- 26 Հունիսի, 2025
- Հաղորդագրություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտարարում է դրամաշնորհների փակ մրցույթ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների համար։ Մրցույթի նպատակն է խթանել պետական գնումների ոլորտում հաշվետվողականության բարձրացումն ու հանրային վերահսկողությունը։
Մրցույթն իրականացվում է «Պետական գնումների հանրային վերահսկողության և հաշվետվողականության խթանում» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ամրապնդել հանրային վերահսկողությունը պետական գնումների համակարգում և խթանել գործընթացների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում ՄԹ կառավարության աջակցությամբ։
Ծրագիրը շեշտադրում է գնումների համակարգում առկա խնդիրների վերհանումը (օրինակ՝ մոնիթորինգի, հետազոտության կամ հետաքննությունների տեսքով)՝ առաջարկելով հետևյալ թեմաները և դրանց հնարավոր համադրությունը.
- կոռուպցիոն ռիսկեր պարունակող գնումներն ու դրանց փոխկապակցվածությունը պաշտոնատար անձանց հետ,
- գնման հայտերի ու տեխնիկական առաջադրանքների միջոցով հակամրցակցային պայմանների առաջադրումը,
- հանձնման-ընդունման գործընթացում առաջացած խնդիրները ու գնումների անորակ արդյունքների բարձրաձայնումը,
- պատվիրատուների կողմից պայմանագրի կատարման հսկողության հետ կապված խնդիրները,
- գնումների պլանավորումից մինչև պայմանագրի կնքում ճանապարհին առաջացող օրենսդրական և ոչ օրենսդրական այլ խոչընդոտները,
- գնումների թափանցիկության հետ կապված խնդիրները:
Կողջունվեն համայնքային գնումների գործընթացին առնչվող, ինչպես նաև երիտասարդներից բաղկացած խմբերի հայտերը:
Դիմորդները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին․
- առցանց ներկայություն՝ գործող կայք, ներգրավվածություն սոցցանցերում,
- լրատվամիջոց լինելու դեպքում էթիկայի մեխանիզմների առկայություն և/կամ մասնակցություն ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնություններին,
- ակնկալվող ծրագրում ներգրավված անդամներից՝
-
- մեկը պետք է մասնակցած լինի 2025 թվականի հունիսի 21-22-ը «Իրազեկ քաղաքացիների միավորման» կազմակերպած «Պետական գնումների օրենսդրության զարգացումը և վերահսկողության մեթոդները» թեմայով սեմինար-թրեյնինգին,
- մեկը պետք է լինի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում պետական գնումների վերաբերյալ վերապատրաստում անցած երեք ուսումնառուներիցմեկը (նրանց CV-ները կից են):
Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն
Դրամաշնորհային ծրագրերի առավելագույն տևողությունը 4 ամիս է (2025 թ. հուլիսի 20-ից նոյեմբերի 20-ը), դիմելու վերջնաժամկետը` 2025 թվականի հուլիսի 7-ը (ներառյալ)։ Յուրաքանչյուր ծրագրի բյուջե չի կարող գերազանցել 3.9 միլիոն ՀՀ դրամը։
Մրցույթին դիմելու կարգը
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- լրացված հայտադիմում (ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ),
- ծրագրի մանրամասն բյուջե (ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ),
- կազմակերպության գրանցման վկայականի լուսապատճենը,
- վերջին երեք տարում իրականացրած ծրագրերի ցանկը` նշելով աջակցություն տրամադրած կազմակերպության անվանումը, ծրագրի տևողությունը և բյուջեն,
- լրատվամիջոց լինելու դեպքում՝ էթիկայի մեխանիզմների առկայության կամ ինքնակարգավորման մարմնի անդամակցության ապացույց:
Վերջնաժամկետ և կոնտակտներ
Հայտի ամբողջական լրացված փաթեթը խնդրում ենք ուղարկել [email protected] հասցեին։ Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2025 թվականի հուլիսի 7-ը (ներառյալ):
Յուրաքանչյուր դիմորդ կարող է ներկայացնել միայն մեկ հայտ: Կազմակերպչական հարցերի դեպքում խնդրում ենք գրել [email protected] հասցեին։
Ընտրության չափանիշներ և արդյունքներ
Մրցույթին ներկայացված հայտերը գնահատելու և ընտրելու նպատակով ԻՔՄ-ն ձևավորելու է ընտրող հանձնաժողով։ Մասնակցության հայտերը կգնահատվեն ըստ ծրագրի նկարագրության, տեխնիկական, ստեղծագործական չափանիշների, իրատեսականության և առաջարկվող բյուջեի։
«Պետական գնումների օրենսդրության զարգացումը և վերահսկողության մեթոդները» թեմայով 2025 թ․ հունիսի 21-22 կայացած սեմինար-թրեյնինգին մասնակցած անձ չներառող կամ ԻՔՄ-ում պետական գնումների մոնիտորինգի վերապատրաստում անցած անձ չներառող հայտերը չեն դիտարկվելու:
Հաշվի կառնվեն՝
- հայտի համապատասխանությունը, ներկայացված տեղեկությունների ամբողջականությունը, գործողությունների տրամաբանությունը, իրագործելիությունն ու ռիսկերի գնահատումը,
- ծրագրի բովանդակությունը, թեմաների արդիականությունն ու ստեղծագործական մոտեցումը, կառուցվածքը, ձևաչափը, առաջարկվող մեթոդաբանության համապատասխանությունը, լրատվամիջոցների դեպքում` նյութերի քանակն ու ընթերցումների կամ դիտումների կանխատեսվող քանակը,
- համապատասխան մասնագետների ներգրավվածությունը նախագծի իրականացման համար, այլ բաղադրիչների/ռեսուրսների առկայությունը,
- ծրագրի վրա աշխատողների շրջանում սեռերի հավասար ներկայացվածությունը,
- առաջարկվող ֆինանսական միջոցների և ժամկետների համապատասխանությունը ծրագրի բյուջեին և գործողություններին:
Մրցույթի չափանիշներին համապատասխանելուց բացի՝ լրատվամիջոցների դեպքում գնահատող հանձնաժողովը դիտարկելու է նաև լրատվամիջոցի խմբագրական անկախությունը, լրագրողական էթիկական չափանիշներին հետամուտ լինելը, ինչպես նաև ծրագրի թիմի հետ համագործակցության, փորձագետների հետ աշխատելու պատրաստակամությունը։
ԻՔՄ-ն ընտրական հանձնաժողովի հանձնարարությամբ կարող է առաջարկել դիմորդներին փոփոխություններ կատարել հայտերում, բյուջեում: Լրատվամիջոցի/ՀԿ-ի ներկայացուցիչը կարող է հրավիրվել լրացուցիչ հարցազրույցի։



