Ադրբեջանի համար հաջողության գլխավոր ցուցանիշը զավթած հողերն են․ Իոաննիսյանը՝ ԵԱՀԿ-ում

Հոկտեմբերի 15-ին Վարշավայում կայացած ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականության կոնֆերանսի ընթացքում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և Ադրբեջանի վարած քաղաքականությանը։

Իոաննիսյանը շեշտել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը մարդասիրական և փախստականների հարցերն օգտագործում է որպես գործիք՝ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարությանը չեն հետաքրքրում փախստականները, չեն հետաքրքրում մարդկային կյանքերը, այլ բացառապես տարածքները:

Դանիել Իոաննիսյանի ելույթի տեքստը հայերեն թարգմանությամբ՝ ստորև:

«ԵԱՀԿ տարածաշրջանում կան երկու պետությունների ղեկավարներ, որոնց համար հաջողության գլխավոր ցուցանիշը զավթած հողերն են։ Երկուսն էլ նվաճում են հողեր առանց հոգիների։ Երկուսին էլ չեն հուզում ինչպես իրենց քաղաքացիների, այնպես էլ հարևան երկրների քաղաքացիների կյանքերը։

Խոսքը Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասին է։ Բայց այդ երկուսից միայն մեկն է ներկայացուցիչներ ուղարկում այստեղ՝ մարդասիրական հարցերի և փախստականների մասին խոսելու այնպես, որ դա դառնա մեկ այլ երկրի նկատմամբ տարածքային պահանջներ ստեղծելու գործիք։ Եվ դա Իլհամ Ալիևն է։

Ադրբեջանի պետական ​​մարմիններն այստեղ միջոցառումներ են կազմակերպում, որոնց ընթացքում մարդասիրական և փախստականների հարցեր քննարկելիս հայկական գյուղերն ու շրջանները անվանում են ադրբեջանական տարածքներ: Նրանք բացահայտորեն շահարկում են տասնամյակների պատմություն ունեցող փախստականների խնդիրը՝ այն վերածելով Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների:

Երկրորդ զավեշտն այն է, տիկնայք և պարոնայք, որ այս պատմությունները տարածվում են մի պետության կողմից, որն ընդամենը երկու տարի առաջ էթնիկ զտում է իրականացրել հայերի նկատմամբ:

Ընդամենը երկու տարի առաջ ավելի քան 100,000 հայեր ստիպված եղան դառնալ փախստական՝ լքելով իրենց տները և թողնելով իրենց ամբողջ կյանքը Ադրբեջանի կողմից պետականորեն կազմակերպված էթնիկ զտումների հետևանքով:

Եվ հիմա Ադրբեջանը փորձում է օգտագործել 35-ամյա պատմությունը՝ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ Ի դեպ, 1980-ականների վերջի իրադարձությունների մասին խոսելիս նրանք անտեսում են այն փաստը, որ նույն ժամանակահատվածում գրեթե կես միլիոն հայեր տեղահանվել են Ադրբեջանից՝ ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված ջարդերի անմիջական հետևանքով․ ի մասնավորի՝ 1988 թվականի Սումգայիթի ջարդը, որին հաջորդեցին Կիրովաբադի, Բաքվի, Մարաղայի և Ադրբեջանի այլ քաղաքներում տեղի ունեցած հայերի ջարդերը։ Նման թիրախային բռնության դեպքեր կամ ջարդեր երբեք տեղի չեն ունեցել երեքուկես տասնամյակ առաջ Հայաստանից հեռացած էթնիկ ադրբեջանցիների դեմ։

Այսպիսով, ամփոփենք, նրանք 1980-ականների վերջին կազմակերպել են հայերի կոտորած, որն այդ օրերին հանգեցրել է փախստականների փոխանակման Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև։ Դրանից հետո, իհարկե, Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրող հայերը կազմակերպել են ինքնապաշտպանություն՝ իրենց դեմ պատրաստվող ջարդից պաշտպանվելու համար։ Եվ Ադրբեջանը 30 տարով կորցրել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը։ Սակայն, վերջում ադրբեջանական զորքերը վերահսկողություն ստանձնեցին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, կազմակերպեցին էթնիկ զտումներ և բոլոր հայերին բռնի տեղահանեցին Ադրբեջանից։

Եվ հիմա՝ այս ամենից հետո, նրանք շահարկում են փախստականների հարցը՝ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու, միջազգայնորեն ճանաչված հայկական գյուղերն ու շրջանները Ադրբեջանի մաս անվանելու համար: Սա պարզապես անհարգալից վերաբերմունք է այս լսարանի նկատմամբ։

Ադրբեջանի ղեկավարությանը չեն հետաքրքրում փախստականները, չեն հետաքրքրում մարդկային կյանքերը, այլ բացառապես տարածքները: Ճիշտ, ինչպես Վլադիմիր Պուտինին: Նրանք դա ապացուցել են բազմաթիվ գործողություններով, այդ թվում՝ իրենց մանիպուլյատիվ հռետորաբանությամբ հենց այստեղ»:

Առնչվող