- 23 Սեպտեմբերի, 2025
- Հաղորդագրություններ
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, չորրորդ տարին անընդմեջ անց է կացվում «Ժողովրդավարության հայկական ֆորումը», որը կազմակերպում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն։
Ֆորումին բացման խոսքով հանդես եկան «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի Եվրասիայի տարածաշրջանի ավագ տնօրեն Միրիամ Լանսկոյը։
Միջոցառման շրջանակում այսօր նախատեսված են մի շարք պանելային քննարկումներ, որոնցից առաջինը նվիրված էր Հայաստանում ժողովրդավարության որակի գնահատմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Միրիամ Լանսկոյի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանի մասնակցությամբ։
Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ժողովրդավարության ներկայի ընկալմանը: «Արդյո՞ք այսօր ժողովրդավարության բոլոր մասնակիցների համար ժողովրդավարությունն արժեք է։ Ինչպիսի՞ արժեք պետք է լինի ժողովրդավարությունը մի հասարակությունում, որտեղ կան տաբուներ, որովհետև եղել են ճշմարտություններ, որոնք քննարկման առարկա երբեք չեն եղել։ Թույլ տվեք ասել, որ Հայաստանում ժողովրդավարության բացառիկ առաջնորդը իշխանությունն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Բացելով լայն դուռ ժողովրդավարության համար՝ մենք ասում ենք, որ բոլոր հարցերն ուզում ենք քննարկել։ Ես չեմ տեսնում, որ Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանող չկա, ժողովրդավարությունը շահագործող ինչքան ասես կա։ Այսօր ժողովրդավարությունը դարձել է պարզ հայհոյախոսություն։ Իսկ ինչպիսին կարող է լինել ժողովրդավարությունը մի երկրում, որտեղ մենք ապրում ենք ու ընկալում ենք աշխարհը Ստալինի ու Բրեժնևի ներմուծած հայրենասիրության բանաձևով»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը: Նա կարևորեց նաև նոր Սահմանադրության ընդունումը, որով լուծում կտրվի ժողովրդավարության մեծագույն խնդրին՝ դատական համակարգի և հասարակության միջև անմիջական կապի և արդարադատության կանխատեսելիության ապահովմանը:
Արթուր Սաքունցն իր խոսքում նշեց. «Հայաստանում ժողովրդավարությունը գոյություն ունի միայն իշխանության բարի կամքով, բայց իշխանության բնույթն այսպիսին է՝ եթե ինստիտուցիոնալ ժողովրդավարություն չկա, իշխանության բարի կամքը գնալով նվազում է։ Այս Սահմանադրությունը ժողովրդավարության երաշխիք չէ, բայց այն 7 տարի շարունակում է գոյություն ունենալ։ Երբ պետք է լինում հղում ենք անում սահմանադրական նորմերին՝ մոռանալով, որ այն ժողովուրդը չի ընդունել։ Այս երկիմաստությունը շատ տարօրինակ ընկալումներ է առաջացնում։ Ինչպես կարող ենք մենք ղեկավարվել 7 տարի շարունակ ժողովրդի կողմից չքվեարկված Սահմանադրությամբ։ Վերջին պարտադրված Սահմանադրությունում առաջին անգամ ամրագրվում է պետության զավթում, երբ մեծամասնությունը ունի բացարձակ իշխանություն.սա բռնապետության ֆորմուլան է։ Մենք անկախացումից հետո իրավաքաղաքական գնահատական չտվեցինք բոլշևիկյան օկուպացիային՝ մնալով հետխորհրդային երկիր»:
ԺԶՀ տնօրեն Նարինե Սուլթանյանը, խոսելով օրինակներով, իր ելույթում անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին: Նա կարևորեց քննադատության անվտանգայնությունը՝ որպես ժողովրդավարության գլխավոր գործոն. «Ինքս այստեղ գալուց առաջ իմ թիմի ներսում հարցում եմ արել, թե ինչ հարցեր իրենք կբարձրացնեին այս ֆորումի շրջանակում. ընտրել եմ մեկը՝ քննադատության ավտանգայնության հետ կապված մտահոգությունը։ Հիբրիդային պատերազմի այս պայմաններում իհարկե դժվար է քննադատությունը տարբերակել, սակայն կուզեի, որ այս սուր ու կոշտ հարցեր տալու ու քննադատության հնարավորությունը մնար, որովհետև դա է հարստացնում ժողովրդավարությունը»:
Միրիամ Լանսկոյն ընդգծեց. «Ես Հայաստան եմ այցելել 2004 թվականից ի վեր, սակայն այսպիսի բաց խոսակցություն այն ժամանակ անհնար էր։ Փաստը, որ մենք այստեղ ենք արդեն նշանակալի է։ NED-ը 1999 թվականից աշխատում է հայաստանյան քաղաքացիական հասարակության հետ, և ես հպարտ եմ նրանով, թե ինչպիսի զարգացում է այն անցել։ Հայաստանը 15 հեռանկարային երկրներում է մեզ համար, և դեպի ժողովրդավարություն տրանզիտը փաստ է։ Մեր առաջնահերթություններն են եղել քաջալերել քաղաքացիների մասնակցությունը, աջակցել բարեփոխումների օրակարգն առաջ մղող փորձագիտական շրջանակներին, աջակցել խաղաղությանն ու անկախ մեդիային։ NED-ի գործընկերները ներգրավված են եղել ներքին բարեփոխումների կարևոր օրակարգում։ Հայաստանը շատ ավելի մոտ է ժողովրդավարությանն ու խաղաղությանը, սա շատ կարևոր է զարգացման ընթացքը շարունակելու համար, ինչին մենք կաջակցենք»:
Քննարկումը մոդերացնում էր Մարդու իրավունքների մասնագետ Անդրանիկ Շիրինյանը:
Ֆորումի գործընկերներն են Ժողովրդավարության ազգային հիմնադրամը (NED) և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (DDF):































