Պարեկների մի մասն աշխատում է «շառից փորձանքից հեռու» սկզբունքով. Դանիել Իոաննիսյան

Sorry, this entry is only available in Armenian.

Երեկ կեսգիշերին «Համեր»-ի վարորդը անկանոն սլանում էր Հանրապետության հրապարակի, այդ թվում՝ կառավարության շենքի մայթերով, չենթարկվելով պարեկներին, մեքենաներ վնասելով պտույտներ էր կատարում հրապարակի հարակից փողոցներով։ Պարեկները, որ կրակոցներ էին արձակում մեքենայի անիվներին, չէին կարողանում կանգնեցնել անկառավարելի վարորդին։

Շատերին այս պատկերը հիշեցրել էր համակարգչային հայտնի GTA խաղը, որի հերոսը մարդկանց ու մեքենաների վրայով անարգել անցնելու հնարավորություն ունի։

Տևական հետապնդումից հետո վարորդը կանգնեցրել էր մեքենան Ագաթանգեղոս փողոցում ու փախուստի դիմել, ավելի ուշ ոստիկաններին հաջողվել էր գտնել նրան։ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է, նա Արարատի մարզից է։ Մինչ այդ հասցրել էր վրաերթի է ենթարկել պարեկներից մեկին ու վնասել քաղաքացիական 8 և պարեկային ծառայության 3 մեքենա։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, երիտասարդը ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ է եղել, նրա մոտ հայտնաբերվել է «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող զանգված: Իսկ նախքան անկանոն վարելը, ըստ Քննչական կոմիտեի, մոտեցել էր հրապարակում ծառայություն իրականացնող պարեկներին ու մեքենան լիցքավորելու համար գումար պահանջել, մերժում ստանալուց հետո էլ սկսվել էր այս պատմությունը։

«Տեղյակ լինելով որդու թմրամոլ լինելու մասին` հայրն ավտոմեքենայի բանալիները թաքցրել է նրանից, սակայն երիտասարդը փնտրել ու գտել է ավտոմեքենայի պահեստային բանալին, որից հետո ավտոմեքենայով մարզից եկել է Երևան քաղաք և օգտագործել թմրամիջոց», – նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Երեկվա կադրերում պարեկները մի քանի մեքենաներով շրջափակում էին արծաթագույն ամենագնացը, մի քանի զգուշացումներից հետո կրակ բացում նրա ուղղությամբ։ Տեսանյութի տարածումից հետո օգտատերերը համացանցում քննադատում էին մի քանի տասնյակ պարեկների աշխատանքը, որոնց չէր հաջողվում ամբողջությամբ շրջափակել մեքենան։

Պարեկային ծառայության ձևավորմանն ակտիվ մասնակցած Դանիել Իոաննիսյանը նույնպես կարծում է, որ պարեկները երեկ թերացել են, ընդգծելով՝ ոչ բոլորը:

«Նախ՝ էֆեկտիվորեն ծառայողական ավտոմոբիլներով «Համեր»-ին արգելափակելու առումով, և երկրորդը՝ էֆեկտիվորեն հրազենի օգտագործման առումով, որովհետև պարեկներին վրաերթի ենթարկելու պահից ի վեր ամողջությամբ լեգիտիմ էր հրազենի կիրառումը: Պարեկները ինչ-որ առումով վախեցան, ոչ բոլորը, իհարկե, մի մասը հրազեն կիրառում էր, մի մասն արգելափակում էր, բայց ոչ բոլորն էին դա անում, և դրա արդյունքում գործողությունը էֆեկտիվ չէր լինում», – ընդգծեց Իոաննիսյանը:

Related Posts: