- 15 Մարտի, 2016
- Արտաքին քաղաքականություն
Անցած շաբաթը հայ-ռուսական «ստրատեգիական» գործընկերության ռազմական ուղղության համար այնքան էլ բարեհաջող չէր: Տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ ստորև:
Նախ և առաջ, մարտի 9-ին ՌԴ «Ռազմաարդյունաբերական սուրհանդակ»-ի փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը «Ֆորպոստ՝ մի շարք հարցերով…» վերնագիրը կրող հոդվածում հրապարակել էր ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի վերաբերյալ մի շարք տվյալներ՝ մանրամասն նկարագրելով հայկական զինված ուժերի կառուցվածքը, սպառազինությունն ու կարևոր օբեկտների տեղակայումը: Այս տվյալները, բնականաբար, հասարակական քննարկման համար չեն նախատեսված, հատկապես, եթե հաշվի առնենք վերջին երկու տարիներին Արցախյան հակամարտության սառեցված վիճակի աննախադեպ «տաքացումը»: Ավելին՝ նմանօրինակ տեղեկությունը հեշտ հասանելի չէ, և պետք է համապատասխան տեղեկատվական աղբյուրներ ունենալ՝ այն ստանալու համար: Բացի այդ՝ Խրամչիխինը նախկինում հրապարակել է նմանատիպ հոդվածներ Մոլդովայի և Վրաստանի վրաբերյալ ևս: Արևելյան գործընկերության անդամ այս երկու ՌԴ-ին «անհնազանդ» երկրների շարքին այժմ փաստորեն Հայաստանն էլ «դասվեց»: Այս հրապարակումը այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ՀՀ ռազմավարական «դաշնակիցը» ինչ-որ պատճառով պատժում է Հայաստանին` հանրայնացնելով նրա ռազմական ուժերի մասին գաղտնի տվյալներ:
Նմանօրինակ եզրակացության օգտին է խոսում նաև այն, որ Ալեքսանդր Խրամչիխինը կապված է ՌԴ նախագահի հրամանագրով հիմնված ՀԿ-ների, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ-ի հետ:
ՆԱՏՕ
Այդ հրապարակումը զավեշտալի «զուգադիպությամբ» տեղի ունեցավ հենց նույն օրը, երբ Բրյուսելում կայանում էր «Հայաստան+28» ձևաչափով Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի նիստը: ՆԱՏՕ-Հայաստան հանդիպման մասին բնականաբար հայտարարվել էր վաղուց, և այդ մասին տեղյակ էր նաև ռուսական կողմը: Հարց է առաջանում, թե ինչու վերոհիշյալ «Ֆորպոստ՝ մի շարք հարցերով…» հոդվածի հրապարակման համար ընտրվել էր հենց այդ օրը: Հաշվի առնելով ռուսական մամուլի ազատության ցածր ցուցանիշը և հրապարակված տեղեկությունների գաղտնիությունը՝ կարելի է ենթադրել, որ դա Մոսկվայի կողմից հերթական գործիքն էր՝ հայկական կառավարությանը ցույց տալու համար, թե ով է «տնօրինում» ՀՀ անվտանգությունը: Հետաքրքիր է, որ ՌԴ-ի կողմից «ստրատեգիական» դաշնակից Հայաստանին ՆԱՏՕ-ից հեռու պահելու համար ռուսական կողմը ընտրել է ոչ թե ադեկվատ բանակցությունների և շահավետ առաջարկների մեթոդը, այլ՝ շանտաժը:
«Հայաստան+28» հանդիպումը կարևոր էր ևս մեկ պատճառով՝ այս հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք տարածաշրջանային հարցեր՝ այդ թվում նաև Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը: Բացի այդ՝ կողմերը դրական գնահատեցին իրենց համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել այն արդեն նոր Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2017-2018 թվականների ծրագրի շրջանակներում:
Կոմպլիմենտարի՞զմ
Սակայն մարտի 9-ի զարգացումները այդքանով չսահմանափակվեցին: Նույն օրը ռուսական «Կոմմերսանտ» թերթը հրապարակել էր ՀՀ արտգործանախարարի հետ հարցազրույց, որի շրջանակներում Նալբանդյանը նշել էր, որ թեև Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը տարբեր երկրների բնական է, Հայաստանը չի կարող «ուրախ լինել» այն առթիվ, որ Ադրբեջանը Ռուսաստանից զենք է գնում և ամեն օր սպառնում նոր պատերազմ սկսել: Ուշագրավ է, որ ՀՀ կառավարությունը գրեթե երբեք նման հայտարարություններ չի արել, առավել ևս ռուսական մամուլին:
Սա, թերևս, բացատրվում է այն հանգամանքով, որ հայկական կողմը փորձում է ռազմաքաղաքական հարցերում ինչ-որ չափով անկախանալ Կրեմլից, կամ այդ կախվածության դիմաց իրական դիվիդենդներ ստանա (և ոչ 200 միլիոն դոլարի հին զենք):
Հարց է առաջանում՝ արդյո՞ք չի ուշացել այս արձագանքը, եթե հաշվի առնենք այն, որ ադրբեջանական կողմը արդեն մինչև ատամները զինված է ռուսական զենքով և հենց ռուսական զենքով է գնդակոծում հայկական բնակավայրները, իսկ ռուս «վերլուծաբանները» մանրամասն տեղեկություններ են հայտնում հայկական ռազմական ուժերի վերաբերյալ: Սակայն, անշուշտ, ազնվության համար հարկավոր է արձանագրել, որ այս հարցում, ինչպես ժողովուրդն է ասում, ավելի լավ է ուշ, քան երբեք:
Հետագա օրերը
Հաջորդ օրը՝ մարտի 10-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանեց Մոսկվա: Ընդ որում, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սերժ Սարգսյանի քննարկման կարևորագույն մասը, ըստ լրատվամիջոցների, կազմում էին անվտանգության հարցերը ՀԱՊԿ սահմաններում, ինչպես նաև Արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Հաշվի առնելով այն, որ ՀԱՊԿ-ը առանց որևէ կասկածի նշույլի անգամ ֆիկտիվ կազմակերպություն է, որը որևէ անվտանգության հարց չի լուծում անդամ երկրների համար (առավել ևս՝ ԼՂՀ անվտանգության դեպքում), հարց է առաջանում, թե ինչու են ՀՀ և ՌԴ նախագահները քննարկում Արցախյան հակամարտության լուծման ուղիները հենց «Հայաստան+28» հանդիպման հաջորդ օրը:
Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ մարտի 14-ին Երևանում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովին մասնակցող Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հայտարարեց, որ «Թուրքիան իր գործողություններով ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արևելքում, իսկ Հայաստանը կարևոր դեր ունի խաղաղության ապահովման գործում»… Ընդ որում, Նարիշկինը Երևանում հիշատակեց Թուրքիայի կողմից Սիրիայի սահմանամերձ շրջանների ռմբակոծումը՝ մոռանալով Ադրբեջանի կողմից ՀԱՊԿ անդամ Հայաստանի բնակավայրերի գնդակոծումը:
Այս ֆոնին, բնականաբար, կսկսենք ինքներս մեզ հարցնել, թե հիմա ում է ավելի շատ պետք այդ ստրատեգիական դաշնակցությունը՝ Հայաստանին, որի անվտանգությունը որևէ կերպ չի շահում ռուս-թուրքական հարաբերությունների վերջին միտումներից, թե Ռուսաստանին, ում համար ռազմական բազան Գյումրիում՝ Թուրքիայի սահմանին այսօր առավել, քան երբևէ կարևոր նշանակություն ունի: Միգուցե, իրոք, ավելի լավ է վերջապես դադարել ձևացնել, որ մենք միակ շահող կողմն ենք և սկսել հետապնդել հայկական ազգային շահերը, այլ ոչ թե ստրատեգիական կամ ոչ ստրատեգիական դաշնակիցներինը: Հարցը հռետորական էր՝ պատասխանը բոլորս էլ գիտենք:
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»