Ժողովրդավարության ամրապնդման օրակարգը Հայաստանում. Ֆորում 2025

Այս տարի ևս «Ժողովրդավարության հայկական ֆորումն» անցկացվեց բարձր մակարդակով՝ ՀՀ վարչապետի, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների, պետական բարձրաստիճան պաշտոնյաների, քաղհասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Միջոցառման շրջանակում ունեցան ևս երկու պանելային քննարկում։

«Նոր մոտեցումներ կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով երկրորդ պանելային քննարկմանը մասնակցեցին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» ծրագրերի ղեկավար Սյուզաննա Սողոմոնյանը, «Սիվիլնեթի» փաստերի ստուգման թիմի ղեկավար, հետաքննող լրագրող Անի Գրիգորյանը։

Քննարկումը կենտրոնացած էր արդարադատության և ժողովրդավարական համակարգերի թերությունների ու հնարավորությունների վրա։ Մասնակիցները շեշտեցին, որ կոռուպցիայի դեմ պայքարը հնարավոր չէ իրականացնել առանց համակարգային փոփոխությունների և նոր մեխանիզմների ներդրման։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադառնալով բարեփոխումների անհրաժեշտությանը նշեց․ «Արդյունավետ չի համարվում արդարատության համակարգը,  քանի որ նաև դատավարությունները տևական են, կարելի է ասել չավարտվող։ Մենք պետք է նվազագույնի հասցնենք այն գործոնները որոնք երկարացնում են դատական պրոցեսը»։

Դատական համակարգի խնդիրներից զատ, պանելային քննարկման ընթացքում ուշադրություն դարձվեց ժողովրդավարության կարևոր դերին։ Ըստ Արթուր Նահապետյանի՝ ժողովրդավարական համակարգի գործիքներն ու մեխանիզմները կարող են զգալիորեն դյուրացնել կոռուպցիայի դեմ պայքարը։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն իր խոսքում ներկայացրեց նաև Կոմիտեի գործառույթներն ու իրականացվելիք բարեփոխումները։

Ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը ոչ միայն ստեղծում են առողջ միջավայր պետական կառավարման համակարգում, այլ նաև մեծացնում են հանրային վերահսկողության հնարավորությունները։ Սա, իր հերթին, նվազեցնում է կոռուպցիոն երևույթների տարածման ռիսկերը և ձևավորում ավելի արդար ու պատասխանատու հասարակություն։

Քննարկումը մոդերացնում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Երրորդ պանելային քննարկումը կրում էր «Կուսակցությունների ֆինանսավորումն ու հիբրիդային վտանգները ընտրությունների նախաշեմին» խորագիրը։ Բանախոսներ էին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Մարիամ Գալստյանը, Ֆոլկե Բերնադոտե ակադեմիայի (FBA) Արևելյան Եվրոպայի երկրների բարեփոխումների ռազմավարության ծրագրի ղեկավար Կարլ Ֆրեդրիկ Բիրկոֆը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կրթական և ընտրական ծրագրերի տնօրեն Մարիամ Հովեյանը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ընդգծեց․ «Ներկայումս գործող կարգավորումների համաձայն կուսակցության հիմնադրամ մուտքեր կարող է կատարել միայն կուսակցությունը, ինչը զգալիորեն նվազեցնում է հնարավոր ռիսկերը։ Կուսակցության բոլոր բանկային մուտքերի և ելքերի ամփոփագիրը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»։ Ապա հավելեց, որ ընտրական գործընթացների ժամանակ խնդիրը ոչ թե գումար ծախսելն է, այլ այդ գումարների օգտագործումը հանցավոր նպատակներով, մասնավորապես՝ ընտրախախտումների համար։

Անդրադառնալով ոլորտի բարեփոխումներին՝ Մարիամ Հովեյանը նշեց․ «2024 թվականին ընդունված փոփոխությունները զգալիորեն բարելավեցին ոլորտը, և դրանց մշակման ընթացքում հաշվի են առնվել քաղաքացիական հասարակության առաջարկները։ Միևնույն ժամանակ, նա կարևորեց թափանցիկության սկզբունքի խնդիրը․ նախընտրական շրջանում ընտրողները, լրագրողները և քաղաքացիական հասարակությունը կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանում են միայն մեկ տարի անց։ Սա, ըստ նրա, վտանգավոր բաց է ստեղծում, քանի որ այդ ընթացքում հանրությունը չի տեղեկանում՝ արդյոք առկա է մեծ կապիտալի ազդեցություն, արտաքին ուժերի ֆինանսավորում կամ վարչական ռեսուրսների ներգրավում»։

ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Մարիամ Գալստյանը մատնանշեց նախընտրական շրջանում կուսակցությունների նվիրատուների հետ գործող բանկային գաղտնիքի սկզբունքը։ «Ի տարբերություն այլ հաշվետվությունների՝ այս ոլորտում անհրաժեշտ է ավելի խիստ վերահսկողություն և կանխարգելիչ մեխանիզմներ՝ հատկապես Կենտրոնական բանկի հետ համագործակցության շրջանակում։ Գալստյանի խոսքով՝ կուսակցությունների ֆինանսավորման հիմնական ռիսկերը կապված են կանխիկ գումարների հետ․ հենց այստեղ են կուտակվում ամենամեծ վտանգները, ուստի անհրաժեշտ են առավել արդյունավետ և հստակ կարգավորումներ»։

Կարլ Ֆրեդրիկ Բիրկոֆը կարևորեց քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման օրինական և թափանցիկ մեխանիզմների անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ կոռուպցիոն և չթույլատրելի ֆինանսական հոսքերը հաճախ դառնում են հիբրիդային վտանգների հիմնական աղբյուրը։ Նրա խոսքով՝ կուսակցությունները պետք է հստակ բացատրեն սեփական ֆինանսական միջոցների ծագումը, բացառեն կասկածելի բոլոր հոսքերը, քանի որ արտաքին ուժերի ֆինանսավորումներն ու անօրինական կապիտալի ներթափանցումները կարող են խաթարել ժողովրդավարական գործընթացները։

Քննարկումը մոդերացնում էր Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Ժերոմ Լեյրոն, ով նաև ամփոփեց ֆորումը՝ շնորհակալություն հայտնելով բանախոսներին և մասնակիցներին։ Նա ընդգծեց նմանատիպ քննարկումների կարևորությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացման օրակարգում։

Հիշեցնենք, որ ֆորումը մեկնարկել է դեռևս 2022 թվականից և արդեն ավանդույթ է դարձել Հայաստանի քաղաքացիական ու քաղաքական դիսկուրսում։

Ֆորումի գործընկերներն էին Ժողովրդավարության ազգային հիմնադրամը (NED) և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (DDF):

previous arrow
008A2892
next arrow

Առնչվող