Բանտերում կրկնակի համաճարակների կանխարգելումը՝ ի շահ հանրային առողջապահության

Sorry, this entry is only available in Armenian.

Քրեակատարողական հիմնարկներում մատուցվող առողջապահության ծառայությունների որակն ուղիղ կապ ունի հանրային առողջապահության համար։ ՔԿՀ-ներում, ինչպես և այլ սոցիալապես խոցելի խմբերի շրջանում, մեծ տարածում ունեն տուբերկուլյոզի ու ՄԻԱՎ/ԶԻԱՀ-ի համաճարակները, որոնք, իրենց հերթին, փոխկապակցված են միմյանց հետ։

Ինչպես նշվում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի պատրաստած, «Բանտային առողջապահությունը և բժշկական էթիկան» ձեռնարկում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակը և տուբերկուլոզի համաճարակի զուգընթաց աճը կոչվում են կրկնակի համաճարակ կամ հատվող համաճարակ, և ոչ միայն այն պատճառով, որ դրանք ժամանակագրական և աշխարհագրական առումով համընկնում են, այլև այն պատճառով, որ երկու հիվանդություններն ու համաճարակները ուժեղ բացասական ներգործություն ունեն մեկմեկու նկատմամբ։ Ընդ որում, աշխարհում ՄԻԱՎ ունեցող շուրջ 34 միլիոն մարդկանց մոտ մեկ երրորդը վարակված է նաև տուբերկուլոզով, և ՄԻԱՎ վարակակիրների դեպքում տուբերկուլոզով հիվանդանալու հավանականությունը մոտ 30 անգամ ավելի է, քան անվնաս իմունային համակարգ ունեցող մարդկանց:

Բացի սա, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերոնշյալ հիվանդությունները չափից դուրս տարածված են չքավոր խավի մոտ, այդ պատճառով ավելի լայն տարածում ունեն բանտում, քան ազատ հասարակությունում: Բանտում ՄԻԱՎ-ի տարածվածությունը մինչև 25, իսկ տուբերկուլոզինը՝ մինչև 100 անգամ ավելի է, քան հասարակությունում՝ ընդհանուր առմամբ։

Բանտերը նպաստում են թե՛ ՄԻԱՎ-ի և թե՛ տուբերկուլոզի փոխանցմանը: Բանտային պայմանները՝ գերբեռնվածությունը, վատ օդափոխությունը, թերի սնուցումը և ոչ պատշաճ բուժօգնությունը կամ դրա բացակայությունը, ավելացնում են տուբերկուլոզի տարածումը բանտերում: Բանտերը ծառայում են որպես տուբերկուլոզի ամբարներ, որտեղից հիվանդությունն անձնակազմի, այցելուների և ազատված, սակայն պատշաճ բուժում չստացած բանտարկյալների միջոցով մղվում է դեպի ազատ հասարակություն: Տուբերկուլոզի տարածմանը նպաստող գործոնները նպաստում են նաև դեղորայքի նկատմամբ հակազդեցությամբ օժտված տուբերկուլոզի տարածմանը:

Հատկանշական է, որ «Քրեակատարողական համակարգի հիվանդանոցային այժմյան ծառայությունների արդիականացման արդյունավետ մոդելների առաջարկման նպատակով իրականացված գնահատողական առաքելության արդյունքների վերաբերյալ» 2018 թվականին հրապարակված զեկույցի համաձայն, քրեակատարողական հիմնարկներում տուբերկուլոզի բռնկումները նպաստել են տուբերկուլոզի դեպքերի աճին նաև տեղական համայնքներում:

Ըստ այդմ, անհրաժեշտ է բանտերում տուբերկուլոզի վերահսկողությունն իրականացնել նույն չափորոշիչներով, ինչ տուբերկուլոզի վերահսկողությունը հասարակությունում։ Բացի սա, անհրաժեշտ է բարելավել բանտային պայմանները, մասնավորապես՝ լուծել գերծանրաբեռնվածության, օդափոխության, սննդի հետ կապված խնդիրները։

Սրանից զատ, անհրաժեշտ է բանտերում իրականացնել վաղ ախտորոշման, հիվանդ բանտարկյալների մեկուսացման, ընդունված նորմերին համապատասխան բուժման միջոցառումներ։ Ընդ որում, նկատի ունենալով, որ տուբերկուլյոզը տարածվում է հիմնականում ՄԻԱՎ/ԶԻԱՀ-ով հիվանդ մարդկանց շրջանում, անհրաժեշտ է ակտիվացնել տուբերկուլոզ ունեցող պացիենտների շրջանում ՄԻԱՎ պացիենտների հայտնաբերումը և հայտնաբերված ՄԻԱՎ վարակակիր պացիենտների մոտ տուբերկուլոզի ախտորոշումը:

Նմանապես՝ անհրաժեշտ է ակտիվացնել հայտնաբերված ՄԻԱՎ պացիենտների համար տուբերկուլոզի կանխարգելման վերաբերյալ դասընթացները, տուբերկուլոզով վարակման վերահսկողությունը և տուբերկուլոզով հիվանդացության դեպքերի բացահայտումը:

Ընդհանուր առմամբ, ըստ «Բանտային առողջապահությունը և բժշկական էթիկան» ձեռնարկի, ազգային տուբերկուլոզային ծրագրերը և ազգային ՄԻԱՎ/ՁԻԱՀ ծրագրերը պետք է սերտորեն կապակցված լինեն, իսկ բանտերը, որոնցում կրկնակի համաճարակի հիվանդություններն առավել տարածված են, քան ազատ հասարակությունում, պետք է ներառվեն ազգային ծրագրերում և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի վերաբերյալ նախաձեռնություններում։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Related Posts: