Պալիատիվ խնամքի բացակայությունն իբրև խոշտանգում

Sorry, this entry is only available in Armenian.

Որոնողական համակարգում «պալիատիվ խնամք» արտահայտությամբ հրապարակումները շատ չեն. եղածներն էլ կամ զեկույցներ են կամ միջազգային ընկերությունների կողմից ներկայացված հաշվետվություններ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պալիատիվ խնամքը սահմանում է որպես մոտեցում, որը բարելավում է հիվանդների և նրանց ընտանիքի անդամների կյանքի որակը, երբ նրանք բախվում են մահացու հիվանդությունների:

Պալիատիվ խնամքի նպատակը կյանքի որակը բարելավումն է. խնամք, որը չի բուժի, բայց և «արժանապատիվ կյանք» կապահովի։

Հայաստանում շատերը մտածում են, որ եթե հիվանդությունը չունի վերջնական բուժում, ինչպես օրինակ քաղցկեղի որոշ տեսակների դեպքում է, նորմալ է, երբ հիվանդության ընթացքն ուղեկցվում է անտանելի ցավերով ու տառապանքով:  Մինչդեռ հնարավոր է ապրել անցավ. բժիշկն իրավունք ունի հոգեմետ դեղեր նշանակել դրա կարիքն ունեցող հիվանդին:

Չնայած սրան, շատ հիվանդներ ու նրանց ընտանիքի անդամներ, երբեմն անգամ որոշ բժիշկներ ու մասնագետներ տեղեկացված չեն  իրենց իրավունքների ու հնարավորությունների մասին: Արդյունքում, երբ բժիշկները գտնում են, որ հիվանդանոցային բուժումն այլևս օգուտ չի տա հիվանդին, նրան տուն են ուղարկում՝ թողնելով  առանց մասնագիտական օգնության, անորոշության ու ցավերի մեջ:

Քաղցկեղի տարածվածությունը Հայաստանում

Հայաստանում մահացու հիվանդություններից հատկապես տարածված է քաղցկեղը, տարեկան   դրա   հետևանքով   մահանում   է շուրջ 5600 մարդ: Թե նրանցից քանիսն են մահանալուց առաջ ստացել ցավազրկողներ, թարմ վիճակագրություն չկա, իսկ ահա Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն՝ 2011-ի տվյալներով Հայաստանում քաղցկեղից մահացած մարդկանց միայն 8 տոկոսից պակասն են մահանալուց առաջ ստացել որևէ ցավազրկող։

«Քաղցկեղը և պալիատիվ խնամքի համար իրականացվող պայքարը Հայաստանում» զեկույցի համաձայն՝ խնդիր է նաև  դեղերի  անբավարարությունը: Գործնականում նշանակումն սկսվում է ափիոնային դեղի՝ օրվա ընթացքում մեկ ներարկումից, ապա՝ մոտ երկու շաբաթ հետո ավելացվում է երկրորդ ներարկումը: Ներարկային մորֆինի ցավազրկող ազդեցությունը տևում է մինչև չորս ժամ, մյուս ժամերի ընթացքում շատ հաճախ հիվանդները մնում են առանց համարժեք ցավազրկման։

Մասնագիտական կրթությունը

Համաձայն նույն այդ զեկույցի՝ Հայաստանի բժշկական կրթության հաստատություններում բժշկության և բուժքույրության ուսանողների կրթությունը գրեթե չի ներառում պալիատիվ խնամքին և ցավի համարժեք հաղթահարմանը նվիրված դասընթացներ: Հետևանքն այն է, որ բուժաշխատողները չունեն բավարար հմտություններ և պատկերացում՝ ցավի կառավարման մասին:

Թվարկված խնդիրները կկարգավորվեն միայն պալիատիվ խնամքի ազգային ռազմավարության շոշափելի զարգացման դեմքում, երբ կարևորություն կտրվի և պացիենտի, և մասնագետի մոտեցումներին, դեղերի հասանելությանը, պալիատիվ խնամքի ծառայությունների լիարժեք իրագործմանը:

Պալիատիվ խնամքի չապահովումը ԽՈՇՏԱՆԳՈՒՄ Է

Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ պետության կողմից անհրաժեշտ քանակով և ծավալով ցավազրկողների և դրանց մատչելիության չապահովելը համարվում է խոշտանգում:  Ըստ իրավապաշտպանի՝ սա ևս արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է, քանի որ խոսքը պալիատիվ օգնության մասին է և դիտարկվում է նաև արժանապատիվ մահվան իրավունքի տեսանկյունից։

Բացի այդ, ըստ Սաքունցի, մեզանում պետությունն ունի պատժողական քաղաքականություն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։  Նրա խոսքով՝ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարն ավելի է կարևորվում, քան անձի՝ առանց ցավի ապրելու իրավունքը։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Related Posts: