«Հայկական էքսպանսիան» եվրասիական կառույցներում հույսեր չի ներշնչում

Այսօր` մայիսի 2-ին, իր պարտականությունների կատարմանն է անցնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նորանշանակ գլխավոր քարտուղար, Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը:

2015 թվականին համաձայն ռոտացիոն կարգի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պետք է նշանակվեր Հայաստանի ներկայացուցիչը, ինչը, սակայն, այն ժամանակ տեղի չունեցավ, հարցը հետաձգվեց մեկ տարով, իսկ 2016 թվականի աշնանը, երբ բոլորը սպասում էին, թե այդ պաշտոնը կարող է ստանձնել ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանը, հարցը նորից ձգձգվեց ու իր լուծումը ստացավ միայն այս տարվա ապրիլին:

Հայաստանի ներկայացուցչի նշանակումը միջազգային պաշտպանական կառույցի ղեկավար, անխոս, կարող է թվալ դարակազմիկ իրադարձություն, որից հետո օտար երկրներն այլևս չեն հանդգնելու կրակի տակ առնել ՀՀ բնակավայրերերը, իսկ ցանկացած նման ոտնձգություն արժանանալու է խիստ ու հասցեավորված քննադատության միջազգային կառույցի կողմից:

Իրականում, սակայն, եվրասիական ինտեգրացիոն կառույցների ղեկավար դեմքերը կատարում են զուտ կազմակերպչական գործառույթներ ու փաստացի չունեն իրական ազդեցության լծակներ: Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ու ՀԱՊԿ-ում գերիշխանությունը պատկանում է այդ կազմակերպությունների անդամ ամենախոշոր ու նախաձեռնող երկրին՝ Ռուսաստանին: Ըստ այդմ, Հայաստանի ներկայացուցիչը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ այդ կառույցների վրա:

Այդուհանդերձ, ստացվում է, որ ներկայում և´ ԵԱՏՄ-ում, և´ ՀԱՊԿ-ում առաջին դեմքերը Հայաստանի ներկայացուցիչներն են՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը: Ընդ որում, Տիգրան Սարգսյանը զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը 2015-ի դեկտեմբերից և ասել, թե ՀՀ նախկին վարչապետի պաշտոնավարումը որևէ կերպ նպաստել է հայկական շահերին, չի ստացվի:

Ավելի շատ դա օգտագործվել է որպես իմիջային ու քարոզչական գործիք՝ «Հայաստանը գլխավորում է ԵԱՏՄ ամենակարևոր օրգանը», «հայերը ԵԱՏՄ-ում առանցքային են» և այլ ձևակերպումներով: Անկասկած, նման «սպասելիքներ» կլինեն նաև Խաչատուրովի հետ կապված: Ավելին, Խաչատուրովի նշանակումը կարող է Հայաստանում պրո-եվրասիական քարոզչության համար լավ առիթ դառնալ:

Հայաստանում ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի հանդեպ վերաբերմունքը մեղմ ասած միանշանակ չէ, իսկ Սարգսյանի ու Խաչատուրովի պաշտոնավարումները կարող են ներկայացվել եվրասիական կառույցների «հայաֆիկացման», «հայկական էքսպանսիայի» լույսի ներքո, ինչը կարող է փոխել տրամադրություններն այդ կառույցների հանդեպ, անկախ այդ կառույցներից Հայաստանի քաղած իրական պտուղներից ու վնասներից:

Այնինչ, Խաչատուրովի պաշտոնավորումը մեծ հավանականությամբ կլինի աննկատ ու «հանգիստ», ինչպիսին էր նախկին քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավորումը, ում ձայնը հիմնականում լսելի չէր (կամ հազիվ էր լսելի) Հայաստանի համար իրական սպառնալիք հանդիսացող իրադարձությունների ժամանակ:

Անցած տարվա դեկտեմբերի վերջին, երբ Տավուշում կասեցվեց ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձը, այն ժամանակվա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդես եկավ հայտարարությամբ, որը ուղեկցվեց որոշակի սկանդալով՝ կապված հայտարարության տեքստի խմբագրման հետ: Չնայած հայտարարության փաստին, Հայաստանում այն միանշանակ չընդունվեց, քանի որ հայտարարությունը որևէ հասցեատեր չուներ ու մատնացույց չէր անում միջադեպի մեղավորին:

Ուշագրավ է, որ Խաչատուրովի նշանակման մասին հայտարարությունից հետո, ապրիլի 25-ին ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար միջպետկան նշանակության ճանապարհի վրա՝ փաստացիորեն այդկերպ դիմավորելով Խաչատուրովի նշանակումը: Ցավոք սրտի, ադրբեջանական նման սադրանքները պարբերական բնույթ են կրում ու Խաչատուրովի գործունեության ամենակարևոր ցուցիչը կլինի, թերևս, ՀԱՊԿ-ի արձքագանքը հաջորդ նման միջադեպին:

Վահե Ղուկասյան
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Առնչվող