- 7 Օգոստոսի, 2024
- Տնտեսություն և Էներգետիկա
«Պետական գնումների հանրային վերահսկողության և հաշվետվողականության խթանում» ծրագիրը, որը 2023 թվականից իրականացվում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի (ԻՔՄ) կողմից, ավարտվում է։ Ծրագիրն իրականացվել է Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման աջակցության շրջանակում ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ։
Ծրագրի շրջանակում պատրաստվել է «ՀՀ պետական գնումների համակարգի հետազոտության» վերջնական հավետվությունը։ Ավելի վաղ հրապարակվել էր «ՀՀ պետական գնումների համակարգի հետազոտության» մեկնարկային հաշվետվությունը, և միջանկյալ հաշվետվությունը, որում ներառված են եղել 2023 թ․ դեկտեմբերի 31-ից մինչև 2024 թ․ մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքները, այդ թվում՝ ՀՀ ֆինանսների նախարարությանն ուղղված առաջարկությունների փաթեթը:
Բացի այդ, ծրագրի շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարությանն ուղարկվել են մի քանի հարցումներ, իսկ ՀՀ օրենսդրությանը որոշ գործարքների համապատասխանությունը պարզելու նպատակով պաշտոնական պարզաբանման վերաբերյալ ուղարկվել են պաշտոնական պարզաբանման վերաբերյալ գրություններ: Ամփոփիչ զեկույցում ներկայացվել է, թե ինչպես է ԻՔՄ-ն իրականացրել պետական գնումների հանրային վերահսկողություն և փորձել է զարգացնել տեղական մի շարք հասարակական կազմակերպությունների գնումների գործընթացը մշտադիտարկելու գործընթացն ու կարողությունները։
Ծրագրի կարևորագույն ձեռքբերումը գնումների գործընթացը կարգավորող կառավարության 04․05․2017թ․ 526 Ն որոշման մեջ կատարված փոփոխություններն են, որոնցով էապես պարզեցվել են ՀԿ-ների ու ԶԼՄ ներկայացուցիչների կողմից գնման գործընթացի վերահսկողության մեխանիզմները։
«Պետական գնումների հանրային վերահսկողության և հաշվետվողականության խթանում» ծրագիր շրջանակներում գնումների ընդունման-հանձնման փուլին մասնակցելու և այն բարելավելուն միտված աշխատանքներ կատարելու նպատակով ԻՔՄ-ն ենթադրամաշնորհներ է տրամադրել մի քանի ՀԿ-ի, ինչպես նաև կատարել է գնումների համակարգի ցուցանիշների ընդհանուր ուսումնասիրություն։
Վերջնական հաշվետվության նպատակն է ներկայացնել ծրագրի իրականացման ընթացքում կատարված աշխատանքները, ուսումնասիրությունների արդյունքները, եզրակացությունները և ներկայացված առաջարկությունները։
Հետազոտությունը կարող է օգտակար լինել պետական գնումների ոլորտում հետաքննություններ իրականացնող լրագրողներին, պետական գնումների ընթացակարգերը մշտադիտարկող կազմակերպություններին և այլ հետաքրքրված անձանց:
«ՀՀ պետական գնումների համակարգի հետազոտություն» վերջնական հաշվետվությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: