստեղ զավեշտալի է այն փաստը, որ կա ՄԻԵԴ որոշում իր կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի արդար դատաքննության իրավունքը խախտելու մասին:

Կուզենայի նաև մատնացույց անել, որ խնդրահարույց է նաև հակակոռուպցիոն դատարանի նախագահի նշանակումը, քանի որ վերջինս նախկինում իրավապահ մարմինների կողմից բացահայտվել էր կոռուպցիոն արարքի համար:

Շնորհակալություն»։

»:

Առնչվող