Խտրականության պատկերը Հայաստանում․ հաշմանդամություն ունեցող անձինք

Sorry, this entry is only available in Armenian.

Հայաստանում սոցիալական ամենախոցելի խմբերից մեկը հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնց նկատմամբ խտրականության դրսևորումները, ցավոք, լայն տարածում ունեն։

Ինչպես նշվում է «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի «Խտրականության գործոնները և դրսևորումները Հայաստանում» 2016 թվականի զեկույցում, 2015թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառվել է 200084 հաշմանդամություն ունեցող անձ, որից 7903-ը՝ հաշմանդամություն ունեցող երեխա:

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ դրսևորվող խտրականության առավել տարածված տեսակներն են` տարբերակումը, նախապատվությունը, բացառումը, ոտնձգությունը, սահմանափակումը, տարանջատումը կամ մեկուսացումը և զոհականացումը:

Ընդ որում, խտրական վերաբերմունքի ցուցիչներ կարող են լինել ահաբեկումն ու ճնշումները, մեղադրանքն ու նախատինքը, պիտակավորումը, ծաղրը, անարգանքը, չարախոսությունը, անտեսումը կամ մեկուսացումը, քննադատական վերաբերմունքը և արհամարհանքն ու ստորացումը։

Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության ամենաառանցքային կողմը, սակայն, վերջիններիս՝ իրենց վերաբերող որոշումներում ներգրավվածության սահմանափակությունն է։

Այսպես, ըստ զեկույցի, Հայաստանում որոշումների կայացման գործընթացները և համապատասխան կառույցները ներառական չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամահեն կազմակերպությունները հիմնականում չեն ներառվում որոշումների կայացման գործընթացներում, ինչը հակասում է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային շարժման «Ոչինչ մեզ համար առանց մեր մասնակցության» սկզբունքին։

Այս առանցքային խնդրի լուծումը կարող է հանգեցնել հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված այլ խնդիրների ավելի արդյունավետ լուծմանը, քանի որ միայն այդպես է հնարավոր լիարժեք պատկերացնել առկա բացթողումները և սահմանել ճիշտ առաջնահերթություններ։ Օրինակ, թեև Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում որոշ տեղերում կան թեքահարթակներ, բայց դրանցից քչերն են իրապես հարմար և հասանելի շարժասայլակով շարժվող անձանց համար։ Այս տարրական, բայց միևնույն ժամանակ ակնհայտ օրինակով կարելի է պատկերացնել, թե ինչքան անհրաժեշտ է հենց հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը՝ իրենց վերաբերյալ կայացվող որոշումներում։

Զեկույցի հեղինակները, ըստ այդմ, նշում են, որ Հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակությունից կտրված լինելու խնդիրը մեղմելու համար հարկավոր է բոլոր ոլորտներում նվազեցնել խտրականությամբ պայմանավորված խոչընդոտները և ապահովել ֆիզիկական, զգայական և սոցիալ-մշակութային մատչելիությունը:

«Խտրականության գործոնները և դրսևորումները Հայաստանում» ծավալուն ուսումնասիրություն է, որի՝ տարբեր ոլորտներին առնչվող հատվածներին կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Related Posts: