Բուլինգ․ երեխաների բարեկեցության թաքնված սպառնալիքը

Sorry, this entry is only available in Armenian.

Աշխարհում 13-ից 15 տարեկան աշակերտների կեսը՝ շուրջ 150 մլն. երեխա, ասել է, որ դպրոցում կամ դպրոցի տարածքում հասակակիցների կողմից բռնության է ենթարկվել․ սա փաստում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին զեկույցներից մեկը։ Երևույթը, որը «բուլինգ» անունն ունի, Հայաստանում ևս տարածված, սակայն չուսումնասիրված խնդիր է։

Բուլինգը (անգլ. «bully»՝ կռվարար, բռնարար) անձի նկատմամբ կիրառվող ագրեսիվ վարքն է՝ հետապնդում, հոգեբանական տեռոր, ծեծ, հեգնանք, ծաղրանք, բամբասանքների տարածում: Այն կարող է տեղի ունենալ ցանկացած խմբում, բայց առավել վտանգավոր է դպրոցականների շրջանում:

Բուլինգը կարող է դրսևորվել ինչպես իրական կյանքում, այնպես էլ՝ առցանց: Կիբեր-բուլինգը տեղի է ունենում սոցիալական ցանցերի, SMS-ների, էլեկտրոնային փոստի կամ ցանկացած այլ առցանց հարթակների միջոցով:

Վիճակագրություն այն մասին, թե դպրոցում տարեկան քանի երեխա է հասակակցի կողմից բռնության ենթարկվում, Հայաստանում չկա։  Թեպետ խնդիրն առկա է, բայց այն հաճախ չի դիտարկվում որպես խնդիր, համարվում է  «բնականոն, նորմալ երևույթ», այդ պատճառով էլ հետազոտությունները, որոնք կչափեն բուլինգի տարածվածությունը, բացակայում են։ Փոխարենը կան թվեր, թե քանի անչափահաս է  բուլինգի ականատես եղել։

Ըստ այդմ՝ Հայաստանում երեխաների 38%-ը տեսել է՝ ինչպես են համայնքում երեխայի ծեծում, իսկ 35%-ը նվազագույնը 1–5 անգամ դպրոցում ծաղրանքի ականատես է եղել:  Սա նշանակում է, որ գրեթե յուրաքանչյուր երկրորդ երեխան դպրոցում ականատես է եղել բռնության:

Կան բուլինգի տարբեր տեսակներ․

  • ֆիզիկական՝ հարվածել, թքել, հրմշտել, ուրիշի իրերին տիրանալ կամ ջարդել, միտումնավոր կամ կոպիտ շարժումներ կատարել, որոնք կարող են վնասել մարդու մարմինը կամ գույքը,
  • բանավոր՝ ծաղրել, սպառնալ, պիտակավորել, անհարկի սեռական բնույթի մեկնաբանություններ անել,
  • հոգեբանական կամ սոցիալական՝ դիտավորյալ խմբից վտարել, չընդունել, բամբասանքներ տարածել, վախեցնել, հասարակայնորեն վարկաբեկել,
  • սեռական՝ հպումեր, հարձակումներ, բռնի գործողություններ և այլն,
  • կիբեր՝ նվաստացումներ կամ կիբերսադրանք՝ տեքստային հաղորդագրություններ, սպառնալիքներ, անպարկեշտ նկարներ վիրավորական նյութեր ուղարկելը կամ տարածելը ինտերնետի կամ այլ տեխնոլոգիաների միջոցով:

Հայաստանում բուլինգի դրսևորման հիմքում ընկած է կարծրատիպային  մտածելակերպը, իրենցից տարբերվողների նկատմամբ անհանդուրժողականությունը, յուրահատուկ արտաքին տեսքը, այսպես կոչված «կանոններից» շեղումը,  սեռական կողմնորոշումը, ընտանիքի սոցիալական ծանր պայմանները,  իրավագիտակցության ցածր մակարդակը և այլն։

 

Բուլինգը վտանգավոր է դպրոցահասակ երեխաների համար նաև այն պատճառով, որ նրանց մոտ  հենց այս տարիքում է ձևավորվում ինքնաճանաչումն ու աշխարհընկալումը: Դպրոցում սովորող երեխաների առնվազն 60%-ը տանը չեն հայտնում իրենց նկատմամբ իրականացված բռնության մասին։ Խնդրի անցնցում կարգավորման համար անելիք ունեն և՛ ծնողները, և՛ կրթության ոլորտի ներկայացուցիչները, և՛ իրավապահ մարմինները։ Անհրաժեշտ է տևական ու հետևողական աշխատանք հարցի արմատական լուծման համար։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Related Posts: