Ո՞վ հաղթեց Հիտլերին

Sorry, this entry is only available in Armenian.

Ֆաշիստական Գերմանիայի կապիտուլիացիայի և հայրենական պատերազմի հաղթանակի օրվա նախօրեին ևս մի անգամ արդիական են դառնում վաղուց արդեն բարձրաձայնվող հարցերը՝ «Ո՞վ հաղթեց Հիտլերին» և «Ո՞ւմ շնորհիվ երկրորդ աշխարհամարտն ավարվեց ֆաշիստների պարտությամբ»:

Այս տարի այս հարցը, կարծես թե, էլ ավելի արդիական է: Պատճառն այն է, որ անցած 4 ամիսների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հայտարարություններ է արել, որոնցում պարբերաբար շեշտվում էր այն, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ տարել է ռուս ժողովուրդը: Այսպես, օրինակ՝ 2015 թվականի հունվարի վերջին ՌԴ նախագահը հայտարարել էր, որ նացիզմի դեմ պայքարի հիմնական ծանրությունը իր ուսերի վրա կրել է ռուս ժողովուրդը: Երկու ամիս անց՝ մարտի 17-ին Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է դիմադրի Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունները փոխակերպելու և Ռուսաստանին հաղթող երկրի ստատուսից զրկելու փորձերին:

Ճիշտ կլինի մի կողմ դնել հարցի բոլոր հուզական կողմերն ու տասնամյակների պատմություն ունեցող բանավեճերն առ այն, թե արդյոք Երկրորդ համաշխարհայինում ֆաշիստները նման թափ կհավաքեին, թե ոչ, եթե Ստալինը 1939 թվականին պայմանագիր չկնքեր Հիտլերի հետ, այլ ընտրեր ֆաշիզմին դիմադրելու ուղին: Անհիմն է նաև քննարկելը, թե որքանո՞վ հավանական կլիներ Սովետական Միության հաղթանակը առանց Ֆաշիստական Գերմանիայի դեմ եվրոպական մի շարք երկրների և ԱՄՆ-ի դիմադրության: Մի կողմ դնելով Երկրորդ աշխարհամարտին վերաբերվող այս և մի շարք այլ լայն աշխարհաքաղաքական հարցեր՝ կենտրոնանանք մեկ այլ խնդրի վրա: Արդյո՞ք իսկապես Երկրորդ աշխարհամարտում Սովետական Միության տարած հաղթանակը բացառապես Ռուսաստանի ջանքերով էր: Այս հարցին պատասխանելու համար դիտարկենք ԽՍՀՄ երկրների բնակչության մասնակցությունը Երկրորդ համաշխարհայինին թվերով:

Զոհված ԽՍՀՄ զինվորականների ընդհանուր թիվը 10,6 մլն մարդ է կազմում: Ստորև բերում ենք խորհրդային հանրապետությունների համապատասխան ցուցանիշները:

Երկիր Բնակչության ընդհանուր թիվ Զոհված զինվորականներ Տոկոս
Ադրբեջան 3,270,000 210,000 6,4%
Բելառուս 9,050,000 620,000 6,85%
Էստոնիա 1,050,000 30,000 2,85%
Թուրքմենիստան 1,300,000 70,000 5,38%
Լատվիա 1,890,000 30,000 1,58%
Լիտվա 2,930,000 25,000 0,85%
Հայաստան 1,320,000 150,000 11,36%
Ղազախստան 6,150,000 310,000 5%
Ղրղզստան 1,530,000 70,000 4,57%
Մոլդովա 2,470,000 50,000 2%
Ռուսաստան 110,100,000 6,750,000 6,1%
Վրաստան 3,610,000 190,000 5,26%
Տաջիկստան 1,530,000 70,000 4,57%
Ուզբեկստան 6,550,000 330,000 5%
Ուկրաինա 41,340,000 1,650,000 3,9%

 

Բնականաբար, հարց է առաջանում, թե արդյոք, ճիշտ է դատել պատերազմում տարած մարդկային կորուստների վերաբերյալ միայն զոհված զինվորների թվով: Բնականաբար, կարևոր է նաև հաշվի առնել սովետական հանարապետությունների քաղաքացիական կորուստները:

Ստորև բերում ենք նաև ամենաշատ մարդկային զոհեր՝ թե զինվորական և թե քաղաքացիական տված երկրների ցանկը.

