Ակնարկ Հայաստանում ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների մասին

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский” и “Американский Английский”.

Հոկտեմբերի 5-ին մի խումբ քաղաքացիներ հարձակում են գործել «Հայելի» ակումբի վրա այն բանից հետո, երբ hayeli.am կայքում հրապարակվել էր «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածը։ Քաղաքացիները, մասնավորապես, ձվեր են նետել ակումբի պատի վրա, ինչպես նաև փակցրել ցուցանակներ և գրություններ։

Այս դեպքը քննարկման առարկա դարձավ հանրության լայն շերտերի մոտ՝ մամուլի և խոսքի ազատության համատեքստում, ինչպես նաև առիթ հանդիսացավ համառոտ վերհիշելու նմանատիպ դեպքերը։

Այսպես, օրինակ, համաձայն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2008 թվականի տարեկան զեկույցի, ի թիվս լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ տարատեսակ ճնշումների և հետապնդումների, գրանցվել են մի շարք արտակարգ միջադեպեր։ 2008-ին ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները հատկապես շատ են եղել Գյումրիում, օրինակ՝ հրկիզվել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի շենքը և ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի մեքենան։ Բացի դա, փորձ է արվել հրկիզել Գյումրու հեռուստաաշտարակը, որի միջոցով հեռարձակվում էր «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը։ 2008-ին ճնշումներ էին գրանցվել նաև «Շանթ» հեռուստաընկերության նկատմամբ, մասնավորապես՝ հեռուստաընկերություն զանգահարած անձը սպառնացել էր հրկիզել այն, եթե հեռուստաընկերությունը զրպարտություններ հաղորդի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին։ Առանձնապես դաժան դեպք էր գրանցվել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանի հետ, որին խմբագրությունից դուրս գալիս դաժանաբար ծեծի էին ենթարկել։ Նույն տարում դաժան ծեծի են ենթարկվել նաև «Հայկական ժամանակ»-ի լրագրող Լուսինե Բարսեղյանը և «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանը։ Երկու դեպքում էլ մեղավորները չեն բացահայտվել։

2009-ին հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցներ դարձել են տարատեսակ ճնշումների զոհ։ «Հայկական ժամանակ» օրաթերթը, օրինակ, ի դեմս հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի մասին հրապարակման համար դատարանի որոշմամբ պարտավորվել է 3 միլիոն դրամ վճարել կրտսեր Քոչարյանին։ Նույն գործով ճնշումներ «ՀԺ»-ի նկատմամբ կիրառվել են նաև 2010-ին։ Այդ տարի «Հայկական ժամանակի» նկատմամբ ճնշումներ են եղել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների կողմից։ Վերոնշյալ տարիներին ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները հիմնականում դրսևորվել են տարատեսակ դատական հայցերի և վարչական ռեսուրսների կիրառման տեսքով, ինչպես նաև բազմաթիվ են եղել անհատական հարձակումները լրագրողների, այդ թվում՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վրա։

Լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների առատությամբ աչքի է ընկել 2011 թվականը։ Այդ տարի, օրինակ, հրկիզվել է Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի ավտոմեքենան, շարունակվել են դատական գործերն ընդդեմ «ՀԺ»-ի (ԱԺ պատգամավորներ և հայտնի գործարարներ Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Սարգսյանի  և Սամվել Ալեքսանյանի կողմից), Քոչարյանների ընտանիքի հետ կապված գործով դատական քաշքշուկների մեջ է եղել «Ժամանակ» օրաթերթը։ Ուշագրավ է, որ 2011-ին Քոչարյանների հետ խնդիրներ է ունեցել նաև «Հրապարակ» թերթը, որի դեմ հայց էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանը և պահանջել կալանքի տակ առնել թերթի գույքն ու հաշիվները։ Այդ տարի ճնշումների է ենթարկվել նաև 7or.am կայքը, որը տևական ժամանակ անհասանելի է դարձել։ Ռուբեն Հայրապետյանի կողմից ճնշում է գործադրվել «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանի նկատմամբ, իսկ Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը շարունակական խնդիրներ է ունեցել՝ կապված վերոհիշյալ հեռուստաաշտարակի հետ։ Իր լրագրողի նկատմամբ հետապնդումների մասին 2011-ին հայտնել է նաև «Իրավունք» թերթը։

2012-ին, համաձայն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տարեկան զեկույցի, լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները հիմնականում դրսևորվել են դատական հայցերի տեսքով։ Այդ տարի, թերևս, ամենաաղմկոտ գործը կապված էր «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը։ Վերջինիս մեղադրում էին վրաերթ կատարելու և դեպքի վայրը լքելու մեջ։ Գևորգյանին կալանավորելու որոշումից հետո վերջինիս տեղափոխել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, սակայն երեք օր անց՝ լրագրողական համայնքի համախմբման շնորհիվ, Գևորգյանի խափանման միջոցը փոփոխվել էր, իսկ արդեն մի քանի ամսից քրեական գործը կարճվել էր։ Բացի սա, 2012-ի ապրիլին մի քանի օրվա տարբերությամբ հարձակումներ էին իրականացվել Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վրա։

2013 թվականին, պայմանավորված այդ տարի տեղի ունեցած նախագահական ընտրություններով, լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների դեպքերն աճել են։ Դրանք, սակայն, մեծամասամբ արտահայտվել են դատական գործերով։ Հարկ է նշել, որ այդ տարի իրենց հասցեին հաշվեհարդարի սպառնալիքներ են ստացել «Հետքի» և «Իջևան ստուդիա» հեռուստաընկերության լրագրողները, գրանցվել են լրագրողներին վիրավորելու և սպառնալու այլ դեպքեր ևս։

2014 թվականին ևս լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների դեպքերի մեծամասնությունը վերաբերում է դատական հայցերին, սակայն այդ տարի տեղ են գտել այլ միջադեպեր ևս։ Օրինակ, Lragir.am-ի լրագրողը Ֆեյսբուքում հրապարակել էր Մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման թերթիկները տարածած ակտիվիստներին խոչընդոտած երիտասարդ ՀՀԿ-ական Արկադի Ոսկանյանի և նրա ընկերների նկարները, ինչից հետո սպառնալիքներ էր ստացել անձնական նամակներով։ Այդ տարի տարբեր առիթներով ճնշումների զոհ են դարձել նաև «ՀԺ»-ի լրագրողները, մասնավորապես՝ Մկրտիչ Կարապետյանին հրավիրել էին ԵՊՀ զինկոմի բաժին, որտեղ նրա հետ կասկածելի զրույց էին ունեցել երկու անձինք։ Թերթի պնդմամբ, վերջիններս եղել են ԱԱԾ աշխատակիցներ և փորձել են հավաքագրել լրագրողին։ Բացի սա, հարկ է հիշել նաև 2014-ի մարտի 15-ին «ՀԺ»-ի խմբագրության մոտ տեղի ունեցած, հավանաբար՝ ԲՀԿ երիտասարդական կառույցի նախաձեռնած ակցիան, որի մասնակիցները խմբագրության առջև դհոլներ էին հարվածում։

2015 թվականը նշանավորվել է լրագրողների նկատմամբ զանգվածային ճնշումների դեպքերով, որոնք արտահայտվել են ֆիզիկական բռնությամբ, տեխնիկայի վնասմամբ և այլն։ Մասնավորապես, խոսքը գնում է «Էլեկտրիկ Երևանի» և 2015-ի դեկտեմբերին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրվա մասին, երբ բռնության են ենթարկվել բազմաթիվ լրագրողներ։ Ուշագրավ է, որ միայն հունիսի 23-ին «Էլեկտրիկ Երևան» ակցիայի լուսաբանման ժամանակ ֆիզիկական բռնության են ենթարկվել տարբեր լրատվամիջոցների 13 աշխատակիցներ։ ԶԼՄ-ների ևս 11 ներկայացուցիչ բախվել է այլ անօրինական խոչընդոտումների։

2016-ին ևս տարին աչքի է ընկել լրագրողների նկատմամբ զանգվածային բռնության դեպքերով, մասնավորապես՝ ՊՊԾ գնդի գրավման և դրան հաջորդած ցույցերի լուսաբանման ժամանակ։ Սրանից զատ, ինչպես 2015, այնպես էլ 2016 թվականներին արձանագրվել են լրագրողներին վիրավորելու, նրանց գործունեության խոչընդոտելու բազմաթիվ դեպքեր, ճնշումներ, ինչպես նաև դատական գործընթացներ։

2017 թվականին, լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ իրականացված ճնշումների շարքում նշանավոր են «Իրազեկ քաղաքացիների միավորման»՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ օգտին գործունեություն ծավալած դպրոցի տնօրեններին բացահայտող հրապարակման հետ կապված զարգացումները։ Այդ հրապարակումից հետո լայնածավալ ճնշումներ սկսվեցին ԻՔՄ-ի նկատմամբ, 30 դպրոցի տնօրեններ դատական հայցեր ներկայացրեցին կազմակերպության դեմ, իսկ «Իրավունք» թերթը օրենքի խախտմամբ անձնական բնույթի տեղեկություններ հրապարակեց ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի մասին։ Բացի սա, 2017-ին բազմաթիվ ճնշումներ են գրանցվել լրագրողների նկատմամբ՝ կապված խորհրդարանական ընտրությունների լուսաբանման հետ։

2018 թվականին՝ պայմանավորված ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցող թավշյա հեղափոխությամբ, բազմաթիվ են եղել նաև ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ իրականացված ճնշումները։ Ընդ որում, հեղափոխության օրերին իշխանությունների և իշխանական լծակներ ունեցող անձանց կողմից իրականացված ճնշումների հետ մեկտեղ հարկ է արձանագրել նաև ապրիլի 14-ին տեղի ունեցած միջադեպը, երբ բազմաթիվ ցուցարարներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մուտք էին գործել Հանրային ռադիոյի շենք՝ ուղիղ եթերի պահանջով։ Տարբեր բնույթի ճնշումներ գրանցվել են նաև արդեն հետհեղափոխական շրջանում։

Վերադառնալով արդեն ընթացիկ իրադարձություններին՝ հարկ է նշել, որ այս օրերին «ՎԵՏՕ» շարժման կողմից ճնշումներ են գործադրվում «Բաց հասարակությունների հիմնադրամներ – Հայաստանի» գրասենյակի նկատմամբ, որն ուղեկցվում է գրասենյակի շրջափակմամբ և գրասենյակի աշխատակիցների ու հյուրերի հասցեին հնչեցվող ատելության խոսքով։

Ավելացնենք նաև, որը վերը թվարկված դեպքերը բնավ ամբողջությամբ չեն արտացոլում ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների և խոչընդոտումների իրական ծավալները։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Похожие записи: