Կոռուպցիան դիվանագիտական պաշտոններում

 

Երեկ Սուրբ Աթոռում (այդպես է Վատիկանի պաշտոնական անվանումը) Հայաստանի Հանրապետության դեսպան ն.գ. Միքաել Մինասյանը, համատեղության կարգով դեսպան նշանակվեց նաև Պորտուգալիայի Հանրապետությունում:

Մի կողմ թողնելով այն փաստը, որ նշանակվողը նշանակողի (Սերժ Սարգսյանի) փեսան է, փորձենք հանրությանը ներկայացնել Հայաստանի դիվանագիտական ծառայության մասին մի քանի ուշագրավ փաստեր:

Վատիկանից Լիսաբոն

Վատիկանում նստող Հայաստանի դեսպանի համատեղության կարգով Պորտուգալիայում դեսպան նշանակումը, միգուցե, այդքան էլ ուշագրավ չլիներ, եթե Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնին շատ ավելի մոտիկ նստող դեսպան չունենայինք… Խոսքը, մասնավորապես, Իսպանիայում Հայաստանի դեսպան ն.գ. Ավետ Ադոնցի մասին է, ում նստավայրը Մադրիդում է: Իսկ Մադրիդը Լիսաբոնից (ուղիղ գծով) ընդհամենը 500 կիլոմետրի վրա է, երբ Վատիկանից հեռավորությունը 4 անգամ ավել է՝ 2000 կմ:

Նույն հաջողությամբ Պորտուգալիայում դեսպան կարելի էր նշանակել Եվրոպայի ցանկացած կետում աշխատող մեր դեսպաններից մեկին (համատեղության կարգով), քանի որ, միևնույնն է, Լիսաբոնի հետ կապն ինքնաթիռով է ապահովվելու:

Փորձեցինք նաև համեմատել Լիսաբոնից 2000 կիլոմետր շառավղով աշխատող Հայաստանի դեսպանների աշխատանքային (դիվանագիտական) ստաժը: Պարզվեց, որ Բելգիայում ՀՀ դեսպանը ունի 22, Նիդեռլանդներում դեսպանը՝ 23, Միացյալ Թագվորությունում (Մեծ Բրիտանիայում) դեսպանը՝ 25, Ֆրանսիայում դեսպանը՝ 21, Իսպանիայում դեսպանը՝ 22 (ընդհատումներով) և, ի վերջո Շվեյցարիայում դեսպանը (Շարլ Ազնավուրը)՝ 7 տարվա դիվանագիտական ստաժ: … Սակայն, Պարտուգալիայում դեսպան նշանակվեց բոլոր այդ ստաժավոր դեսպաններից ավելի հեռու նստավայր ունեցող և ընդամենը 3 տարվա դիվանագիտական ստաժով ն.գ. Միքաել Մինասյանը:

Այս հանգամանքների լույսի ներքո հանրությանը պետք է հստակ ներկայացվեն այն բոլոր հանգամանքները, որոնք ընկած են Միքաել Միանասյանի նշանակման հիմքում, հակառակ պարագայում այդ նշանակումը արդարացիորեն կդիտվի կոռուպցիայի դրսևորում (քանի որ, ինչպես նշեցինք, Մինասյանը Սարգսյանի փեսան է):

Դեսպան Երևանում

Միքայել Մինասյանի դեպքը միակ «աչք ծակող» իրավիճակը չէ: Դեսպանների գործունեությունը դժվար է գնահատել, սակայն, լինում են նաև անզեն աչքով երևացող իրավիճակներ:

2009 թվականին Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը նշանակվեց Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան և այդ պաշտոնին է առ այսօր:

Թվում է, թե ն.գ. Արկադի Ղուկասյանը պետք է բանակցող լիներ Արցախյան հիմնահարցի հետ կապված գործերում և «գլխից վեր» զբաղված լիներ: Սակայն, ՀՀ Նախագահի աշխատակազմից «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» տրամադրած տեղեկանքի համաձայն, հատուկ հանձնարարություններով դեսպանն այս ընթացքում ընդամենը 7 օտարերկրյա գործուղում է ունեցել: Ընդ որում, այդ գործողումներից 4-ը՝ 2009 թվականին, 2-ը՝ 2010-ին և մեկը՝ 2015: Այլ կերպ ասած, 2010-ից 2015 թվականների ն.գ. պարոն Ղուկասյանը Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է եղել Երևանում (որքան էլ որ դա զավեշտալի չհնչի): … 5 տարի շարունակ ստացել է մինչև 560 դրամի հասնող աշխատավարձ և նստել է Երևանում:

Այս դեպքում ևս հանրությանը պետք է հստակ ներկայացվի, թե ի՞նչ էր 5 տարի Երևանում անում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, քանի որ հակառակ պարագայում կարելի է եզրակացնել, որ ն.գ. Արկադի Ղուկասյանը զբաղեցնում է այդ պաշտոնը միմիայն այն բանի համար, որ Սերժ Սարգսյանի վաղեմի ծանոթն ու զինակիցն է:

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Առնչվող