- 13 Փետրվարի, 2024
- Արտաքին քաղաքականություն
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության դերը որոշակիորեն փոխվեց: Հաստատված նոր իրողություններում Իրանի շահերը կապված են տարածաշրջանային հաղորդակցության, տարածաշրջանում նոր ուժերի հայտնվելու հնարավորության և սեփական դիրքերը տարածաշրջանի ներսում ամրացնելու հետ: Փորձենք ինվենտարիզացնել և հասկանալ Իրանի նպատակները մեր տարածաշրջանում:
Տարածաշրջանային հաղորդակցություն
44-օրյա պատերազմն ավարտվեց 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ: Հայտարարության 9-րդ կետն ասում էր․
Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը պետք է ապաշրջափակվեն: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը պետք է իրականացնեն ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Բացի սա, կողմերի համաձայնությամբ, պետք է ապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը։
9-րդ կետի դրույթների շուրջ, սակայն, հայկական ու ադրբեջանական կողմերն այդպես էլ չպայմանավորվեցին: Նախ, Բաքվի մեկնաբանմամբ՝ Ադրբեջանը պետք է ստանար արտատարածքային միջանցք, որը իրար կկապեր Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ: Հայկական կողմը, հակառակը, անընդունելի էր համարում արտատարածքային միջանցքը՝ առաջարկելով փոխարենը սովորական ճանապարհ՝ մաքսային վերահսկողությամբ: Բացի դա, Հայաստանը շեշտը դնում էր 9-րդ կետի առաջին նախադասության վրա՝ տարածաշրջանային բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերը պետք է ապաշրջափակվեն: Այսինքն, Հայաստանն ակնկալում էր, որ պետք է ընթանան նաև բանակցություններ Ադրբեջանի տարածքով հայկական բեռների՝ երկաթուղու կամ ավտոճանապարհների միջոցով այլ երկրներ տեղափոխելու հնարավորության մասին:
2023 թ․ սեպտեմբերյան իրադարձություններից հետո, երբ Ադրբեջանը նոր ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ՝ լուծարելով այն և էթնիկ զտում իրականացնելով բնակչության նկատմամբ, 2020 թ․ նոյեմբերի 10-ի հայտարարությանն արվող հղումներն աստիճանաբար նվազում են, հայտարարության դրույթները, փաստացի, չեն գործում:
Այդուհանդերձ, և եռակողմ հայտարարության դրույթների շուրջ ակտիվ բանակցությունների շրջանում, և Ադրբեջանի կողմից Հայաստանից արտատարածքային միջանցք պահանջելու վերաբերյալ սպառնալից հայտարարությունների և ագրեսիայի ֆոնին, և ներկայիս իրավիճակում Իրանը մշտապես հանդես է գալիս միջանցքի գաղափարի դեմ: Իրանցի ամենատարբեր պաշտոնյաներ մշտապես հայտարարում են, որ իրենց համար անընդունելի է ոչ միայն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, այլև առհասարակ տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխություն:
Սակայն ո՞րն է Իրանի նման դիրքորոշման պատճառը: Ներկայում Ադրբեջանի երկու հատվածների միջև կապն իրականացվում է Իրանի տարածքով, որը, այդպիսով, որոշակի վերահսկողություն ունի այդ ճանապարհով անցնող բեռների վրա: Դա, իր հերթին, ազդեցության մեծ լծակ է Ադրբեջանի վրա, որի հետ Իրանի հարաբերությունները թեև բարիդրացիական են, բայց և զերծ չեն սուր անկյուններից:
Բացի դա, Իրանը շահագրգռված չէ տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակմամբ, քանի որ դրանով կնվազի իր դերը՝ որպես տրանզիտ երկիր, իսկ տարածաշրջանի մյուս երկրները, առաջին հերթին Հայաստանն ու Ադրբեջանը, կստանան լրացուցիչ մանևրայնություն և ինքնուրույնություն:
Այսինքն, տարածաշրջանի ճանապարհների բացվելու դեպքում կնվազի Հայաստանի կախվածությունն Իրանից, բացի դա՝ կնվազի նաև Իրանի ազդեցությունն Ադրբեջանի վրա, քանի որ այն կկորցնի Ադրբեջանի երկու մասերն իրար կապողի մենաշնորհային դիրքը:
Նոր ուժեր տարածաշրջանում
Իրանը լարված հարաբերություններ ունի ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ՝ պայմանավորված իր միջուկային ծրագրով: Բացի դա, իսլամական հանրապետությունը որպես իր արտաքին քաղաքական առաջնահերթություն է դիտարկում Իսրայել պետության վերացումը, ինչի պատճառով ևս լրջագույն խնդիրներ ունի քաղաքակիրթ աշխարհի ազդեցիկ ներկայացուցիչների հետ:
Վերը նշված պատճառներով Իրանը չափազանց ցավոտ է ընկալում տարածաշրջանում իր հակառակորդ երկրների ազդեցության մեծացումը: Հայաստանի դեպքում դա արտահայտվեց Ադրբեջանի՝ 2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիայից հետո տեղակայված ԵՄ դիտորդների վերաբերյալ զգուշավոր հայտարարություններով: Իսկ 2023 թվականին, երբ Հայաստան ժամանեցին ԱՄՆ զինվորականներ՝ մասնակցելու զորավարժությունների, Իրանը հանդես եկավ արտաքին գործերի նախարարության մակարդակով հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով այդ զորավարժությունների կապակցությամբ:
Այսպիսով, Իրանի շահերից չեն բխում Հայաստանում արևմտյան երկրների ազդեցության մեծացումն ու հատկապես ներկայությունը, և Թեհրանը փորձելու է հակազդել այդ ուղղությամբ բոլոր քայլերին: Բնականաբար, իսլամական հանրապետությունը նաև դեմ է լինելու Հայաստանի՝ Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացմանը:
Տարածաշրջանային ազդեցության մեծացում
Իրանում, հասկանալով Հայաստանի առաջ ծառացած անվտանգային մարտահրավերները և դե-յուրե դաշնակից Ռուսաստանից խորապես հիասթափված լինելը, փորձում են օգտագործել դրանք տարածաշրջանում սեփական ներկայությունն ու ազդեցությունը մեծացնելու համար:
Այսպես, պարբերաբար տարբեր պաշտոնյաների և այլ խոսնակների միջոցով ասվում է, որ Իրանը պատրաստ է ամեն կերպ օգնել Հայաստանին՝ լուծելու իր անվտանգային խնդիրներն ու պահպանելու խաղաղությունը տարածաշրջանում:
Ինչ նկատի ունեն իրանցիները սա ասելով՝ հրապարակավ չի հայտարարվում, սակայն ակնհայտ է, որ այդ առաջարկություններն արվում են ի հակադրություն Հայաստանի՝ այլ երկրների հետ ռազմաքաղաքական համագործակցության: Դրա վառ ապացույցն այն է, որ Իրանը պարբերաբար խոչընդոտներ է ստեղծում Հնդկաստանից Հայաստան զենքի տեղափոխման համար:
Չի բացառվում, որ Իրանը իրոք գործուն ջանքեր կարող է ձեռնարկել Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործում, սակայն դա կնշանակի նաև Հայաստանում իսլամական հանրապետության ներկայություն և այդ ներկայության շարունակական ամրապնդում, ինչը, իր հերթին, կսահմանափակի կամ առհասարակ կարգելափակի Հայաստանի շփումներն ու հարաբերությունները արևմտյան երկրների հետ:
Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ դատելով վերը նշված գործոններից՝ Իրանը շահագրգռված է տարածաշրջանում ներկայիս ստատուս քվոյի պահպանմամբ՝ առանց տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և առանց Հայաստանի համար երրորդ կողմերից տրված անվտանգության երաշխիքների:
Ավելին՝ այս ամենի ֆոնին պարզ է դառնում, որ Իրանը հավանաբար կցանկանար Հայաստանում ռազմական ներկայություն ունենալ: Իսկ որպեսզի Երևանն էլ ուզենա իրանական բանակ հրավիրել, անհրաժեշտ է, որ Հայաստանը չկարողանա ինքն իրեն պաշտպանել:
Հետևապես, Իրանին, այդ տրամաբանությամբ, ձեռք չի տալիս Հայաստանի բանակի հզորացումը և ռազմատեխնիկական համագործակցությունը այլ երկրների հետ: Եվ երևի հենց դա է պատճառը, որ Իրանի օդային տարածքը պարբերաբար փակվում է Հայաստան մատակարարվող հնդկական զենքերի համար:
Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»