Դրամի արժեզրկման նոր վտանգներ

Sorry, this entry is only available in Armenian and Russian.

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը՝ Կենտրոնական բանկը օրեր առաջ, առաջին անգամ 2006-ից հետո, բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25%-ով, իսկ նախագահ Օբաման վերացրեց ԱՄՆ-ից նաֆթի արտահանման ավելի քան 40 տարի տևած արգելքը:

Այսպիսով, վերաֆինանսավորման տոկոսադրույքը նախկին 0-0.25%-ի փոխարեն այժմ լինելու է 0.25-0.5%-ի սահմաններում։ Ճգնաժամերից ամբողջությամբ վերականգնվելով՝ ԱՄՆ-ի տնտեսությունն այնքան էր աշխուժացել, որ ինֆլյացիան կարող էր մեծանալ։ Բացի այդ՝ չափազանց մեծ գործարար ակտիվությանը սովորաբար հաջորդում է ավելի սուր անկում, այդ պատճառով էլ ԱՄՆ-ում հակված են զսպել նաև կտրուկ աճերը։ Ինֆլյացիան և աշխուժությունը զսպելու հիմնական ձևերից մեկն էլ հենց վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն է, որը նշանակում է ավելի թանկ դոլար՝ բոլոր առումներով (այդ թվում՝ աշխարհի այլ երկների արժույթների համեմատ)։

Իսկ ահա նաֆթի արտահանման արգելքի հանման պարագայում պետք է արձանագրել, որ այժմ ամերիկյան նաֆթարտադրողները արդեն սկսում են նաֆթի արտահանումը Մեքսիկա և Կանադա, իսկ առաջիկայում կսկսեն դուրս գալ նաև այլ շուկաներ: Արդյունքում համաշխարհային շուկայում նաֆթի առաջարկը էլ ավելի կմեծանա՝ առանց այդ էլ պակասող պահանջարկի ֆոնին, որը կհանգեցնի «սև ոսկու» արժեզրկման:

Ուղղակի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա

Աշխարհի մյուս գրեթե բոլոր արժույթների նման՝ դրամը արժեզրկման ուղղությամբ ճնշման տակ է ընկնում ԱՄՆ-ում կայացված այս որոշումից հետո։ Հանդիսանալով աշխարհի թիվ մեկ տնտեսությունը՝ գործարարները հակված են ներդրումներ անել ԱՄՆ-ում, հատկապես, երբ ԱՄՆ տնտեսությունը ծաղկման փուլում է գտնվում, ինչպես այսօր է։ Նշանակում է ամբողջ աշխարհից ու հատկապես՝ համեմատաբար ռիսկային զարգացող երկրներից (Ռուսաստան, Թուրքիա, Բրազիլիա, արաբական երկրներ) դոլարի տեղափոխում ԱՄՆ, ինչը ենթադրում է բոլոր հիմնական արժույթների արժեզրկում դոլարի նկատմամբ։ Հայաստանը ևս կամա-ակամա ընկնելու է այս միտման տակ, թեև արտասահմանյան ներդրումները մեր տնտեսությունում արդեն իսկ չափազանց քիչ են (տարեկան 300-350 միլիոն դոլար

Անուղղակի ազդեցությունը

Ինչպես նշվեց, ԱՄՆ-ում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման արդյունքում դոլարի նկատմամբ կարժեզրկվի նաև ռուբլին: Սակայն ռուբլու արժեզրկման ավելի մեծ պատճառ կա՝ նաֆթի արժեզրկումը:

Ինչպես հայտնի է, նաֆթը հանդիսանում է Ռուսաստանից արտահանման հիմնական ապրանքը և դրա արժեզրկումը հանգեցնելու է այդ երկրում արտաժույթի պակասորդի և ռուբլու արժեզրկման:

Իսկ ահա ռուբլու արժեզրկման արդյունքում Ռուսաստանից Հայաստան փոխանցվող գումարները ավելի քիչ (արժեզրկված) կլինեն։ Սա վերաբերում է նախ և առաջ Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների կողմից ուղարկվող մասնավոր տրանսֆերտներին։ Անցած տարի դրանք 10%-ով նվազել էին 2013-ի համեմատ, այս տարվա հունվար-հոկտեմբերին՝ 38%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուստի առաջիկայում կարելի է սպասել անգամ կիսով չափ նվազում՝ ԱՄՆ-ում կայացված այս վերջին որոշումների ֆոնին։

Ավելի քիչ դրամական փոխանցումները առաջին հերթին նշանակում են է՛լ ավելի մեծ ճնշումներ դրամի վրա՝ արժեզրկման ուղղությամբ։ Բացի այդ՝ քիչ տրանսֆերտների պատճառով հայաստանցիներն ավելի քիչ գնումներ կկատարեն, ինչը նշանակում է տնտեսական ընդհանուր ակտիվության նվազում։

Մեր տնտեսության  վնասները՝ դրամի արժեզրկումը զսպելու դեպքում 

Քանի որ ԱՄՆ-ում կայացված վերջին որոշման և՛ ուղղակի, և՛ անուղղակի ազդեցությունները առաջին հերթին և ամենանկատելի ձևով դրսևորվելու են մեր դրամի արժեզրկման ուղղությամբ ճնշման տեսքով, Կենտրոնական բանկը պետք է անցնի ամբողջությամբ ազատ լողացող կուրսի քաղաքականությանը և չփորձի զսպել դրամի արժեզրկումը։ Դրամի արժեզրկման դեպքում ներմուծվող ապրանքների էական թանկացում կդիտվի, սակայն դա ավելի նախընտրելի է, քան այն վնասները, որ մեր տնտեսությանը կհասցվի՝ դրամի արժեզրկման դեմն առնելու հետևանքով։

Դրամի արժեզրկում թույլ չտալու դեպքում նախ և առաջ արտահանման նվազում կլինի։ Որովհետև, եթե գործընկեր բոլոր երկների, այդ թվում՝ Ռուսաստանի արժույթը արժեզրկվում է, իսկ Հայաստանինը՝ ոչ, ապա մեր արտահանողները միանգամից հայտնվում են չափազանց ծանր վիճակում։ Երկրորդ՝ Հայաստանում էժան մնացող դոլարը կգրավի նաև տեղի ռուսական ընկերություններին, ովքեր կսկսեն մեր երկրից դոլար հավաքել ու տանել Ռուսաստան, ինչպես արեցին ճիշտ մեկ տարի առաջ։ Երրորդ՝ կվատնվեն Հայաստանի միջազգային պահուստները, ինչը ենթադրում է զուգահեռաբար արտաքին պարտքի է՛լ ավելի մեծացում։ Եվ չորրոդ ՝ Հայաստանի տնտեսական ակտիվությունը էականորն կնվազի։ Այսպես, եթե ԿԲ-ն փորձի զսպել դրամի արժեզրկումը, դա անելու է ինչպես միջազգային պահուստները վատնելու, այնպես էլ՝ շրջանառությունից դրամի քանակությունը հանելու հաշվին: Շրջանառվող ավելի քիչ դրամը կհանգեցնի վարկերի տոկոսադրույքների աճի, ինչը կբերի գործարարների կողմից վերցվող վարկերի ու ներդրումների ծավալի նվազման, որը նշանակում է ավելի ցածր տնտեսական ակտիվություն։ Այսպիսով՝ վերընշված վնասները անհամեմատ ավելի նշանակալի են, քան՝ ներմուծվող ապրանքների գնաճը։ Ուստի իշխանությունները չպետք է ելնեն նրանից, որ 2016-ը նախընտրական տարի է և «հեշտ» լուծում տան այս նոր մարտահրավերին։

Հրայր Մանուկյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Related Posts: