- 15 Հուլիսի, 2022
- Արտաքին քաղաքականություն
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում վերջինիս վերահսկողության տակ անցած հայկական Շուշի քաղաք պարբերաբար այցելում են Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներ։
Վերջին գրեթե մեկ տարում Բաքվի նախաձեռնությամբ կազմակերպվող այդպիսի այցերին մասնակցել են դիվանագետներ արդեն մի քանի տասնյակ երկրներից։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ամփոփել է այդ երկրների շարքը։
ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանները՝ այցելուների թվում
Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությամբ դիվանագետների առաջին այցը Շուշի կայացել է 2021 թվականի հուլիսին։ Դրան մասնակցում էին Հայաստանի ռազմական դաշնակիցներ համարվող ՀԱՊԿ անդամ երեք երկրների դեսպանները։
Այցելուների թվում էին նաև ՀՀ հարևաններ Իրանի, Թուրքիայի, Վրաստանի դեսպանները, ԵՄ երկրներից՝ Ավստրիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Շվեդիայի, Իտալիայի, Լատվիայի, Հունգարիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Հունաստանի, Բելգիայի, Էստոնիայի, Լիտվայի, Ռումինիայի, Սլովակիայի դեսպանները։
Այցելուների թվում էին նաև Ուկրաինայի, Բրազիլիայի, Չինաստանի, Ալժիրի, Պաղեստինի, Հորդանանի, Իսրայելի, Շվեյցարիայի, Կոլումբիայի, Կորեայի, Քաթարի, Մալայզիայի, Մեքսիկայի, Մարոկկոյի, Պակիստանի, Սերբիայի, Սաուդյան Արաբիայի, Ճապոնիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Չիլիի, Իրաքի, Լիբիայի, Սուդանի և Վենեսուելայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները։
2022 թվականի մայիսին Շուշի է այցելել նաեւ Ադրբեջանում Գերմանիայի դեսպանը, հունիսին՝ Մեծ Բրիտանիայինը։
Երևանի բողոքի նոտան
Այս երկրներից որոշների դեսպանների մասնակցության առնչությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարություն էին հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։
Ըստ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ դեսպաններին էին փոխանցվել նրանց երկրների կառավարություններին ուղղված հայտագրեր, որտեղ, մասնավորապես, նշվել է, որ Հայաստանը բացարձակապես անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցելությունը, այդ թվում՝ Հադրութ և Արցախի պատմական կենտրոն՝ Շուշի քաղաք, «որոնք ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործվել են պատերազմական հանցագործություններ և զանգվածային ոճրագործություններ»։
«Բոլոր հանդիպումների ընթացքում շեշտվել է, որ դիվանագիտական ներկայացուցիչների ներգրավումը նմանօրինակ այցելություններին հակասում է Հայաստանի Հանրապետության և տվյալ երկրների միջև ձևավորված համագործակցության ոգուն, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշմանը։ Այս տեսակետից Հայաստանը հաստատակամորեն կոչ է անում ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են արդարացնել ուժի կիրառումը և դրանով իսկ խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը»,- ասված էր արտգործնախարարության հայտարարության մեջ։
ԵԱՀԿ ՄԽ երկրների մերժումը
Այդ այցին հրաժարվել էին մասնակցել Արցախյան հակամարտության միջնորդ երկրների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։
Բաքվի ռեժիմն իր քարոզչական ռեսուրսների միջոցով վրդովմունք էր հայտնել միջնորդ երկրների կողմից՝ Շուշի կազմակերպված այցին մասնակցելուց հրաժարվելու կապակցությամբ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիմքեթ Հաջիևը լրագրողների ասել էր, որ դեսպանների այցը Շուշի հենց Ալիևի նախաձեռնությունն էր: Ադրբեջանական մամուլն էլ գրել էր, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների մերժումը «ընդգծված դեմարշ է հաղթող նախագահ Ալիևի դեմ»։
ՀՀ ռազմավարական դաշնակցի դիվանագետը օկուպացված Շուշիում, Քարվաճառում
Մեկ տարի անց, սակայն, հուլիսի 14-ին, Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու ուղեկցությամբ։
Նշենք, որ 2022 թվականի մայիսի 31-ին Բաքվում ՌԴ դեսպանն այցելել էր նաև Քարվաճառ՝ այլ երկրների դիվանագետների հետ։
Посол 🇷🇺 в 🇦🇿 Михаил #Бочарников передает подписчикам привет из Кельбаджара, который он посетил сегодня в составе делегации дипкорпуса, аккредитованного в #Баку @MID_RF @AzerbaijanMFA pic.twitter.com/fSvBeq6BtD
— Посольство России в Азербайджане (@embrus_az) May 31, 2022
Նանե Մանասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»