Կանայք՝ քաղաքականության մեջ

Sorry, this entry is only available in Armenian.

2019թ դեկտեմբերի 6-ի Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանի ու 2 ամսական որդու՝ փոքրիկ Լեոյի մասնակցությունը մի ամբողջ օր քննարկվեց ու տարածվեց ողջ համացանցում: Քաղաքապետի առանձնահատուկ ողջույնը, ներկաների ծափողջույնները, հարցը կրկին ուշադրության կենտրոն բարձրացրին՝ արդյո՞ք կանայք լիարժեք ներկայացված են քաղաքականության մեջ, արդյո՞ք այդ ցուցանիշը գոհացուցիչ է։

Ի՞նչ ունենք իրականում

Հատկապես տեղական ինքնակառավարման մարմիններում պատկերը ոգևորիչ չէ․ եթե շատ հեռու չգնանք ու դիտարկենք օրինակ՝ 2019թ դեկտեմբերի 8-ին մի շարք համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունները, կտեսնենք, որ համայնքապետերի թեկնածուներից ոչ մեկը կին չէր: Իսկ այն համայնքներում, որտեղ նաև ավագանու ընտրություններ էին, առաջադրված 40 թեկնածուներից ընդամենը 3-ն էին կին:Այն, որ ՏԻՄ ընտրություններում (մասնավորապես` մարզերում, գյուղերում) թեկնածուները մեծմասամբ տղամարդիկ են, ոմանք կապում են կարծրատիպային մտածելակերպի ու կանանց նկատմամբ ոչ բավարար վստահության հետ, մինչդեռ խնդիրն այլ՝ ավելի խորքային հիմքեր ունի։

Եվ այսպես, եթե Աժ ընտրությունների դեպքում քվոտան պարտադրոււմ է, որ նախընտրական ցուցակներում թեկնածուների առնվազն 25%-ը կին լինի, մինչդեռ ՏԻՄ համակարգում քվոտա չկա։

Ընտրական օրենսգիրքը սահմանում է՝«Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով քառյակներում (1-4, 1-8, 1-12 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը»:

Այս քվոտան գործում է նաև Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու ընտրությունների համար։ Այսինքն, եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցությունները շահագրգրված են ապահովել կանանց որոշակի ներկայացվածություն, ապա ՏԻՄ ընտրությունների ժամանակ (բացառությամբ Երևանի, Գյումրու և Վանաձորի) նման խնդիր իրենց առջև չունեն: Գենդերային քվոտան գոնե ձևականորեն ապահովում է կանանց մասնակցությունը, թեպետ շատ ավելի ոգևորող կլիներ, եթե ընտրությունների ժամանակ նախապատվությունը տրվեր թեկնածուի պատրաստվածությանը, գիտելիքին, մասնագիտական հմտություններին՝ անկախ սեռային պատկանելությունից: Այդ դեպքում քաղաքականության մեջ կանանց ներգրավվածությունը սահմանափակված չէր լինի որևէ շեմով։

Այնուամենայնիվ, քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության խնդիրը բնորոշ է աշխարհի տարբեր երկրների՝ անկախ զարգացվածության աստիճանից։ Սա փաստում են նաև վերջին դեպքերը, երբ Ֆինլանդիան ընտրեց ամեներիտասարդ կին վարչապետին։ 34-ամյա Սաննա Մարինի ընտրությունն ընդունվեց մեծ ոգևորությամբ, իսկ եթե դեպքն օրինաչափ լիներ, դժվար թե հայտնվեր տարբեր երկրների քննարկման ու ուշադրության կենտրոնում։

Ի՞նչ են ասում թվերը

Հայաստանի քաղաքական կյանքում կանանց դերի ու նշանակության մասին որոշակի պատկերացում է տալիս նաև գործադիր մարմնում նրանց ներգրավվածության ցուցանիշը։ Այսօր գործող 12 նախարարություններից միայն մեկն է կին ղեկավարում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Սովորաբար այնպիսի գերատեսչություններ, ինչպիսիք են օրինակ՝ Ֆինասների, Արտաքին գործերի, Պաշտպանության նախարարությունները մեզանում չեն վստահվում կանանց՝ ելնելով նրանց հմտությունների վերաբերյալ կարծրատիպերից: Պատկերն այլ է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեպքում։ Կարծրատիպը, թե կանանց վերահսկողության տակ պետք է լինի ընտանիքին, երեխաներին, թոշակառուներին առնչվող հարցերը, արտացոլվում է նաև այստեղ:

Խորհրդարանական ընտրությունների դեպքում կանանց մասնակցությունը վերջին տարիներին անհամամետ աճել է:

 

Այսպիսով՝ հարկ է նշել, որ հարցը ուսումնասիրման, օրենսդրական վերանայման և առաջնահերթության կարիք ունի։ Հարկ է նշել նաև, որ 2018թ ընտրական օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում էր կանանց քվոտան սահմանել 30%, սակայն նոր ընտրական օրենսգիրքը չընդունվեց  6-րդ գումարման ԱԺ կողմից։ Կանանց իրավագիտակցության բարձրացումը, տարվող հետևողական աշխատանքները կարող են ոչ միայն արմատացած պատկերացում փոխել, այլև կիրառելի դարձնել թղթի վրա ամրագրված, բայց կյանքի չկոչվող մի շարք դրույթներ։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Related Posts: