«Հողերի զավթում առանց հոգիների․ բռնապետերի պատերազմները քաղաքացիական բնակչության դեմ»․հարակից միջոցառում Վարշավայում

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Վարշավայում անցկացվող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականության կոնֆերանսի շրջանակում տեղի ունեցավ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կազմակերպած հարակից միջոցառումը (side event)՝ «Հողերի զավթում առանց հոգիների․ բռնապետերի պատերազմները քաղաքացիական բնակչության դեմ» խորագրով։

Միջոցառման բանախոսները՝ ուկրաինական «Պաշտպանվելու իրավունք» կազմակերպության Լեհաստանի գրասենյակի գործընկերային կապերի համակարգող Ինես Ռամլոուն և հայկական «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ծրագրերի համակարգող Վարդինե Գրիգորյանը ներկայացրին այն ծանր արհավիրքները, որոնց միջով վերջին տարիներին անցել են Արցախից և Ուկրաինայից տեղահանված մարդիկ։

Անդրադարձ կատարվեց այն ցավալի իրողությանը, թե ինչպես են ռուսական և ադրբեջանական զորքերը վերաբերվում գրաված տարածքներում մնացած ուկրաինացիներին ու հայերին։ Բանախոսներն ընդգծեցին, որ բռնապետական համակարգերի՝ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի իշխանությունների համար անհրաժեշտ է մշտական «թշնամու» գոյությունը, և այդ թշնամին ոչ միայն բանակներն են, այլև՝ խաղաղ բնակչությունը։ Դրա վառ ապացույցներն են Ղարաբաղի էթնիկ զտումը կամ Բուչայի ցեղասպանությունը։

Վերջին տարիներին Պուտինի և Ալիևի ռեժիմներն իրենց «հաջողությունը» չափում են գրաված տարածքների քանակով՝ անկախ այն բանից՝ այնտեղ մարդ մնացե՞լ է, թե՞ ոչ։ Սա բռնապետական համակարգերին բնորոշ հատուկ մոտեցում է։ Հարցը՝ արդյո՞ք այս վտանգավոր քաղաքական մոդելը կարող է տարածվել այլ երկրներում՝ սպառնալով նոր տարածաշրջանների խաղաղությանը, դարձավ քննարկման առարկա։

Առնչվող