ՀԿ-ները ԵԱՀԿ-ում խոսեցին Ալիևի գլխավորած հայատյացության, էթնիկ զտման քաղաքականության և Հայաստանի տարածքային սպառնալիքների մասին

Հունիսի 3-ին Վիեննայում կայացավ «Պետական համակարգված խտրականությունն ու հայերի էթնիկ զտումներն Ադրբեջանում» խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էին «Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) և «Հանուն հավասար իրավունքների» (ՀՀԻ) հասարակական կազմակերպությունները:

Միջոցառումը տեղի էր ունենում Վիեննայում անցկացվող՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականությունների կոնֆերանսի շրջանակներում:

Միջոցառման բանախոսներն էին 2023 թ.-ին Արցախից բռնի տեղահանված Արսենի Աղաջանյանը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Արփի Հարությունյանը, Ֆրանսիայում և Ավստրիայում  հավատարմագրված փաստաբան, իրավաբան Առլետ Զաքարյանը, ՀՀԻ նախագահ Գայանե Աբրահամյանը և ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Միջոցառման ընթացքում հյուրերին ներկայացվեցին Ադրբեջանում հայատյացության և այլատյացության արձանագրված փաստերի բազմաթիվ օրինակներ, ինչպես նաև փաստեր, որոնք հաստատում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը՝ այդ երկրում հայատյացության խրախուսման գործում: Զուգահեռներ անցկացվեցին Ադրբեջանում Իլհամ Ալիևի և բռնապետական այլ ռեժիմների՝ ատելության և խտրականության վրա հիմնված խոսույթների միջև:

Միջոցառմանը նաև ներկա էին էթնիկ զտումը վերապրած փախստականներ, որոնք կիսվեցին իրենց պատմություններով:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նաև ելույթներ ունեցան լիագումար նիստում՝ անդրադառնալով Ադրբեջանում նախագահ Ալիևի գլխավորությամբ կազմակերպված հայատյացության օրինակներին, ատելության խոսքին, Լեռնային Ղարաբաղում կազմակերպած էթնիկ զտմանը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտությանը:

previous arrow
1
next arrow

Առնչվող