Երկկողմ հանդիպումների առատություն եվրասիական նիստի ընթացքում

Sorry, this entry is only available in Armenian and Russian.

Երևանում հոկտեմբերի 1-ին կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը նշանակալից էր ոչ միայն ԵԱՏՄ-ի համար կարևոր համաձայնագրի ստորագրմամբ, այլև այդ նիստին մասնակցած երկրների երկկողմ բանակցությունների առումով։

Երևանյան միջոցառմանը, բացի ԵԱՏՄ անդամ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարներից, մասնակցում էին նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի, ինչպես նաև Իրանի և Սինգապուրի՝ հրավիրյալ երկրների առաջնորդները։ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրային գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի մայիսին, որն ուժի մեջ է մտնելու այս ամիս։

Ի՞նչ է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը

ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը այդ կառույցի բարձրագույն գործադիր մարմինն է, որի ընդունած կոնսենսուսային որոշումները պարտադիր են դառնում անդամ-պետությունների կատարման համար։ Այս խորհրդի նիստերը տեղի են ունենում տարեկան առնվազն մեկ անգամ՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ։

Հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի առանցքային իրադարձությունը ԵԱՏՄ և Սինգապուրի միջև համապարփակ տնտեսական համագործակցության և ազատ առևտրի մասին համաձայնագրերի ստորագրումն էր։ Բացի սա, Երևանում նիստին մասնակցած առաջնորդների միջև տեղի ունեցան բազմաթիվ երկկողմ հանդիպումներ, որոնք որոշակի կարևորություն ունեին հենց այդ երկրների համար։

Երկկողմ հանդիպումներ

Տնտեսական խորհրդի նիստը հյուրընկալող հայկական կողմի համար միջոցառումն առիթ հանդիսացավ մի շարք կարևոր երկկողմ հանդիպումներ անցկացնելու համար։ Նախ, դեռ սեպտեմբերի 28-ից Հայաստանը հյուրընկալում էր պաշտոնական այցով Երևան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սեն Յունին։ Ուշագրավ է, որ վերջին շրջանում հայ-սինգապուրյան հարաբերությունները դինամիկ առաջընթաց են գրանցում, իսկ ավելի վաղ՝ ընթացիկ տարվա հուլիսի սկզբին, Սինգապուր էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բացի սա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում երկկողմ հանդիպումներ է ունեցել ԵԱՏՄ անդամներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ, ինչպես նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։

Հայաստանի համար առանցքային նշանակություն ուներ հանդիպումն Իրանի առաջնորդ Հասան Ռոհանիի հետ։ Վերջինս վերահաստատել է Իրանի պատրաստակամությունն ընդլայնել գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալները, ինչպես նաև հայտնել է, որ իրենք պատրաստակամ են քննարկել նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու գործընթացը, ընդլայնելու երկկողմ կապիտալ ներդրումների, ազատ առևտրի գոտիների միջոցով առևտրաշրջանառության ծավալները:

Բացի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, Հասան Ռոհանին երկկողմ հանդիպումներ է անցկացրել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս հանդիպումների կապակցությամբ հարկ է նշել, որ վերոնշյալ երկրները հանդիսանում են նաև Կասպից ծովի ափամերձ պետություններ, որոնք 2018 թվականին ստորագրել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան։ Ուշագրավ է, որ Երևան այցից առաջ Վլադիմիր Պուտինը վավերացրել էր այդ կոնվենցիան։

Երևանում միմյանց հետ երկկողմ հանդիպումներ են անցկացրել նաև ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները։ Մասնավորապես, առանձնակի ուշադրության է արժանի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահի հանդիպումը։ Լուկաշենկոն առաջիկայում պատրաստվում է այցելել Ղազախստան, որի ընթացքում, սպասվում է, որ քննարկվելու են նաև Բելառուս ղազախական նավթի մատակարարման հարցերը։ Երևանյան հանդիպումն այս իմաստով նախապատրաստական նշանակություն ուներ Ղազախստանում կայանալիք հանդիպման համար։

Ղազախստանի նախագահ Տոկաևը Երևանում երկկողմ հանդիպում է ունեցել նաև Սինգապուրի վարչապետի հետ։ Վերջինս երկկողմ հանդիպում է անցկացրել նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։

Երկկողմ հանդիպումների առումով համեմատաբար «պասիվ» է եղել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։ Վերջինս Երևանում երկկողմ հանդիպում է անցկացրել միայն Մոլդովայի նախագահ Դոդոնի հետ։

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ լինելով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի հյուրընկալող երկիր՝ Հայաստանը երկկողմ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու հարթակ է դարձել միջոցառմանը մասնակցող երկրների ղեկավարների համար։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Related Posts: