Երեխաների պաշտպանությունը՝ վերապատրաստված մասնագետների շնորհիվ

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Նոյեմբերի 20-ին նշվում է երեխաների համաշխարհային օրը, սակայն երեխաների նկատմամբ բռնությունը և երեխաների իրավունքների ոտնահարումները մարդկային հասարակության ամենացավալի կողմերից են։

Ինչպես նշվում է «Երեխաների պաշտպանությունը բռնություններից» ձեռնարկում, Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությունը 2005 թվականից իրականացվում է եռաստիճան համակարգով, որը նպատակ է հետապնդում ապահովել երեխաների պաշտպանությունը՝ համայնքային, մարզային և ազգային մակարդակներում։ Սակայն ներկայում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա է որոշակի անարդյունավետություն և լրացուցիչ ուռճացում։

Եռաստիճան համակարգ

Համայնքային մակարդակում գործում են խնամակալության և հոգաբարձության մարմինները, որոնք իրականացնում են երեխաների պաշտպանության առաջնային օղակի գործառույթներ։ Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներին վերապահված է կարևոր դեր և լիազորությունների բավականին մեծ շարք, որոնց նպատակն է երեխայի իրավունքի ապահովումը հիմնախնդիրների վաղ կանխարգելման և վաղ հայտնաբերման միջոցով, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանությունը, խնամքի կազմակերպումն ու վերահսկողության իրականացումը։

Մարզային մակարդակում դերակատարները՝ Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններն են, որոնք գործում են ՀՀ յուրաքանչյուր մարզում որպես մարզպետարանների կառուցվածքային ստորաբաժանումեր, ինչպես նաև Երևանում՝ որպես քաղաքապետարանի բաժին: Երեխաների պաշտպանության համակարգում ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների լիազորությունները նպատակաուղղված են ապահովելու երեխաների իրավունքների պաշտպանությունը մարզային մակարդակում։

Երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգի մյուս օղակը ազգային հանձնաժողովն է, որը պատասխանատու է ոլորտում համապատասխան քաղաքականություն մշակելու, ռազմավարական ծրագրեր իրականացնելու, տարբեր ոլորտներում երեխաների իրավունքների իրագործման կամ պաշտպանության նպատակով համապատասխան օրինագծեր ստեղծելու կամ օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու համար: Ազգային մակարդակում Երեխաների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, իսկ հանձնաժողովի անդամերն են երեխաների խնդիրներին առնչվող նախարարությունների փոխնախարարները:

Խնդիրները

Երեխաների պաշտպանության ազգային համակարգում ներկա պահին առկա մարտահրավերներից մեկն այն է, որ համակարգում նոր դերակատարներ են հայտնվել՝ ի դեմս Սոցիալական աջակցության տարածքային բաժինների, որոնք նույնպես որոշակի գործառույթներ են ստացել երեխաների պաշտպանության ոլորտում։

Սակայն նման փոփոխությունը որպես այդպիսին չի ուղեկցվել արդեն իսկ գործող մարմինների կողմից իրականացվող գործառույթների էական վերանայումերով, ինչը թույլ կտար պաշտպանության գործընթացը դարձնել ավելի արդյունավետ և առանց վերածածկերի, ամենակարևորը՝ պատասխանատվության համաչափ բաշխման։ Դա չի ապահովվել անգամ այն դեպքում, երբ նոր իրավական կարգավորումներ են հայտնվել՝ ի դեմս «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքին և «Միջգերատեսչական սոցիալական համագործակցության մասին» օրենքի։

Ըստ այդմ, ստացվում է այնպես, որ ներկա համակարգում երեխայի նկատմամբ բռնության դեպքի բացահայտման գործող ընթացակարգը կրկնվող շրջանակ է, որտեղ ներգրավված գրեթե բոլոր մարմինները իրականացնում են երեխայի դեպքի ուսումնասիրություն և դրա հիման վրա տալիս եզրակացություն դեպքի վերաբերյալ։ Հայաստանում բռնության դեպքերի հետ այս կամ այն կերպ առնչվող գրեթե բոլոր կառույցներն ունեն դեպքի գնահատման գործառույթ, ինչը շատ դեպքերում հանգեցնում է բռնության զոհի մոտ կրկնակի տրավմայի առաջացման ռիսկի։

Առաջարկ

Ձեռնարկի հեղինակները, վկայակոչելով միջազգային դրական փորձը, նշում են, որ բռնության ենթարկված կամ բարձր ռիսկի խմբում գտնվող երեխաների պաշտպանությունը պետք է կազմակերպվի հստակ ընթացակարգով, որտեղ ներգրավված յուրաքանչյուր դերակատար հստակ պարտականություններ, պատասխանատվության չափ և գործընթացում իրականացվելիք դերեր ու գործառույթներ կունենա։

Մասնավորապես, առաջարկվում է սահմանել մի շարք նոր գաղափարներ, օրինակ՝ երեխայի նկատմամբ բռնության ամեն դեպքին կցված սոցիալական աշխատող, երեխայի պաշտպանության մասնագիտացված խորհուրդ և ընտանիքի ու երեխաների պաշտպանության հարցերով մասնագիտացված դատարան։

Ընդհանուր առմամբ, «Երեխաների պաշտպանությունը բռնություններից» ձեռնարկը, որի ստեղծմանն աջակցել են ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչությունը, նպատակ ունի օգնել մասնագետներին՝ ձևավորելու միասնական պատկերացումներ և խթանելու միջմասնագիտական համաձայնեցված գործողությունները զոհերի և բռնարարների հետ աշխատանքը կազմակերպելիս: Այն, հեղինակների կարծիքով, էական դեր կարող է ունենալ միջմասնագիտական աշխատանքային նոր մշակույթի ձևավորման գործընթացում։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Похожие записи: