Անչափահաս դատապարտվածները Հայաստանում

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Հայաստանն ազատազրկման վայրերում ամենափոքր թվով անչափահաս դատապարտյալ ունեցող երկրներից է. այս պատկերը վերջերս արձանագրեց  Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

ՀՀ քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածը սահմանում է այն պատժատեսակները, որոնք կարող են նշանակվել անչափահասների նկատմամբ, դրանք են՝

1) տուգանք,

2) հանրային աշխատանքներ,

3) կալանք,

4) որոշակի ժամկետով ազատազրկում:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության ներկայացրած վիճակագրությունից, 2018թ. Հայաստանում հանցագործություն է կատարել 324  անչափահաս, նրանցից դատապարտվել են 70-ը, որոնցից 2-ը՝ աղջիկ: Դատապարտված անչափահասների դեպքում որպես պատիժ մեծ մասամբ ընտրվել է ազատազրկումը.  հանցագործությունների ուղիղ կեսն արվել է Երևանում:

Ինչպես 2017-ին, այնպես էլ 2018-ին անչափահաս դատապարտյալների մեծ մասը դատապարտվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների համար:

 

Ըստ էության՝ պետությունը պետք է անչափահասների կողմից կատարված հանցագործություններին առավել մեղմ մոտեցում ցույց տա: ՀՀ քրեական օրենսգրքում նշվում է, որ առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անչափահասը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե, ըստ դատարանի, նրա ուղղվելը հնարավոր է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառմամբ:

Անչափահասներն առավել զգայուն են կիրառվող պատժատեսակների, դրանց բնույթի, կիրառման ձևի և այլ հանգամանքների նկատմամբ: Ազատությունից զրկելը բացասաբար է անդրադառնում  անչափահասի զարգացման, սոցիալականացման գործընթացի վրա:  Հետևաբար խիստ կարևոր ու անհրաժեշտ են անչափահաս դատապարտյալների հետ տարվող  վերասոցիալականացման աշխատանքները, որոնք ենթադրում են հոգեբանամանկավարժական, տնտեսական, բժշկական, իրավաբանական և կազմակերպչական միջոցների համալիր, երկարատև գործընթաց:

Այն ուղղված է դատապարտյալին անհրաժեշտ հմտություններով զինելուն և պատժի կրումից հետո դեպի հասարակություն վերադարձին:

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի՝ անչափահաս դատապարտյալները պահվում են չափահասներից առանձին: Նրանց համար պետությունը պարտավորված է ստեղծել բարենպաստ կենցաղային պայմաններ: Հայաստանում անչափահասների համար նախատեսված է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը, որտեղ նրանք իրենց պատիժը կարող են  կրել մինչև 21 տարեկանը:

Վերասոցիալականացման գործընթացը փաստացի սկսվում է անչափահաս դատապարտյալի ազատազրկման վայր հայտնվելու առաջին օրվանից և շարունակվում պատժի կրման ողջ ընթացքում:  Այս ամենի նպատակը սոցիումից կտրված անձին՝ այդ դեպքում անչափահաս դատապարտյալին, պատրաստելն է պատժի կրումից հետո կրկին մուտք գործել հասարակություն՝ դառնալու դրա լիարժեք անդամ։

Ի թիվս տարվող մի շարք աշխատանքների, անչափահաս դատապարտյալների հետ  2019թ․ սեպտեմբերից  անցկացվում է նաև հանրակրթական ծրագիրը: Այն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված  կարգով, որի շրջանակում աշակերտներն ուսումնասիրում են ճիշտ նույն առարկաները, ինչ հանրակրթական դպրոցներում:

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից այս ծրագիրը վերջին անգամ իրականացվել է 2015 թվականին. այս պահին այն անցկացվում է 3 ՔԿՀ-ներում՝ Աբովյան, Արմավիր և Նուբարաշեն: Հանրակրթության ծրագրին մասնակցում է ընդհանուր առմամբ 10 դատապարտյալ: Դասավանդող ուսուցիչների խոսքով՝ երբեմն կարիք է լինում նրանց հետ տարվող աշխատանքները մեկնարկել տառեր սովորելուց:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Похожие записи: