Հաղորդագրություն Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում Գևորգ Քոչարյանի թեկնածությանն աջակցելու մասին

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» և Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի հաստիքի համար աջակցում են Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանի թեկնածությանը:

Ինչպես հայտնի է, այժմ անցկացվում է մրցույթ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի հաստիքի համար, որին հավակնում են Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը և Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը:

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և ՀՔԱՎ ղեկավար Արթուր Սաքունցը հանդես են եկել ՀՀ գլխավոր դատախազին ուղղված խորհրդատվական նամակով, որում, ի թիվս այլ արժանիքների, ընդգծում են Գևորգ Քոչարյանի թեկնածության հետևյալ հինգ առավելությունները․

1. Գևորգ Քոչարյանն ունի երեք բարձրագույն կրթություն, որոնցից երկուսը՝ ֆինանսական և իրավաբանական, տվյալ ոլորտի կոմպետենտության լավագույն մեկտեղումն են,

2. Գևորգ Քոչարյանն Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում է աշխատել դրա հիմնադրման օրվանից, առաջ է տարել ամենաբարդ ու հանրային հնչեղություն ունեցող գործերը, մասնակցել ոլորտի միջազգային փորձի ուսումնասիրություններին,

3. նախքան ներկայիս պաշտոնը Գևորգ Քոչարյանն ունեցել է թե՛ դատախազական և թե՛ տնտեսական ու հաշվապահական փորձաքննությունների իրականացման բազմամյա փորձ,

4. Գևորգ Քոչարյանի բարեվարքությունը և գաղափարական նվիրվածությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով վեր է որևէ կասկածից,

5. վերոնշյալ տնտեսագիտական և իրավաբանական գիտելիքների, հմտությունների և փորձառության, ինչպես նաև բարեվարքության արդյունքում Գևորգ Քոչարյանը փաստաբանների և դատավորների գնահատմամբ ճանաչվել է ոլորտի ամենաբարձր վարկանիշն ունեցող դատախազ։

Դանիել Իոաննիսյանի և Արթուր Սաքունցի համոզմամբ, Գևորգ Քոչարյանը կարող է ապահովել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցում հանրային բարձր ակնկալիքների իրականացումը:

Առնչվող