Եթե ընտրություններն ապաքաղաքական են, կներեք, այնտեղ քուչի տղերքն են անցնում․ Դանիել Իոաննիսյան

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Lragir.am-ը զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող, վարչապետին կից ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի նախկին քարտուղար Դանիել Իոաննիսյանի հետ։

Իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսեց ԸՕ փոփոխությունների անհրաժեշտությունից, որտեղ նշեց ՏԻՄ ընտրությունների մասով համամասնական ցուցակներով ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտության մասին։ Ընդդիմադիրների մի մասը համարում է, որ այդ տարբերակով քաղաքական երանգ կտրվի ՏԻՄ ընտրություններին։ Այն ԸՕ փոփոխությունների փաթեթը, որի վրա դուք աշխատում էիք, այս մասով  ի՞նչ էր առաջարկում։

Նախ սկսեմ նրանից, թե ինչ էր քննարկվել։ Մեր նախագծում ՏԻՄ ընտրությունների հետ կապված ոչինչ չկար, որովհետև նախագիծը վերաբերում էր միմիայն ԱԺ ընտրություններին։ Ժամկետների սղության պատճառով մնացած բոլոր հարցերը նախագծում տեղ չգտան։ Մեր հանձնաժողովը նաև եկել էր այն եզրահանգման, որ այո, համամասնական ընտրակարգի պետք է անցնել։ Նույն մոտեցումը կգտնեք նաև կառավարության ծրագրում, և ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը որևէ մեկի համար նորություն չպետք է լիներ։ Ինչ վերաբերում է ընտրությունները քաղաքականացնելուն, իհարկե, ընտրությունները պետք է քաղաքականացվեն, և դա միմիայն լավ է, որովհետև, եթե ընտրություններն ապաքաղաքական են, կներեք, այնտեղ քուչի տղերքն են անցնում։

Այո, համամասնական ընտրակարգի անցնելը քաղաքականացնում է ընտրությունները և դա լավ է, այստեղ երկրորդ կարծիք չկա։ Բայց ես հուսով եմ, որ Հայաստանում այլևս այն ժամանակները չեն, երբ ԱԺ խոսնակը հայտարարում էր, թե մի քաղաքականացրեք ԱԺ ամբիոնը։ Իհարկե, ՏԻՄ ընտրությունները ևս պետք է քաղաքականացվեն։ Պարզապես այն ժամանակ, երբ մենք դա մեր հանձնաժողովում քննարկում էինք, շատ հարցեր կային, որոնց շուրջ իրոք խորքային քննարկումներ էին պետք։ Օրինակ, թե որ համայնքների վրա դա պետք է տարածվի՝ խոշորացվա՞ծ համայնքների վրա, որոշ չափից մեծ համայնքների վրա՞, թե՞ բոլոր համայնքների վրա։ Մենք այն ժամանակ հակված էինք, որ դա տարածվի ենթադրենք 10 հազարից շատ ընտրող ունեցող համայնքների վրա։ Հիմա վարչապետն ասում է, որ ավելի շատ խոշորացված համայնքների վրա տարածվի։ Սա քննարկման հարց է։ Նույնկերպ քննարկման հարց է, թե արդյոք քաղաքացիական նախաձեռնություններով կարելի է առաջադրվել ՏԻՄ ընտրություններով, թե՞ միայն կուսակցությունների միջոցով է կարելի։ Կամ ինչպիսի՞ն պետք է լինի անցողիկ շեմը, ընդհանրապես պե՞տք է լինի անցողիկ շեմ, թե ոչ։ Համայնքի ղեկավարի ընտրությունը պետք է լինի ուղի՞ղ, թե այնպես, ինչպես Երևանում, Գյումրիում, Վանաձորում է։ Եթե պետք է լինի ուղիղ ընտրություններով, ապա Երևան, Վանաձոր, Գյումրի քաղաքներում ևս դա պետք է վերանայել։ Բացի այդ, այդ երեք քաղաքների ընտրություններից պետք է հանվի բոնուսային համակարգը։

Մեկ տարի հետո Գյումրիում ու Վանաձորում ընտրություններ են, բայց մենք մինչ այս պահը չունենք փոխված ընտրական օրենսգիրք։ Սա խնդիր չէ՞։

Այո, 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին լինելու են ՏԻՄ ընտրություններ, այդ թվում՝ Վանաձորում և Գյումրիում, ու մենք ոչ միայն նոր Ընտրական օրենսգիրք չունենք, այլև չունենք քննարկումները այն հարցերի, որոնք քիչ առաջ նշեցի։ Եթե այսպիսի դանդաղությամբ շարժվենք, ապա ինչ-որ տեղ խորհրդարանը կրելու է քաղաքական պատասխանատվություն նրա համար, որ ընտրությունները կանցնեն ոչ ժողովրդավար և վատ ընտրական օրենսգրքով, վատ կարգավորումներով և բազմաթիվ խնդիրներով։

Ինչո՞ւ են ուշանում այդ քննարկումները։ Թեև Ընտրական օրենսգրքի փաթեթը գրեթե պատրաստ է, որը դեռ նախորդ ԱԺ-ի ժամանակ դրվեց քվեարկության ու չանցավ։

Այս պահին ԸՕ փոփոխությունների հարցով խումբ չկա ձևավորված։ Կարծում եմ՝ ոչ թե պետք է ընդունել այն նախագիծը, որ այն ժամանակ էր պատրաստվել, որովհետև այն վերաբերում էր միայն ԱԺ ընտրություններին, այլ օր առաջ պետք է սկսել բովանդակային, խորքային քննարկումներ՝ կապված ՏԻՄ ընտրությունների հետ։ Այդ քննարկումները եթե չսկսեն հնարավորինս արագ, լուրջ խնդիրներ ենք ունենալու հաջորդ տարվա աշնանը տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների հետ։

Մտահոգություններ արտահայտելիս նկատի եք առնում նաև Աբովյանում տեղի ունեցած ընտրություննե՞րը, որոնք ջրի երես հանեցին որոշ խնդիրներ։

Այո, ես կարծում եմ, որ սա իշխանության համար դաս պիտի լինի, որ ԸՕ-ն պետք է փոխել, որ քաղաքականություն բերվեն ՏԻՄ ընտրությունները։ Շատ է խոսվում Աբովյանի ընտրություններում հասարակության որոշակի շրջանակների կողմից հարգված Էդուարդ Բաբայանի ոչ քաղաքական ազդեցության մասով։ Ես կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք այդ կարծիքին են, պետք է թիվ մեկ մոտիվացվածը լինեն, որ փոխվի Ընտրական օրենսգիրքը, որ նվազագույնի հասցվեն նման ազդեցությունները։

Եթե փոխվի ԸՕ-ն, որքանո՞վ թաղային հեղինակություններն այլևս ազդեցություն չեն ունենա ընտրությունների վրա։

Հարցը միայն ընտրակարգը չէ։ Հարցը թե ընտրակարգն է, թե քարոզարշավի կանոնակարգումները, ֆինանսավորումը, քարոզարշավին անվճար հնարավորությունների զինանոցը։ Այստեղ շատ հարցեր կան, որոնք առավելագույնս մոտիվացնում են, խթանում են քաղաքական մրցապայքարը և առավելագույնս թուլացնում են ապաքաղաքական մրցապայքարը։

Եթե Ընտրական օրենսգիրքն ամբողջությամբ փոխվի, արդյոք խորհրդարանը կկարողանա զերծ մնալ օլիգարխ-սեփականատեր պատգամավորներից, քրեական հեղինակություններից։ Կարծես թե այս կարևոր խնդիրն այդպես էլ լուծում չստացավ, և մենք ԱԺ-ում ունենք այսպես կոչված խոշոր սեփականատերեր։

Իրականում, հարցը ոչ միայն ԸՕ-ն է, այլ նաև Կուսակցությունների մասին օրենքը։ Դուք հիշում եք, որ Կուսակցությունների մասին օրենքը ևս պետք է փոխվեր, բայց այս 13 ամսում որևէ ուղղությամբ տեղից չի շարժվել։ Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները նվազագույնի կհասցնեն այդ ռիսկը, զրո չեն դարձնի, բայց նվազագույնի կհասցնեն։

 

Հարցազրուցավար՝ 

Սիրանույշ Պապյան

Похожие записи: