Դանիել Իոաննիսյանի արձագանքը ադրբեջանցի պատվիրակին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Մարդկային չափողականությունների կոնֆերանսի ընթացքում

Քանի որ Ադրբեջանի հարգարժան ներկայացուցիչը մեզ անվանել է GONGO (Government- Operated Non-Governmental Organization` կառավարության կողմից վերահսկվող ՀԿ), ես ուզում եմ սկսել նրանից, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» բացարձակ անկախ հասարակական կազմակերպություն է, մենք Հայաստանի իշխանության ամենաուժեղ քննադատներից ենք և մի քանի դատական գործ ունենք իշխող կուսակցության դեմ։ Մի քանի տարի առաջ մենք պատիվ ունեցանք արժանանալու Ժողովրդավարության պաշտպանի մրցանակին, որը մեր կազմակերպությանը շնորհվեց ԵԱՀԿ անդամ երկրների բազմաթիվ պատվիրակությունների կողմից։

Նաև ուզում եմ նշել, որ Ադրբեջանն այստեղ հայտարարում է, որ հայկական սկաուտական կազմակերպությունները, ինչպիսիք են ՈՄԱ-ն և «Մեծն Տիգրանը», ահաբեկչական կազմակերպություններ են։ Բայց այդ կազմակերպությունները բացարձակապես զենք ու զինամթերք չունեն։

Այստեղ ես կցանկանայի անդրադառնալ Ադրբեջանի հայատյաց պետական քաղաքականությանը՝ բերելով մի քանի օրինակ:

2012 թվականին Իլհամ Ալիևը ներում է շնորհել և պարգևատրել Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում կացնով սպանել էր քնած հայ զինվորականին։ 2016 թվականին նախագահ Ալիևը պարգևատրել է ադրբեջանցի զինծառայողին, որը գլխատել էր հայ զինվորի մարմինը։

2020 թվականին հայերի դեմ կատարված ռազմական հանցագործությունների մեջ կասկածվող զինվորները մեդալներ են ստացել նախագահ Իլհամ Ալիևից։

Ադրբեջանում հայատյացությունն այնքան խորն է և այնքան անպատիժ, որ ադրբեջանցի զինվորները սոցցանցերում ազատորեն հրապարակում են ռազմական հանցագործությունների կադրեր (օրինակ՝ հայ ռազմագերիների զանգվածային մահապատիժ)՝ առանց դրա համար պատժվելու վախի, քանի որ արժանանում են հասարակության և բարձրաստիճան պաշտոնյաների ծափահարություններին։

Իր ժողովրդին ուղղված ուղերձում նախագահ Ալիևն ասել է․ «Մենք նրանց շների նման քշում ենք։ Ադրբեջանի զինվորականները նրանց շների նման քշում են»։

Ադրբեջանի հայատյաց պետական քաղաքականությունն արձանագրվել է մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի կողմից։ Պետք է նշեմ, որ Ադրբեջանը պետություն է, որը մերժում է հայկական ազգանունով անձանց մուտքը՝ անկախ նրանց քաղաքացիությունից։

Անցած տարվա ընթացքում Ադրբեջանը ձեռնարկեց բոլոր միջոցները՝ վերահսկողության տակ առնելու Լեռնային Ղարաբաղի տարածքը և ապահովելու, որ այնտեղ հայեր չմնան։ Եվ միջազգային հանրության լռության պատճառով նրանք հաջողությամբ իրականացրեցին Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը։

Եվ, ինչպես գիտեք, այսօր, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»՝ մի սուբյեկտ, որը քաղաքական խոսույթ ներմուծվել է Իլհամ Ալիևի կողմից, կազմակերպում է միջոցառում՝ հայերի դեմ ատելություն սերմանելու և փաստացի Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ հավակնություն ներկայացնելու նպատակով։ Պարզապես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այս կառույցի խոսնակն իր սոցիալական ցանցերում օրերս հայտարարել է. «Թող բոլոր թշնամի շները սատկեն», «Թող ամբողջ հայ ժողովուրդը սատկի»։

Խնդրեմ, կարող եք միանալ նրանց միջոցառմանը և հարցնել, թե ինչպես են նրանք ցանկանում, որ բոլոր հայերը մեռնեն:

Առնչվող