- 21 Մարտի, 2024
- Հաղորդագրություններ
Այսօր՝ մարտի 21-ին, տեղի ունեցավ «Իրազեկ քաղաքացիների միավորման»՝ լրատվամիջոցների և մարզային հասարակական կազմակերպությունների համար հայտարարված ենթադրամաշնորհների մեկնարկի արարողությունը։
Դեռևս հունվարի 24-ին ԻՔՄ-ն, «Պետական գնումների հանրային վերահսկողության և հաշվետվողականության խթանում» ծրագրի շրջանակներում, հայտարարել էր մրցույթ լրատվամիջոցների և մարզային ՀԿ-ների համար՝ պետական գնումների հաշվետվողականության ու հանրային վերահսկողության բարձրացման նպատակով։
«Պետական գնումների հանրային վերահսկողության և հաշվետվողականության խթանում» ծրագիրը միտված է Հայաստանի Հանրապետությունում պետական գնումների համակարգի նկատմամբ հանրային վերահսկողության ուժեղացմանը և պետական գնումների թափանցիկության և հաշվետվողականության խթանմանը և իրականացվում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից՝ ՄԹ միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ:
Մրցույթի արդյունքում ընտրվել էին երեք կազմակերպություններ՝ «Դեղերի օգտագործման գիտական խումբ» ՀԿ-ն, «Ինֆորմացիան կոմիտե» տեղեկատվական ՀԿ-ն («Ինֆոքոմ») և «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ՀԿ-ն:
Ենթադրամաշնորհների մեկնարկի արարողությանը ելույթով հանդես եկավ ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ ողջունելով ծրագրին մարզային հասարակական կազմակերպությունների մասնակցությունը և հույս հայտնելով, որ ապագայում պետական գնումների տարբեր ոլորտներում նման նախաձառնություններով հանդես կգան ոչ միայն Լոռիի և Շիրակի, այլև այլ մարզերի քաղհասարակության կազմակերպությունները:
Մրցույթի հաղթող կազմակերպություններին ողջույնի խոսքով դիմեց Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Ջոն Գալագերը: «Լինելով պետական մարմինների թափանցիկությանը և հաշվետվողականությանը նպաստող կարևոր դերակատարներ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները մեծ դեր ունեն պետական գնումների համակարգը վերլուծելու և գնահատելու գործում: Այդ վերլուծությունների նպատակն է ապահովել պատասխանատվություն՝ հավատարիմ մնալու գոյություն ունեցող իրավական կարգավորումների պահանջներին, խրախուսել լավագույն փորձի կիրառումը, վերհանել գնումների գործընթացի թերությունները և բացերը, ինչպես նաև հանդես գալ լրացուցիչ լավարկումներ կատարելու առաջարկություններով»,- ողջույնի իր խոսքում ասաց դեսպանը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանն անդրադարձավ պետական գնումների հանձնման-ընդունման գործընթացի դյուրացմանը՝ ընդգծելով քաղհասարակության կողմից պետական գնումների համակարգի վերահսկողության և վերլուծության կարևորությունը՝ համակարգի արդյունավետության բարձրացման համար:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ «Պետական գնումների հանրային վերահսկողության և հաշվետվողականության խթանում» ծրագրի շրջանակներում հրապարակված՝ «ՀՀ պետական գնումների համակարգի հետազոտություն» մեկնարկային հաշվետվության հեղինակ, հանրային ֆինանսների փորձագետ Արտակ Քյուրումյանը՝ ներկայացնելով իր հետազոտության առանցքային կետերն ու պետական գնումների համակարգի՝ վեր հանված թերությունները:
Նշենք, որ ստացած ենթադրամաշնորհով «Դեղերի օգտագործման գիտական խումբ» ՀԿ-ն իրականացնելու է «ՀՀ մարզերում ապակենտրոնացված կարգով իրականացվող դեղերի պետական գնումների ուսումնասիրությունը և վերլուծությունը» ծրագիրը՝ Շիրակի մարզի օրինակի վրա հավաքելով և վերլուծելով ապացույցներ, որոնք կօգնեն օպտիմալացնել դեղերի ապակենտրոնացված պետական գնումները՝ որպես դեղերի հասանելիությանը և մատչելիությանը նպաստող գործիք:
«Ինֆոքոմը» իր «Երևան քաղաքի գնումները. կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություն և մատակարարվող ապրանք/ծառայության պայմանագրին համապատասխանելիության չափում» ծրագրի շրջանակներում ուսումնասիրելու է Երևան քաղաքի գնումները՝ հետևյալ երկու ուղղություններով՝ պոտենցիալ կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություն և կատարված գնումների արդյունավետ վերահսկողության չափում (արդյո՞ք գնված ապրանքը կամ ծառայությունը մատուցվել է պայմանագրով նախատեսված ժամկետներում, ծավալներով և որակով):
«Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ՀԿ-ն իրականացնելու է «Հանրային վերահսկողություն՝ որակի երաշխիք» ծրագիրը՝ նպատակ ունենալով խթանելու Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ալավերդի խոշորացված համայնքներում 2022-2023 թթ․ համայնքների զարգացմանը միտված սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների տեխնիկական առաջադրանքների պահպանումը: