- 13 Հուլիսի, 2023
- Արտաքին քաղաքականություն
Հունիսի 23-ին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ ստորաբաժանումները հրթիռակոծել են իրենց դիրքերը, ինչի հետևանքով կան բազմաթիվ զոհեր։ Այս հրապարակմանը հաջորդեց խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի հայտարարությունը՝ ՌԴ զինված ուժերի դեմ ապստամբության մասին․ «Սա ռազմական հեղաշրջում չէ, սա արդարության երթ է»։
Հունիսի 24-ին արդեն «Վագների» զինյալները մտել էին Դոնի Ռոստով, իրենց վերահսկողության տակ առել քաղաքի բոլոր ռազմական օբյեկտները, այնուհետև սկսել շարժվել դեպի Մոսկվա՝ խոշոր ռազմական շարասյուններով:
Մերձկրեմլյան ալիքները կատարվողը որակեցին որպես ռազմական հեղաշրջման փորձ։ «Վագների» ապստամբության մեկնարկից որոշ ժամանակ անց ՌԴ քննչական մարմինները ռազմական հեղաշրջման փորձ կատարելու և զինված ապստամբության մեղադրանքներ առաջադրեցին Պրիգոժինին, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվողն անվանեց «դավաճանություն, հարված պետությանը թիկունքից»։
Պրիգոժինը, սակայն, ավարտին չհասցրեց իր «արդարության երթը» դեպի Մոսկվա․ հունիսի 24-ի երեկոյան վերջինս հայտարարեց, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո «վերադարձնում են իրենց շարասյուները» և «հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ուսումնասիրել է ռուսաստանյան քարոզչության կարկառուն ներկայացուցիչների մեդիա ակտիվությունը, ինչպես նաև շրջանառվող թեզերը՝ երկօրյա ապստամբության ընթացքում։
Մարգարիտա Սիմոնյանը «քաղաքում չէր»
«Ռուսաստանն այսօր» (Russia Today) պետական լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ռուսական քարոզչության առանցքային դեմքերից մեկը հանդիսացող Մարգարիտա Սիմոնյանը, որը հայտնի է սոցիալական հարթակներում իր ակտիվությամբ, պարզվում է, օգտահաշիվներից և ոչ մեկում որևէ հրապարակում չէր արել վերոհիշյալ իրադարձության վերաբերյալ՝ բուն ապստամբության ընթացքում։
Հունիսի 23-ին, երբ դեռ ապստամբության մեկնարկի մասին հայտնի չէր, Սիմոնյանն իր թվիթերյան, ֆեյսբուքյան և տելեգրամյան օգտահաշիվներում երկու հրապարակում էր արել՝ մեկն Ուկրաինայի նախագահի՝ «ծանր թմրադեղեր օգտագործելու», մյուսը ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից սխալմամբ իրեն ուղարկված հրավերի մասին։
Սիմոնյանը որևէ գրառում չի արել ապստամբության մասին մինչև դրա ավարտը․ առաջին անգամ թեմայի վերաբերյալ հրապարակում արել է հունիսի 26-ին՝ իր հաշիվներում տեղադրելով ռուսաստանյան հեռուստաեթերում ապստամբության մասին իր խոսքից մի հատված։ Դրանում Սիմոնյանը պնդում էր, թե «Մայր Ռուսաստան» նախագծի շրջանակում ուղևորվել էր երկրի հյուսիս նկարահանումների» և «վերադարձից հետո է միայն տեղեկացել ապստամբության մասին»։
Սոլովյովը ևս քաղաքում չէր, բայց մտահոգված էր
«Ռոսիա» հեռուստաընկերության հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, որի տելեգրամյան ալիքում օրվա կտրվածքով հրապարակվում են հարյուրավոր գրառումներ և նորություններ, հունիսի 23-ին որևէ կերպ չի անդրադարձել ապստամբությանը։
Արդեն հունիսի 24-ին ռուս պրոպագանդիստի ալիքում հայտնվում են մի քանի հրապարակումներ «Վագների» ապստամբության վերաբերյալ, ընդ որում, դրանց մեծ մասը չի կրում իրավիճակի մասին տեղեկատվական կամ վերլուծական բնույթ։ Փոխարենը, շրջանառվում է ռուսաստանյան տեղեկատվական դաշտում «ուկրաինացիների ապակողմնորոշիչ և խուճապ ստեղծող արշավի» թեզը։ Օրինակ՝ գրառումներից մեկում պնդում է արվում, թե իրավիճակի մասին տեղեկություններ հաղորդող տելեգրամյան ալիքները կառավարվում են ուկրաինացիների կողմից, և որ դրանք ապատեղեկատվություն են տարածում, ուստի՝ «պետք է հետևել բացառապես պաշտոնական աղբյուրներին»։
Մեկ այլ գրառմամբ Սոլովյովն իր զայրույթն է արտահայտում ապստամբության շուրջ ուկրաինական տեղեկատվական դաշտում տիրող ծաղրական բովանդակության վերաբերյալ։
Ապստամբության վերաբերյալ Սոլովյովի տելեգրամյան ալիքում հրապարակվել են մի շարք ընթացիկ պաշտոնական հաղորդագրություններ։ Թեման եզրափակվել է Դոնի Ռոստովից տեսանյութով, որտեղ ամեն ինչ «հանգիստ է ու խաղաղ», իսկ քաղաքի փողոցներն ու հրապարակները վերահսկում են ոչ թե «Վագների» զինյալները, այլ իրավապահները։
Ապստամբությանը հաջորդող կիրակի օրը «Երեկոն Սոլովյովի հետ» հաղորդման ընթացքում արդեն Վլադիմիր Սոլովյովը պնդեց, թե ինքը նույնպես քաղաքում չէր, երբ հայտնի դարձավ ապստամբության մասին։
Ռուսական թոքշոուների զգուշավորությունը
Մշտադիտարկման ընթացքում պարզվեց, որ ռուսական քարոզչական հեռուստատեսության եթերում որոշ վերլուծական-քաղաքական թոքշոուներ «Վագների» ապստամբության ընթացքում զգուշությամբ շրջանցել են թեման։
Քարոզչական «60 րոպե» ամենօրյա թոքշոուն հունիսի 23-ին հեռարձակվել է 2 անգամ․ դրանցից առաջինը՝ մինչև ապստամբության մասին հայտնի դառնալը, երկրորդը՝ դրա մասին հրապարակումներից հետո։ Թողարկումներից և ոչ մեկում, սակայն, անդրադարձ չկա «Վագների» ապստամբությանը։
Ապստամբության օրերին դրա վերաբերյալ թողարկում չի հեռարձակվել նաև «Ով է դեմ» նախագծի շրջանակում․ հունիսի 23-ի թողարկման մեջ թեման շրջանցված է։
Երբ արդեն կարելի էր կարծիք հայտնել
«Երեկոն Սոլովյովի հետ» թոքշոուի հունիսի 26-ի թողարկմանը, երբ ապստամբությունն արդեն ավարտվել էր, կատարվածի վերաբերյալ տրվում էին զգուշավոր և զուսպ գնահատականներ, եթերում չէր հնչում անձնավորված կամ սուր քննադատություն Պրիգոժինի և «վագներցիների» հասցեին, մինչդեռ այս հաղորդմանը, հակառակը, բնորոշ է անհանդուրժողականությամբ և անձնական վիրավորանքներով համեմված քննադատություն՝ հատկապես ռուսաստանյան ընդդիմության, հակապուտինյան գործիչների, կազմակերպությունների և ի վերջո՝ արտաքին ուժերի հասցեին։
Վլադիմիր Սոլովյովին, օրինակ, շարունակում էր հանգիստ չտալ Արևմուտքի և ուկրաինացիների «ցնծությունն ու չարախնդությունը» կատարվածի վերաբերյալ։ Նա շարունակում էր նաև թմբկահարել արևմտյան դավադրության թեզը՝ կատարվածի համար ուղղակիորեն մեղադրելով «Ռուսաստանի արտաքին թշնամիներին»։
Մարգարիտա Սիմոնյանն էլ, օրինակ, հիշեցնում էր Ռուսաստանի պատմության ընթացքում եղած քաղաքացիական պատերազմների մասին, նկարագրում դրանց ընթացքում կատարված վայրագություններն ու աղետալի հետևանքները ժողովրդի համար։ Ի պատասխան Սիմոնյանի այս զուգահեռներին, Սոլովյովն արձանագրում էր, որ եթե ապստամբությունը չի վերաճել քաղաքացիական պատերազմի, ուրեմն և պետության ղեկավարությունը, և հասարակությունը իմաստուն են՝ «դասեր են քաղել անցյալի սխալներից»։
ՌԴ պետդումայի փոխնախագահ Ալեքսանդր Բաբակովի հիմնական եզրահանգումն ապստամբությունից այն էր, որ «Արևմուտքը դրան պատրաստ չէր»։
«Նրանք տեսան, որ պատրաստ չեն Ռուսաստանում այսպիսի բնույթ ունեցող փոփոխությունների։ Մենք Արևմուտքին ցույց տվեցինք, որ ոչ միայն այսպիսի մարտահրավերների պարագայում պատրաստ ենք համախմբել, այլ նաև աշխատել բոլոր ուղղություններով, և սրան այնտեղ պատրաստ չէին»,- ասել էր ռուսաստանցի պաշտոնյան։
«60 րոպե»-ի՝ հունիսի 26-ի երկու թողարկումների ընթացքում կարմիր գծի պես անցնում էին Պուտինի շուրջ համառուսաստանյան կոնսոլիդացիայի և Արևմուտքի դավադրության մասին թեզերը։ Խիստ քննադատության էին ենթարկվում ընդդիմադիր և ուկրաինացի գործիչները, արևմտյան մամուլը։
Այսպիսով, Կրեմլի կարկառուն քարոզիչները «Վագների» ապստամբության ժամանակ լռել կամ ծայրաստիճան պասիվ հրապարակային գործունեություն էին ծավալել ինչպես սոցիալական մեդիայում, այնպես էլ հեռուստաեթերում։ Ավելին, ապստամբությունից հետո իրենց հրապարակային ելույթներում ու հաղորդումների ընթացքում նրանք դրսևորել են չափավորություն և զգուշավորություն Պրիգոժինին ու «Վագներին» քննադատելիս։
Նանե Մանասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»