Հայտարարություն Ռուսաստանում Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի գործունեության արգելման մասին

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский” и “Американский Английский”.

2018թ. մարտի 13-ին Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (EPDE) և իր անդամ Ընտրությունների ուսումնասիրության միջազգային կենտրոն (IESC) լիտվական կազմակերպությունը Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության կողմից ճանաչվել են անցանկալի կազմակերպություններ։

Պլատֆորմի նկատմամբ ՌԴ բացասական վերաբերմունքը պայմանավորված է պլատֆորմի անդամ ռուսական «Գոլոս» ասոցիացիայի բացահայտումներով, որոնք մշտապես ակնհայտ են դարձնում ՌԴ-ում կատարվող ընտրակեղծիքներն ու ընտրախախտումները։ «Գոլոս»-ը «օտարերկրյա գործակալի» պիտակավորում է ստացել ՌԴ արդարադատության նախարարության կողմից դեռևս 2014թ., իսկ նրա անդամների նկատմամբ հետապնդումները, սահմանափակումները և վարկաբեկման փորձերը շարունակական բնույթ են կրում։

Այս օրերին ասոցիացիայի աշխատակիցների նկատմամբ ճնշումները հատկապես ուժեղացել են մարտի 18-ին նախատեսվող ՌԴ նախագահի ընտրությունների պատճառով, քանի որ ասոցիացիայի մշակած վիճակագրական վերլուծության գործիքները հնարավորություն կտան բացահայտել ընտրությունների ընթացքում արձանագրվելիք թվական տվյալների բոլոր մեքենայությունները։ Ընտրությունների նախապատրաստման փուլում հնարավոր իրական մրցակիցների բացառումը և գործող նախագահ Վլադիմիր Պուտինի օգտին վարչական ռեսուրսի զանգվածային կիրառումը արդեն իսկ վկայում են այն մասին, որ ընտրությունների արդյունքները կանխորոշված են և հիմնական մարտավարությունը ընտրողների մասնակցության արհեստական ուռճացումն է։

«Գոլոս» ասոցիացիային չի թույլատրվել դիտարկել առաջիկա ընտրությունները, նրանց մերժել են տարածք տրամադրել զանգերի կենտրոնի համար, և զանգվածային լրատվամիջոցների միջոցով նրանց գործունեության վարկաբեկման հստակ քաղաքականություն է տարվում։

Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմին 2015թ. դեկտեմբերի Սահմանադրական հանրաքվեն և 2017թ. ապրիլի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները դիտարկելու հրավեր չեն տրամադրել, ինչի արդյունքում պլատֆորմը ստիպված է եղել դիտորդներին հավատարմագրել տեղական գործընկերների՝ «Քաղաքացի դիտորդ» կոալիցիայի և «Անկախ դիտորդ» դաշինքի միջոցով: Մինչդեռ հենց այս առաքելության ներկայությունը Հայաստանում 2015թ. դեկտեմբերին հնարավորություն տվեց բարձրաձայնելու Սահմանադրական հանրաքվեի ընթացքում լայնամասշտաբ ընտրակեղծիքների մասին։

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի հայաստանյան անդամ կազմակերպություններն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրազեկ քաղաքացիների միավորում

Похожие записи: