Որ երկրներն ինչպես են շնորհավորել Ալիևին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացան նախագահական արտահերթ ընտրություններ․ երկրի գործող ղեկավար Իլհամ Ալիևը վերընտրվեց նախագահի պաշտոնում։

Ավելի վաղ՝ հունվարի 10-ին, տեղական լրատվամիջոցների հետ զրույցում Ալիևն ասել էր, թե Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական վերահսկողության հաստատումից հետո «հանրապետության ամբողջ տարածքում ինքնիշխանության վերականգնմամբ»:

Ալիևն ասել էր, որ նախագահական ընտրությունները պետք է նշանավորեն «նոր ժամանակաշրջանի սկիզբը»։

Ընտրությունները, որի արդյունքներով Ալիևը մտել է պաշտոնավարման երրորդ տասնամյակը, զուրկ էին քաղաքական մրցակցությունից և անցել են լուրջ ընտրական թերություններով և լրատվամիջոցների համար սահմանափակումներով։ Այս մասին  Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են ԵԱՀԿ-ի դիտորդները։

Առաքելության ներկայացուցիչները նշել են, որ քվեարկությունն անցկացվել է սահմանափակող միջավայրում, էական թերություններով։

Չնայած սրան, մի շարք երկրների ու կառույցների ղեկավարներ շնորհավորական ուղերձներ են հղել Ալիևին վերընտրվելու առթիվ։ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ամփոփել է այդ երկրներ ցանկն ու առանձնացրել ուշագրավ շնորհավորական ուղերձները։

Մոսկվան քննադատել է միջազգային դիտորդներին, պնդել՝ Բաքուն մրցակցային ընտրություններ է անցկացրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազանգով է շնորհավորել Ալիևին՝ Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով նրան «հաջողություն նախագահական գործունեության մեջ՝ հանուն Ադրբեջանի զարգացման և դրա ժողովրդի բարգավաճման»։

Հատկանշական է, որ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել նաև ՌԴ ԱԳՆ-ն՝ քննադատելով ադրբեջանական ընտրական գործընթացների վերաբերյալ արևմտյան դիտորդների բացասական գնահատականները: Այդ երկրի արտգործնախարարությունը մեջբերել է ռուսաստանցի դիտորդների մեկնաբանությունները՝ «քվեարկությունն անցել է մրցակցային պայմաններում, այլընտրանքային հիմունքներով և բարենպաստ մթնոլորտում»։

«Այս ֆոնին ծայրաստիճան կողմնակալ էին Արևմուտքի երկրների և նրանց կողմից վերահսկվող միջազգային կառույցների գնահատականները, որոնք, ինչպես տեսանք, ի սկզբանե չափազանց կողմնակալ էին Ադրբեջանի նախագահական ընտրությունների նկատմամբ և կիրառում էին ընտրական գործընթացը վարկաբեկելու նախապես հաստատված մեթոդներ»,- ասվում է հայտարարությունում։

ՀԱՊԿ անդամ այլ երկրներ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջիններից էր, որ շնորհավորեց Ալիևին․ «20 տարվա ընթացքում ձեր վճռականության, բարձր քաղաքական մշակույթի և ձեր ժողովրդի ձայնը լսելու ունակության շնորհիվ կառուցվեց հզոր, անկախ պետություն, որի կարծիքն աշխարհում հաշվի են առնում։ Ձեր անունն իրավացիորեն կապված է տնտեսական առաջընթացի և քաղաքացիների բարեկեցության աճի, միջազգային ասպարեզում Բաքվի ինքնիշխանության և դերի ամրապնդման հետ»։

ՀԱՊԿ անդամ մյուս բոլոր երկրների՝ Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի ղեկավարները ևս շնորհավորել են Ալիևին։

Իրանի նախագահը կարևորել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Ալիևին ուղղված իր շնորհավորանքում շեշտել է «առաջին անգամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգման պայմաններում ընտրությունների անցկացման կարևորությունը»։

«Առաջին անգամ Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումից ի վեր այս ընտրությունների անցկացումը ձեր երկրի ամբողջ տարածքի վրա կարևոր նշանակություն ունի»,- ասել է Իրանի նախագահը։

Բաքուն Չինաստանի՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, շնորհավորելով Ալիևին, նշել է, որ վերջին տարիներին չին-ադրբեջանական հարաբերություններն աչքի են ընկել օրինակելի ու կայուն զարգացմամբ։

Նրա խոսքով՝ ստեղծվում է բարձր մակարդակի քաղաքական վստահություն, առաջ է մղվում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ նախաձեռնությունը, սերտ համագործակցություն կա միջազգային հարցերում։

Միշելը Ալիևին «լավագույնն» է մաղթել

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը, շնորհավորելով Ալիևին հինգերորդ անգամ ընտրվելու առթիվ, մաղթել է նրան «լավագույնը»։ Նա նաև տեղեկացրել է, թե  Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը՝ գրելով․ «Ողջունում ենք Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու բրյուսելյան գործընթացի եռակողմ հանդիպումը»։

ԵՄ երկրներից Ալիևին շնորհավորել են Հունգարիայի, Խորվաթիայի, Բուլղարիայի ղեկավարները։

Ադրբեջանի նախանձելի միջազգային համբավը

Ադրբեջանի նախագահին ուղղված ջերմագին շնորհավորանքներով առանձնանում է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը․ «Ձեր ռազմավարական քաղաքականության և հանձնառության շնորհիվ Ադրբեջանը գրանցել է առաջընթաց սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում, ապահովել է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ու բարեկեցությունը, իսկ Ձեր երկիրը, դառնալով տարածաշրջանային առաջատար, նախանձելի համբավ է ձեռք բերել միջազգային ասպարեզում»։

Զելենսկին երախտապարտ է Բաքվին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բարձր է գնահատել «փոխադարձ աջակցությունը երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։

«Մենք երախտապարտ ենք Ադրբեջանին մեր պետության ազատագրական պայքարի պատմական ժամանակաշրջանում մարդասիրական և այլ օգնության համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Այլ երկրներ

Ալիևին շնորհավորած երկրների շարքում էին նաև Թուրքիան, Վրաստանը, Պակիստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մոլդովան, արաբական երկրներից՝ Քուվեյթը, Իրաքը, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Լատինական Ամերիկայից՝ Վենեսուելան և Նիկարագուան։

ԱՄՆ-ն կիսել է ԵԱՀԿ-ի քննադատությունը

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը, արձագանքելով Ադրբեջանում փետրվարի 7-ին անցկացված նախագահական արտահերթ ընտրություններին, կիսել է ԵԱՀԿ գնահատականները։

«Մենք կիսում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգություններն առ այն, որ նախագահական ընտրություններն անցել են սահմանափակող միջավայրում՝ իրական մրցակցության բացակայության պայմաններում»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը։

Նանե Մանասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող