- 3 Հունիսի, 2025
- Արտաքին քաղաքականություն, Հաղորդագրություններ

Այսօր՝ հունիսի 3-ին Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականությունների կոնֆերանսում ելույթ է ունեցել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ իրավաբան, փաստաբան Ռուզանա Ավագիմյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում հայերի նկատմամբ ինստիտուցիոնալացված ատելությանը, մեկուսացմանն ու թշնամանքին:
Իր խոսքում Ռուզաննա Ավագիմյանն ընդգծել է, որ Ադրբեջանում Ալիևի ներդրած հայատյացությունը հանգեցրել է սարսափելի գործելակերպի ադրբեջանցի զինյալների շրջանում:
Ռուզաննա Ավագիմյանի ելույթի տեքստը հայերեն թարգմանությամբ՝ ստորև:
«Հարգելի՛ պարոն նախագահող, հարգելի՛ մասնակիցներ,
Ցանկանում եմ անդրադառնալ Կովկասում ներառականության և երկխոսության լուրջ մարտահրավերներին՝ Ադրբեջանում հայերի նկատմամբ ինստիտուցիոնալացված ատելությանը, մեկուսացմանն ու թշնամանքին և դրանց անմիջական հետևանքներին մեր կյանքի վրա։
Իլհամ Ալիևի տասնամյակներ շարունակվող բռնապետությունն անողոքաբար և բացահայտորեն ատելություն և այլատյացություն է տարածել ազգային մակարդակով՝ միտումնավոր կերպով իր քաղաքացիներին հայատյաց բովանդակություն մատուցելով տարբեր միջոցներով, այդ թվում՝ անգամ մանկապարտեզի ծրագրերով, հեռուստատեսությամբ, սոցիալական մեդիայով՝ առանց տարբերակելու հայկական պետությունն ու հայկական ծագում ունեցող անձանց։
Նախագահ Ալիևը հաջողությամբ ներդրել է հայատյացությունը ադրբեջանական ազգային ինքնության մեջ։ Սա հանգեցրել է սարսափելի գործելակերպի ադրբեջանցի զինյալների շրջանում. թշնամու, այդ թվում՝ ոչ կոմբատանտների ականջները և մարմնի այլ մասերը համարվում են ավար և հաճախ կտրվում անգամ մահից առաջ, որպես խոշտանգման ձև։ Սա տարածված էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին տարիների բոլոր մարտական գործողությունների ընթացքում, ընդ որում՝ խոշտանգումներն ու սպանությունները հաճախ նկարահանվում և հպարտորեն տեղադրվում էին սոցիալական մեդիայում։
Ալիևը համաներում հայտարարեց բոլոր նրանց համար, ովքեր մասնակցել են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին, ինչը նշանակում է, որ մեղավորերին պատասխանատվության ենթարկելու անգամ հիպոթետիկ հնարավորություններ այլևս գոյություն չունեն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) կողմից և հատուկ ընթացակարգերով բացահայտված հանցագործությունների համար։
Ինչպես նախագահ Ալիևը հայտարարել է․ «Երիտասարդ սերունդը դաստիարակվել է հայրենասիրության, թշնամու նկատմամբ ատելության ոգով… Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում զոհվածների ճնշող մեծամասնությունը երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ են»։
Դուք սա անվանեցիք ձեզնից ապօրինի կերպով խլվածը հետ վերցնել։ Այժմ թույլ տվեք իրերն իրենց անուններով կոչել՝ ագրեսիվ պատերազմ, պատերազմական հանցագործություններ, ներառյալ՝ արտադատական սպանություններ (կամայական մահապատիժներ), ցեղասպան քաղաքականություն, ներառյալ՝ Լաչինի միջանցքի արգելափակումը՝ մարդկանց սովի և մահվան մատնելու նպատակով, համակարգային ատելության խոսք և խտրականություն, ռազմագերիների, կանանց, տարեցների և այլոց խեղումներ, խոշտանգումներ, մահացածների մարմինների պղծում։
Այստեղ դուք խաղաղություն և բարգավաճում եք առաջարկում։ Իսկ ի՞նչ կասեք այն 500,000 մարդու մասին, որոնց ստիպեցիք լքել իրենց տները, քանի որ նրանց արյունը ձերին չէր համապատասխանում։
Եզրափակելով՝ մեր ընդհանուր ապագայի համար մենք պետք է ապահովենք, որ ձևավորվող սերունդը չդատապարտվի ռազմատենչության հերթական ցիկլին, այլ ժառանգի մի ապագա, որտեղ կարող են սկսվել խաղաղությունը և իսկական հաշտությունը։ Սակայն այս հեռանկարը հեռու է՝ հաշվի առնելով Ալիևի ռեժիմի կողմից հայերի նկատմամբ խորապես արմատացած ատելությունը և բռնության մշտական փառաբանումը, իսկ «մեր հարևանների հետ կայուն խաղաղությունը, ներառականությունը, ներդաշնակությունը և բարգավաճումը» պարզապես գեղեցիկ բառեր են, գործողությունն է գերակա։
Բոլորիդ հրավիրում եմ մեր լրացուցիչ միջոցառմանը՝ այս հարցերն ավելի մանրամասն քննարկելու այսօր, անմիջապես այս սեսիայից հետո, ժամը 1:15-ին, 531 սրահում։
Շնորհակալ եմ խոսելու հնարավորության համար»: