Դանիել Իոաննիսյանը կմասնակցի ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի լսումներին

Sorry, this entry is only available in Armenian.

Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում գործող Եվրոպայի անվտանգության և համագործակցության Հելսինկյան հանձնաժողովում կկայանան «Բարեփոխումները Հայաստանում. առաջընթաց և հնարավորություններ» խորագրով լսումներ։ Միջոցառմանը, որպես «վկաներ», ելույթով հանդես կգան ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, «Գերմանական Մարշալ հիմնադրամի» առաջատար գիտաշխատող Ջոնաթան Դ․ Կացը, «Ալիք մեդիայի» հիմնադիր ու գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ավագ տնօրեն Միրիամ Լանսկոյը։ Հելսինկյան հանձնաժողովն ԱՄՆ կառավարական մարմին է և բաղկացած է 9 սենատորներից, 9 կոնգրեսականներից և գործադիր իշխանության 3 ներկայացուցիչներից։

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում բացված  ժողովրդավարական նոր փուլը պատմական հնարավորություն է ստեղծել կարևորագույն բարեփոխումների առաջմղման համար: Ամերիկյան որոշակի աջակցություն արդեն իսկ առկա է՝ նպաստելու Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացմանը: Ավելին, Կոնգրեսի կողմից հնչում են այդ աջակցությունը կրկնապատկելու կոչեր:

Հաշվի առնելով այս զարգացումները՝ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը կհրավիրի լսումներ՝ մինչ այժմ Հայաստանի կառավարության գրանցած ձեռքբերումները գնահատելու, բարեփոխման ենթակա առաջնահերթ ոլորտները հատկորոշելու և բարեփոխումների գործընթացներին ԱՄՆ աջակցության հնարավորություններն ընդգծելու նպատակով:

Ավելի ուշ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կայքում կտեղադրենք նաև Դանիել Իոաննիսյանի ելույթի խոսքը։

Լսումներին կարող եք հետևել ուղիղ եթերով՝ Հայաստանի ժամանակով ժ․ 22։00-24։00-ին (Վաշինգտոնի ժամանակով՝ 14։00-16։00-ին)։

 

«Իրազեկ քաղաքացիների միավորման»

Related Posts: