- 7 Հոկտեմբերի, 2025
- Արտաքին քաղաքականություն, Հաղորդագրություններ
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին Վարշավայում անցկացվող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականության կոնֆերանսում ելույթ է ունեցել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի իրավաբան, փաստաբան Ռուզանա Ավագիմյանը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների համակարգային խախտումներին։
Իր խոսքում Ռուզաննա Ավագիմյանն ընդգծել է, որ անկեղծ երկխոսություն կամ ներառականություն չի կարող գոյություն ունենալ առանց բոլոր ռազմագերիների և անազատության մեջ պահվող քաղաքացիական անձանց ազատման և արդարադատության։
Ռուզաննա Ավագիմյանի ելույթի տեքստը հայերեն թարգմանությամբ՝ ստորև:
«Հարգարժա՛ն պատվիրակներ, մարդու իրավունքների փորձագետներ,
Այսօրվա ելույթով կանդրադառնամ Հարավային Կովկասում հաշվետվողականության աղետալի չափերի ձախողմանն ու միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների համակարգային խախտումներին։ Հիմնարար մարդասիրական նորմերից չշեղվելու սկզբունքը գործնականում դարձել է անիմաստ։
Human Rights Watch կազմակերպության զեկույցները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված բազմաթիվ գործերը մանրամասն նկարագրում են կամայական մահապատիժները (արտադատական սպանությունները), ծանր խոշտանգումներն ու անմարդկային նվաստացնող վերաբերմունքը, որոնց ենթարկվել են հայ ծառայողները և քաղաքացիական անձինք (ներառյալ տարեցները) ադրբեջանական կողմից ազատազրկման պայմաններում։ Անձամբ հանցագործների կողմից տարածված տեսանյութերը ցույց են տալիս մարտական գործողություններից դուրս (hors de combat) գտնվող զինծառայողների կամայական մահապատիժները։
Այլասերման մակարդակը հասել է մի կետի, երբ տեսագրվում են մահացածների մարմինների խեղումն ու պղծումը։ Զեկույցները մեջբերում են դեպքեր, երբ դիերը (ներառյալ՝ կանանց) մերկացվել են, նկարահանվել ու պղծվել (մարմնին փորագրությամբ) ռազմական տարբերանշաններով. սա մի բարբարոսական արարք է, որը Ժնևյան կոնվենցիաներով ծանր պատերազմական հանցագործություն է։ Այս փաստագրված հանցագործությունների հեղինակները հիմնականում վայելում են լիակատար անպատժելիություն, իսկ որոշների պարագայում առկա են անգամ ղեկավարության կողմից պարգևատրումների ապացույցներ, ինչը ցույց է տալիս, որ դրանք առանձին դեպքեր չեն, այլ՝ պետության կողմից հանդուրժվող գործողություններ։
Պատերազմից 5 տարի անց Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիների, չի վերադարձնում քաղաքացիական անձանց և նախկին քաղաքական գործիչների՝ հաճախ մերժելով նրանց կարգավիճակի ճանաչումը՝ Ժնևյան կոնվենցիաներին համապատասխան։
Մարտադաշտից դուրս մարդու իրավունքի խախտումները բացահայտում են էթնիկ խտրականության և ատելության ինստիտուցիոնալացված խոսքի ավելի խորը, համակարգային քաղաքականություն։
Արդարադատության միջազգային դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառել են միջանկյալ միջոցներ։ Այսպես, ըստ Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշման՝ Ադրբեջանը պետք է ապահովեր անխափան անցում Լաչինի միջանցքով։ Այս ակտը, սակայն, անտեսվել է Ադրբեջանի կողմից՝ հանգեցնելով հումանիտար աղետի, որը վերաճեց Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 հայերի հարկադրական տեղահանությանն ու էթնիկ զտմանը։ Այս արարքը կյանքի իրավունքի և խոշտանգումներից ազատ լինելու իրավունքի կոպիտ խախտում է։
Այս անհերքելի ապացույցների առջև մենք չենք կարող թաքնվել չեզոք լեզվի հետևում։ Անկեղծ երկխոսություն կամ ներառականություն չի կարող գոյություն ունենալ առանց բոլոր ռազմագերիների և անազատության մեջ պահվող քաղաքացիական անձանց ազատման և արդարադատության։
Շնորհակալ եմ»։