Երկիր Զոհերի թիվ Բնակչության տոկոս
Բելառուս 2,290,000 25,3%
Ուկրաինա 6,850,000 16.3%
Լատվիա 260,000 13,7%
Հայաստան 180,000 13,6%
Ռուսաստան 13,950,00 12,7%
Լիտվա 375,000 12,7%
Ղազախստան 660,000 10,7%
Ադրբեջան 300,000 9,1%

 

Ուշագրավ է, որ 11 տոկոսից  բարձր զոհեր տված երկրների ցանկում Հայաստանը միակ երկիրն է, որտեղ չեն ընթացել անմիջական ռազմական գործողություններ: Ռազմի դաշտ չդարձած Խորհրդային Հայաստանի տված զոհերը ընդհանուր բնակչության թվի հետ տոկոսային հարաբերության տեսանկյունից ավելի շատ են, քան պատերազմի հետ անմիջական առնչություն ունեցած Ռուսաստանինը: Դեմոգրաֆիայի տեսանկյունից Հայաստանի տված զոհերն ավելի ողբերգական էին, քան Խորհրդային Ռուսաստանինը:

Մյուս կողմից էլ՝ ռազմական գործողությունների ասպարեզ դարձած Բելառուսի դեպքում՝ այդ զոհերը երկու անգամ ավելի շատ են, քան Ռուսաստանինը: Բելառուս ժողովրդի ¼-ը նահատակվել է երկրորդ համաշխարհայինի արդյունքում:

Ու թեև այսօր ՌԴ կառավարությունը պնդում է, թե Ռուսաստանի կրած կորուստները ամենանշանակալին են, սակայն դեմոգրաֆիական տեսնակյունից միայն չոր թվերով առաջնորդվելը սխալ է: Կարևոր է հաշվի առնել, թե ինչ հետևանքներ ունեցավ պատերազմը մնածաց 14 սովետական հանրապետությունների համար, իսկ այդ հետևանքները հաճախ շատ ավելի ողբերգական էին, քան Ռուսաստանի կրած կորուստները:

Բացի այդ՝ եթե, օրինակ, Հայաստանից զորակոչված մարդկանց թվում այլ ազգությունների ներկայացուցիչներ գրեթե չկային, ապա Ռուսաստանի տված 13 մլն 950 հազար զոհերի թվին էին պատկանում նաև մի շարք այլ ազգությունների ներկայացուցիչներ՝ հրեաներ, հայեր, թաթարներ, կովկասյան մի շարք ազգություններ: Մյուս կողմից էլ՝ սովետական բանակի հրամանատարության կազմում բացառապես ռուսներ չէին: Անգամ սովետական իշխանության գլուխ կանգնած Ստալինը ազգությամբ ռուս չէր: Հետևաբար հարց է ծագում, թե որքանով է ազնիվ Վլադիմիր Պուտինի կողմից Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը բացառապես ռուս ժողովրդին վերագրելն ու Արևմուտքին պատմական փաստերի աղավաղման մեջ մեղադրելը, երբ ներկայիս ռուսական կառավարությունն ինքը մոռանում է ԽՍՀՄ մյուս ժողովուրդների կրած զոհողություններն ու արած ներդրումը հաղթանակի մեջ: Մոռանում է միլլիոնավոր անմեղ զոհերին՝ անկախ նրանց ազգությունից:
Աննա Փամբուխչյան,
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

 

* Բոլոր վերոնշյալ ցուցանիշները վերցվել են Вадим Эрлихман «Потери народонаселения в XX веке. Справочник» (Москва 2004) գրքից:

Related Posts: