Ադրբեջանը մարդասիրական հարցերը վերածում է քաղաքական առևտրի․ Դանիել Իոաննիսյանը՝ ԵԱՀԿ-ում

Վարշավայում շարունակվում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականությունների կոնֆերանսը, որտեղ այսօր ելույթ է ունեցել «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով մարդասիրական հարցերի շուրջ Ադրբեջանի քաղաքականությանը․

«Ցանկացած պատերազմ սարսափելի է իր հումանիտար հետևանքների առումով։

Ադրբեջանի ներկայացուցիչները խոսում են պատմության մասին: Ես նույնպես կարող եմ պատմել դեռևս 1920 թվականին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքից պապիկիս ընտանիքի փախուստի պատմությունը, մինչ մեծ ընտանիքի մյուս անդամները սպանվել էին։ Սակայն ավելի կառուցողական կլինի խոսել պետությունների ներկա վարքի մասին։

2020 թ. պատերազմի ժամանակ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բոլոր հայկական քաղաքներն ու գյուղերը կորցրին իրենց հայ բնակչությունը։ Այն սակավաթիվ հայերը, որոնք չհասցրին փախչել մինչև ադրբեջանական բանակի ժամանումը, կա՛մ գերեվարվել, կա՛մ մահապատժի են ենթարկվել (ինչը հաստատում են անկախ հետաքննող լրագրողները):

2020 թ. պատերազմից հետո ես հույս ունեի, որ դա նշանավորեց հակամարտության ավարտը։ Սակայն զինադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղի Հին Թաղեր, Խծաբերդ և Փարուխ գյուղերը՝ անհնարին դարձնելով այնտեղ հայ բնակչության մնալը։

Ադրբեջանն այս երկու տարիների ընթացքում ամեն կերպ ահաբեկում է Լեռնային Ղարաբաղի հայերին։ Ադրբեջանցի զինվորները կրակել են Լեռնային Ղարաբաղ էլեկտրաէներգիա մատակարարող լարերի վրա աշխատող բանվորների վրա, կտրել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ անցնող գազատարը և խափանել այնտեղի բջջային ցանցի աշխատանքը։ Այս ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի հայկական գյուղերի (օրինակ՝ Կարմիր Շուկա, Թաղավարդ և Խրամորթ) ուղղությամբ։

Նրանք ասում են, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են։ Այդ դեպքում ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչու է Ադրբեջանը կրակում այդ մարդկանց վրա ու բոլոր հնարավոր միջոցներով ստիպում հեռանալ։

Անցյալ ամիս Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում ձեռնարկեց այս անգամ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա։ Արդյունքում մարդիկ ստիպված եղան հեռանալ ավելի շատ հայկական քաղաքներից ու գյուղերից, ավելի քան 7 հազար մարդ դարձավ ներքին տեղահանված, մի քանի խաղաղ բնակիչ սպանվեց։

Եվ ես վախենում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե ԱՄՆ-ի ջանքերով պատերազմի երկրորդ օրը ադրբեջանական ագրեսիան չկասեցվեր։

Ադրբեջանի ներկայացուցիչը խոսեց նաև ականների խնդրի մասին։ Ականի պայթյունի հետևանքով ցանկացած մարդու մահը ողբերգություն է: 2020 թվականի, այսպես կոչված, 44-օրյա պատերազմից հետո հայ ռազմագերիների վերադարձի դիմաց մաս առ մաս հանձնվեցին ականապատ դաշտերի քարտեզները։ Սակայն անցյալ տարի հայկական կողմը հայտարարեց, որ հումանիտար հարցը չի կարող լինել առևտրի առարկա և հանձնեց բոլոր քարտեզները։

Այստեղ կցանկանայի հիշեցնել, որ Ադրբեջանը, պահելով հայ ռազմագերիներին, մարդասիրական հարցը վերածել է քաղաքական առևտրի և Հայաստանի վրա ճնշում գործադրելու առարկայի։

Ժամանակն է հասնել կոնսենսուսի առ այն, որ մարդասիրական խնդիրները չեն կարող լինել առևտրի առարկա։ Ես նաև կցանկանայի նշել, որ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը միանշանակ կնվազեցնի նոր էսկալացիաների վտանգը»։

Առնչվող