Պատերազմական հանցագործներ, ՀՀ-ում հեղաշրջման փորձի հետ առնչվողներ․ ովքեր էին ներկա Մոսկվայի շքերթին

2024 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում կայացավ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված ռազմական շքերթը, որին մասնակցում էին փոքրաթիվ երկրների առաջնորդներ, այդ թվում՝ նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Շքերթին հետխորհրդային երկրներից ներկա էին նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի նախագահները, ինչպես նաև Ռուսաստանի ռազմավարական գործընկերներից՝ Չինաստանի նախագահ Սի Ծին Փինը և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։

Ռուսաստանյան աղբյուրները շքերթին արձանագրել են Ուկրաինայում պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող զինծառայողների կամ նման հանցագործություններ իրականացրած ստորաբաժանումների վերադասների ներկայությունը․ վերջիններս շքերթի ընթացքում հիմնականում գտնվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձակայքում։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն բաց աղբյուրների հիման վրա ամփոփել է շքերթին մասնակցած այդպիսի անձանց ցանկը։

Խոշտանգման մեջ մեղադրվող «Պյատնաշկայի»  հրամանատարը՝ Պուտինի թիկունքում 

Այսպես, ռուսաստանյան ընդդիմադիր Дождь («Դոժձ») հեռուստաընկերությունը նկատել է, որ շքերթին Պուտինի թիկունքում նստած է բազմազգ Пятнашка («Պյատնաշկա») խմբավորման («Դոնեցկի 15-րդ բրիգադ») հրամանատար, ազգությամբ աբխազ Ախրա Ավիձբան։

Ախրա Ավիձբան՝ Պուտինի թիկունքում․ Լուսանկարը Дождь-ի ֆեյսբուքյան էջից։Ախրա Ավիձբան՝ Պուտինի թիկունքում․ Լուսանկարը Дождь ֆեյսբուքյան էջից։

Ավիձբան Դոնբասում ռազմական գործողություններին մասնակցում է դեռևս 2014 թվականից և հենց այդ ժամանակ էլ ստեղծել է իր «Պյատնաշկա» խմբավորումը․ Ավիձբան ունի ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության «Հերոսի» կոչում։

Ավիձբայի դեմ տարբեր ժամանակներում տարբեր մեղադրանքներով քրեական գործեր կան հարուցված․ օրինակ՝ 2021 թվականին վերջինս ձերբակալվել էր Աբխազիայում՝ անօրինական զենք պահելու մեղադրանքով։ Դատարանը նրան դատապարտել էր մի քանի տարվա պայմանական ազատազրկման և տուգանքի։

Նույն թվականին նրա նկատմամբ հետախուզում էին հայտարարել Ուկրաինայի իրավապահ մարմինները՝ Ուկրաինայի տարածքում ապօրինի ռազմական խմբավորում ստեղծելու ու ղեկավարելու մեղադրանքով։ Ըստ ուկրաինական իրավապահ մարմինների՝ վերջինս խոշտանգել ու բռնության է ենթարկել գերեվարված ուկրաինացի զինծառայողներին, ինչպես նաև զբաղվել է քաղաքացիական բնակչության ահաբեկմամբ։

Արդեն 2024 թվականին նրա դեմ հարուցվել է քրեական գործ նաև Ռուսաստանի Դաշնությունում՝ ռազմական ժամանակաշրջանում հրաման չկատարելու և ծառայության չներկայանալու մեղադրանքով։

«Պայտնաշկայի» «Արբատը» ու ՀՀ-ում հեղաշրջման փորձը 

«Պայտնաշկա» բազմազգ խմբավորման ստորաբաժանումներից է էթնիկ հայերից կազմված Арбат-ը (Армянский батальон, «Արբատ»)․ այն ստեղծվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում՝ 2022 թվականին։

Դրա հիմնադիրը ռուսաստանցի հայ Արմեն Սարգսյանն էր՝ «Գորլովսկի Արմեն» մականունով։ Վերջինս, նախքան 2025 թվականի փետրվարին Մոսկվայի բնակելի համալիրներից մեկում հարձակման հետևանքով զոհվելը, հետախուզվում էր Ուկրաինայի կողմից։

«Արբատի» օրհնությունը Եզրաս արքեպիսկոպոսի գլխավորությամբ․ Սարգսյանը՝ ձախից 2-րդը։ 

Նա մեղադրվում էր Ուկրաինայում ապօրինի զինված խմբավորումների կազմավորմանը մասնակցելու և ագրեսոր պետությանը օգնելու, ինչպես նաև Կիևի կենտրոնում սպանություններ կազմակերպելու համար։

Հատկանշական է, որ 2024 թվականի սեպտեմբերին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել էր Հայաստանում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու փորձ: Ըստ տեղեկությունների՝ հանցավոր խմբի անդամները հեղաշրջման նախապատրաստման համար հավաքագրված անձանց տեղակայել էին հենց «Արբատ» գումարտակի ռազմաբազայում։

Փաստացի, վարչապետ Նիկոլ Փաշինյանից մի քանի շարք այն կողմ նստած էր ՌԴ բանակի այն բրիգադի հրամանատարը, որը Հայաստանում հեղաշրջում իրականացնելու նպատակով խմբավորում էր վարժեցնում։

Պատերազմական հանցագործներն ու նրանց վերադասները՝ շքերթի պատվավոր հյուրեր

Ուկրաինայում պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող, սակայն ՌԴ կողմից «Հերոսի» կոչման արժանացած զինվորականները պատվավոր տեղ են զբաղեցրել շքերթի տարբեր հարթակներում։

Մասնավորապես՝ Дождь հեռուստաընկերությունը նույնականացրել է «Ստռունա» մականունով հայտնի ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գոլովինին․ վերջինս եղել է 2022 թվականին Մարիուպոլի վրա հարձակում գործած գումարտակներից մեկի հրամանատարը: Այդ հարձակումն ուղեկցվել էր խաղաղ բնակիչների շրջանում բազմաթիվ զոհերով։

«Ագենտսվո» գործակալությունը, որը նույնպես ուսումնասիրել է շքերթի խնդրահարույց հրավիրյալների ցանկը, արձանագրել է մայոր Արթուր Օռլովին, որը եղել է տանկային գումարտակի հրամանատար․ վերջինիս ենթակայության տակ գտնվող զինծառայողները, ըստ ուկրաինական իրավապահ մարմինների, խմբակային բռնաբարության են ենթարկել ուկրաինացի մի հղի կնոջ։

Ռաիլ Գաբդռախմանովը Ուկրաինայում կռվել է մոտոհրաձգային բրիգադում․ նա Ռուսաստանի «Հերոսի» կոչում է ստացել Սևերսկի Դոնեց գետի հունը բարձրացնելուն մասնակցելու համար, որի ընթացքում նրա վաշտը սպանել է 20 ուկրաինացի զինվորի։

Լուսանկարը՝ «Ագենտստվո» գործակալության կայքից․ ձախից աջ՝ Գոլովին, Օռլով, Գաբդռախմանով։ 

Հերոսի կոչում ունեցող Չալիմա Չուլդում-ուլը ծառայել է այն մոտոհրաձգային բրիգադում, որը, համաձայն Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի, 2022 թվականի մարտին եղել է Չեռնիգովի մարզի Յագոդնոյե գյուղում։

Այնտեղ ռուս զինվորները գյուղական դպրոցի նկուղում պատանդառել էին ավելի քան 350 խաղաղ բնակչի։

The New York Times-ին տեղացիներն ավելի ուշ պատմել էին, որ 28 օր պահվել են համակենտրոնացման ճամբար հիշեցնող պայմաններում և նկուղը լքել են մարտի 31-ին, երբ ռուսներն արդեն լքել էին գյուղը։ Թերթի աղբյուրները հայտնել են, որ այդ ընթացքում մահացել էր 10 պատանդ։

Հերոսի կոչում ունեցող մեկ այլ զինվորական՝ մայոր Բորիս Դուդկոն, եղել է տանկային ստորաբաժանումներից մեկի փոխհրամանատարը․ ըստ Reuters-ի՝ այդ ստորաբաժանումը, ամենայն հավանականությամբ, մասնակցել է 2022 թվականին Բուչայի սպանդին։

2022 թ․ մարտի 5-ից մինչև մարտի 30-ը ռուսական զորքերն օկուպացրել էին Կիևի մերձակա Բուչա քաղաքը։ Ուկրաինական զորքերի կողմից քաղաքն ազատագրելուց հետո հայտնաբերվել էին զանգվածային սպանությունների և խոշտանգումների բազմաթիվ ապացույցներ։ Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ Բուչայում սպանվել է առնվազն 458 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 9 երեխա։ Բազմաթիվ զոհեր հայտնաբերվել են փողոցներում՝ ձեռքերը կապված, աչքերը՝ փակված, գլխին՝ կրակոցի հետքերով։ Բացի այդ, հայտնաբերվել են զանգվածային գերեզմաններ, խոշտանգված և այրված մարմիններ։

Ըստ ուկրաինական դատախազության, սպանդը իրագործելու մեջ կասկածվում են հենց այն ստորաբաժանման ծառայողները, որում ծառայել է նաև Դուդկոն։

Լուսանկարը՝ «Ագենտստվո» գործակալության կայքից․ ձախից աջ՝  Չուլդում-ուլը, Դուդկոն։ 

Հիշեցնենք նաև, որ 2023 թվականի մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել՝ ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքից հարյուրավոր երեխաների ապօրինի տեղափոխման համար։

Նանե Մանասյան 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Առնչվող