Ուսուցչի կողմից կաշառք վերցնելը ոչ միայն էթիկայի, այլև օրենքի խախտում է

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2018 թվականի դեկտեմբերի վերջին հանրային քննարկման ներկայացրեց «Մանկավարժի վարքականոն» (էթիկայի նորմեր) նախագիծը, որը, սակայն, բազմաթիվ հարցեր առաջարկվեց և ներկայում գտնվում է վերամշակման փուլում։
Ընդհանուր առմամբ, «Մանկավարժի վարքականոնի» վերաբերյալ հիմնական մտահոգությունները կապված են նրա հետ, որ որոշ կոնկրետ երևույթներ ու հիմնախնդիրներ, որոնք կարգավորվում են այլ օրենքներով, իջեցվում են էթիկայի դաշտ և դիտարկվում էթիկայի նորմերի համատեքստում։
Մասնավորապես, Հանրային քաղաքականության ինստիտուտը նշում է, որ վարքականոնից պետք է դուրս բերել այն հիմնախնդիրներն ու դրույթները, որոնք կարգավորվում են այլ իրավական ակտերով, օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքով: Այդպիսին է, օրինակ, կաշառք վերցնելու կամ կաշառք տալու վերաբերյալ կետերը, որոնք, ըստ ԿԳՆ ներկայացրած նախագծի, անհամատեղելի են ուսուցչի մասնագիտական էթիկայի հետ։
Ինչպես նշում է «Մանկավարժի վարքականոնի» վերաբերյալ «Բաց հասարակություններ – Հայաստան» կազմակերպության առաջարկություններում, նախագծում տեղ գտած վարքագծի տարբեր դրսևորումներ հանդիսանում են օրենսդրությա՛ն և ո՛չ թե էթիկայի կամ վարքականոնների խախտում: Նման երևույթների բացահայտման դեպքում խախտումը թույլ տված անձի նկատմամբ պետք է կիրառվեն օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցներ և նման վարքագծի դրսևորումները անթույլատրելիությունը չպետք է նվազեցվի և դիտարկվի էթիկայի տիրույթում:
Որպես օրինակ է բերվում «Մանկավարժի վարքականոնի» 1․3 կետը, որտեղ, որպես էթիկայի նորմերի սկզբունքներ, սահմանված է «հարգանք երեխայի իրավունքների ու ազատությունների հանդեպ»:
Խնդիրը, սակայն, այն է, որ Հանրակրթության մասին ՀՀ օրենքով արդեն իսկ սահմանում է, որ մանկավարժական աշխատողը պարտավոր է հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը: Տվյալ կետի կրկնակի սահմանումը որպես էթիկայի նորմ նվազեցնում է տվյալ պահանջի կարևորությունը և հնարավորություն է տալիս նման խախտման բացահայտման դեպքում այն որակել որպես էթիկայի նորմի խախտում` փոխարենը օրինազանց անձի նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության միջոց կիրառելը:
Սրա մեկ այլ օրինակ է բերվում ՀՔԻ-ի՝ «Մանկավարժի վարքականոնի» վերաբերյալ հայտնած դիրքորոշման մեջ։ Մասնավորապես, «Մանկավարժի վարքականոնում» ասվում է, որ «ուսուցիչը չպետք է դիտավորությամբ իջեցնի իր դասավանդման որակը, որպեսզի սովորողին դրդի դասերից դուրս, մասնավոր հիմունքներով իր կամ մեկ այլ ուսուցչի մոտ պարապելու, քանի որ դա անուղղակի կոռուպցիա է և մասնագիտական պարտականությունների կատարման դիտավորյալ թերացում»:
Այնինչ ՀՔԻ-ն 2017-ին «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետ համատեղ պատրաստած «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության բնագավառում» զեկույցում առաջարկել էր, որ օրենսդրորեն արգելվի առարկան դասավանդող ուսուցչի կողմից վճարի դիմաց մասնավոր պարապմունքների տրամադրումն իր աշակերտներին և դրա համար նախատեսվեն պատասխանատվության միջոցներ մանկավարժական անձնակազմի և դպրոցի տնօրինության նկատմամբ։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Related Posts: